Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն
Հայացք Հայաստանից Հայ-ռուսական հարաբերությունները տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների լույսի ներքո Լիլիթ Վարդանյան |
Լիլիթ Վարդանյան
Գիտությունների թեկնածու՝ Փարիզ-8 համալսարանի Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտում |
Վերջին հինգ տարիները Հայաստանի համար նշանավորվեցին ներքին քաղաքական և արտաքին աշխարհաքաղաքական մի շարք փոփոխություններով։ Այս ընթացքում երկիրն ապրեց սոցիալ-քաղաքական ցնցումներ, Սահմանադրության և քաղաքական համակարգի փոփոխություն, առ֊ճակատվեց ռազմակական գործողությունների վերսկսմանը Արցախում, ընդունեց սիրիական պատերազմի փախստական հազարավոր հայրենակիցների, կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներ, վերանայվեցին արտաքին ռազմավարական գերակայությունները։ փորձենք քննարկել այս անհանգիստ համատեքստում Հայաստանի և իր ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունները:
Հայ-ռուսական հարաբերությունների մի քանի ընկալումներ
Չնայած «փոխլրացնող» արտաքին քաղաքականության ընտրությանը՝ միջազգային ասպարեզում Հայայաստանը հաճախ ներկայացվում է որպես Ռուսաստանի հավատարիմ «արբանյակ»։ Մինչդեռ, այս պիտակավորումը շատ վատ է ընկալվում հայերի կողմից (ի դեպ, ինչպես Ռուսաստանի «արբանյակի» պիտակ ստացած ցանկացած այլ հետխորհրդային երկրի կողմից)։ Այն շատ պրիմիտիվ է և ցուցադրում է հայ-ռուսական հարաբերությունների նրբությունների ըմբռնման բացակայություն։
Առանց խորանալու երկու երկրների դարավոր մշակութային կապերի պատմության մեջ՝ նշենք պարզապես, որ, ի տարներություն իրենց հարավկովկասյան հարևանների՝ հայերը երբեք թշնամանք չեն ունեցել Ռուսաստանի հանդեպ՝ չնայած ընդհանուր պատմության որոշ վիճելի ժամանակահատվածների։ Ընդհակառակը, «փրկչի» կերպարը երկար ժամանակ դաջված է մնացել Ռուսաստանի մասին հայերի պատկերացումների մեջ։ Այսօր էլ Ռուսաստանն իր ռազմաբազաներով ներկայացվում է որպես երկրի անվտանգության միակ երաշխավորը, հատկապես հարևան ռազմատենչ, հայերին թշնամի հռչակած Ադրբեջանի և ազգայնական, անհանդուրժող և անկանխատեսելի Թուրքիայի ներկայության պարագայում։
Հայ-ռուսական հարաբերությունների նմանատիպ ընկալումը հաճախ հիմնվում է այն փաստարկների վրա, որ էական բնական պաշարներից զուրկ փոքրիկ հանրապետութունն իրականում անհետաքրքիր է արևմտյան երկրների համար, նույնիսկ որպես հարավային միջանցքի տարանցիկ գոտի՝ ելնելով նրանից, որ երկրի արևելյան և արևմտյան սահմանները փակ են թուրք-ադրբեջանական բլոկադայի հետևանքով։ Այնինչ, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ավելի արժեքավորված է հյուսիս-հարավ առանցքի վրա, այսինքն՝ ռուսական և իրանական շահերի համար։ Ռուսաստան-Արևմուտք առճակատման լույսի ներքո նկատելի է հարավկովկասյան «աշխարհաքաղաքական խաչի» տեսության վերակենդանացումը, որը մոռացվել էր 2010 թ.-ի ռուս-ամերիկյան հարաբերական մերձեցումից և Իրանի հանդեպ սանկցիաների վերացումից հետո։
Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջանակապես խզելու կողմնակիցները հաճախ քննադատության են ենթարկում ընկալման այս տիպը։ Որպես կանոն արևմտամետ խմբի ներկայացուցիչները մեղադրում են Ռուսաստանին, երբեմն կուրորեն, Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ, և քննադատում երկրի իշխանություններին Հայաստանի ապագան Ռուսաստանի «քմահաճույքին» թողնելու մեջ՝ վկայակոչելով մասնավորապես հայկայան ռազմավարական նշանակության օբյեկտների վաճառքը Ռուսաստանին, ինչպես օրինակ ՀայՌուսգազարդ-ը, որ դարձավ Գազպրոմ Հայաստան։ Ըստ այս խմբի, Վրաստանի օրինակով եվրոպական կառույցներին ինտեգրումը լավագույն լուծումը կլինի Հայաստանի համար։
Սակայն այս երկու բևեռացված ընկալումներն այսօր փոքարամասնություն են։ Կարևոր է նկատել, որ Հայաստանի ազգային շահը և քաղաքական ու տնտեսական հավասարակշտված հարաբերություններ զարգացնելու կամքը լայնորեն գերակշռում են ինչպես հասարակության ստվար հատվածի, այնպես էլ քաղաքական և ինտելեկտուալ էլիտայի շրջանակներում։ Իսկ ինչ վերբերում է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, իհարկե թուրք-ադրբեջանական շրջափակումն ունի «մեղքի» իր բաժինը, բայց ժողովուրդը տեսնում է նաև ներքին քաղաքական խնդիրները, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը և բնակչության մի մասին մղում դեպի արտագաղթ։
Ռուսաստանի «պաշտպանիչ» կերպարիդեգրադացիան
Ի թիվս այլ պատճառների, հայ-ռուսական հարաբերությունների այս հավասարակշռված ընկալումը նաև հայ բնակչության շրջանում Ռուսաստանի «պաշտպանիչ» կերպարի դեգրադացիայի արդյունքն է։ Հատկապես նոր սերունդը, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, քաղել է պատմության անհրաժեշտ դասերը և պայքարում է հատուցման և ուժեղ Հայաստանի համար՝ անցյալում թողնելով ջարդերի, հալածանքների և ցեղասպանության ցավոտ էջերը։ Հայրենասեր, խելացի և պոլիգլոտ այս սերունդը պահանջկոտ է և չի հանդուրժում հիասթափություններ։ Այնինչ, Մոսկվան բավական երկար ժամանակ անտեսել է այս սերունդը՝ նախընտրելով աշխատել բացառապես հայկական իշխանությունների հետ և առանց վարանելու օգտագործել իր տրամադրության տակ եղած քաղաքական և տնտեսական լծակները։ Այսպես, վերջին տարիներին մայրաքաղաք Երևանը ցնցած սոցիալ-քաղաքական ցույցերը, որոնց ակտիվ զանգվածը հենց երիտասարդությունն էր, հաճախ ներկայացվում էին ռուս հետազոտողների կողմից որպես արևմտյան հասարակական կազմակերպությունների պրովոկացիաներ, որոնց նպատակը, ըստ նրանց, Վրաստանի և Ուկրաինայի օրինակով Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելն էր։ Չնայած դեռևս դժվար է վերջնական սպառիչ բնութագիր տալ այդ ցույցերին, այնուամենայնիվ ռուս մասնագետների մեծ մասի կողմից դրանց պատճառների արհեստական նվազեցումը արևմտյան սադրանքների մակարդակին խոսում է երկրի իրական խնդիրների գիտակցումը մերժելու մասին։
Մյուս կողմից, ամենամեծ հիասթափությունը Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը դարձավ։ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով, հայ զինվորի համար հոգեբանական խնդիր է, երբ իր դեմ կռվում են ռուսական զենքով։ Մինչդեռ ռուսական կողմը փորձում էր հանգստացնել հայերին՝ բերելով երեք հիմնական փաստարկներ. սա միայն բիզնես է, C-300 հակահրթիռային համակարգերը ռազմավարական առավելությունը հայկական կողմի ձեռքում են թողնում, և վերջապես Ռուսաստանը, զբաղվելով վաճառված զինատեսակների տեխնիկական պահպանմամբ և մատակարարմամբ կկարոխանա ավելի լավ վերահսկել դրանց օգտագործումը։ Սակայն միայն 2016 թ.-ի ապրիլի արցախյան պատերազմի ընթացքում այս զենքերի օգտագործումից հետո է, որ Ռուսաստանում առաջին քննարկումները նախաձեռնվեցին Ադրբեջանին զենքի վաճառքի նպատակների և հետևանքների մասին։
2015 թ.-ի հունվարին տեղի ունեցած մեկ այլ ողբերգական իրադարձություն նոր հարված հասցրեց Ռուսաստանի «պաշտպանիչ» կերպարին։ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի կողմից առաջ բերեց ինքնաբուխ ցույցերի ալիք Գյումրիում և Երևանում, որոնց հիմնական պահանջը Պերմյակովին հայկական դատին հանձնելն էր։ Ստեղծված իրավիճակում կրկին հանրային քննարկման առարկա դարձավ Գյումրիի ռազմաբազայի նպատակահարմարության հարցը՝ ելնելով նրանից, որ տեղակայված ռուսական ռազմական ուժերը հանդիսանում են միայն Հայաստանի և ոչ նաև Արցախի անվտանգության երաշխիք։ Հիշեցնենք, որ դեռևս 2010 թ.-ի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ռուսական ռազմաբազայի վարձակալության պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2044 թ.-ը։ Նույն երկակիությունը առկա է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), որ համարվում է ԱՊՀ ռազմական թևը, և միավորում է Հայաստանին, Ռուսաստանին, Բելոռուսին, Ղազախստանին, Տաջիկստանին և Ղրղզստանին։ Այն դեպքում երբ կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամների անվտանգությունը երրորդ երկրի հարձակումներից, ՀԱՊԿ-ը շարունակում է լռել անգամ Հայաստանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների դեպքում: Միայն 2016 թ.-ի դեկտեմբերի վերջին Տավուշի շրջանի Չինարի գյուղ ադրբեջանական ներթափանցման փորձից հետո է, որ 2003 թ.-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ադրբեջանական այս սադրանքը քննադատող հաղորդագրություն տարածեց։ Երևանը ողջունեց այս երկար սպասված արդար դիրքորոշումը, որը վրա հասավ գլխավոր քարտուղարի երկարատև պաշտոնավարման ավարտին միայն։ Նրա իրավահաջորդության հարցը, սակայն, խորը ճգնաժամի մեջ դրեց ՀԱՊԿ-ը։ Բանն այն է, որ որոշում էր կայացվել կազմակերպության նախագահության օրինակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ևս ռոտացիոն դարձնել, որպեսզի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունենան զբաղեցնել այդ պատասխանատու դիրքը։ Որոշումն ուժի մեջ էր մտնելու 2017 թ.-ի հունվարից և այբբենական կարգի համաձայն, Հայաստանի ներկայացուցիչը առաջինը պետք է զբաղեցներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նշանակման մասին, որոնք սակայն վերջինս հերքեց ավելի ուշ։ Սակայն կոնսենսուսի բացակայության պայմաններում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը շարունակում է հետաձգվել։ Դրան դեմ են հատկապես Ղազախստանը և Բելոռուսը։ Մասնագետները մատնանշում են հատկապես նախագահներ Լուկաշենկոյի և Նազարբաևի մտերիմ հարաբերություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս երկու երկրները, որոնք Հայաստանի գործընկերներն են նաև Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում, բացեբաց հակահայ դիրքորոշումներ են ընդունում (ինչպես բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանելու Բելոռուսի իշխանությունների որոշումը) և բարեկամության անդադար կոչեր անում այս ռազմավարական դաշինքներից ոչ մեկի անդամ չհանդիսացող Ադրբեջանին։ Սա իր հերթին հայ հասարակության շրջանում հարցականի տակ է դնում նման երկրների հետ ռազմավարական դաշինքների մեջ մնալու նպատակահարմարությունը ՝ վնասելով նաև Ռուսաստանի շահերին, քանի որ վերջինս այդ դաշինքների ստեղծման նախաձեռնողներից մեկն է։
Ստեղծված պայմաններում ռուս փորձագետների մի փոքր խումբ ռուսական իշխանություններին և հետազոտողներին զգուշավորության կոչեր է անում։ Դրանք հիմնականում հանրային դիվանագիտությամբ զբաղվող ռուսական կազմակերպությունների և հիմնադրամների («ФондГорчакова», «Креативнаядипломатия») փորձագետներն են, որոնք վերջին տարիներին ակտիվորեն աշխատում են Հայաստանում և սկսում են նկատել այս մարտահրավերները, որոնց Ռուսաստանը ստիպված կլինի դիմակայել վաղ թե ուշ։ Այնուամենայնիվ, վերջիններիս մարտավարությունը դեռևս հեռու է ամերիկացի փորձագետ Ջոզեֆ Նայի առաջարկած «փափուկ ուժի» հայեցակարգից։ Մինչև օրս այս հարցում Մոսկվան շեշտը դնում է ռուս և հետխորհրդային հասարակությունների համատեղ ավանդական արժեքային համակարգի, Ցարական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում ապրած ընդհանուր պատմության և մշակութային կապերի հիշեցման վրա։ Նման ձևով կարծես փորձ է արվում առաջ մղել հետխորհրրդային հասարակությունների՝ «ռուսական աշխարհին» պատկանելիությունը՝ կանխարգելելով միաժամանակ մրցակից քարոզչության ազդեցությունը նրանց վրա։
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի մասնակցության մարտահրավերները
Այսպիսով, վերոնշյալ տարրերի կուտակումը նվազեցնում է Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության վստահությունը, ինչն էլ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ հենց իր՝ Ռուսաստանի համար երկարատև կոնտեքստում։ Մինչդեռ առեղծվածորեն հայ հասարակական կարծիքը շարունակում է դեռևս հարմարվողական մնալ։ Իշխանություններն իրենց հերթին փորձում են թույլատրելիության սահմաններում պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարել՝ երկրի անվտանգությունն ու զարգացումը ապահովվելու համար։ 2013 թ.-ին մերժելով ստորագրել ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը և առավելություն տալով եվրասիական տնտեսական կառույցներին՝ Հայաստանը կատարեց պրագմատիկ և ռազմավարական քայլ։ Այսօր հետ հայացք նետելով 2013 թ.-ի իրադարձություններին, աչքի առաջ ունենալով հատկապես ուկրաինական դեպքերի զարգացումները՝ կարելի է ասել, որ կատարված ընտրությունը թերևս լավագույնն էր Հայաստանի համար։ Այդպիսով երկիրը կարողացավ քիչ թե շատ շահեկան դուրս գալ ստեղծված նուրբ իրավիճակից, ուր նա հայտվնել էր ռուս և արևմտյան շահերի բախման կիզակետում։ Իրավիճակն էլ ավելի անհեթեթ էր թվում՝ ելնելով նրանից, որ և¢ Ռուսաստանը, և¢ ԵՄ-ն մեղադրում էին միմյանց Արևելյան գործընկերության երկրներին ուրիշ ընտրություն չթողնելու մեջ։ Այսպես, եվրոպական կողմը մեղադրում էր Ռուսաստանին Հայաստանի և Ուկրաինայի նախագահների վրա ճնշում գործադրելու մեջ՝ վերջիններիս ուշադրությունը դեպի Մաքսային միություն գրավելու համար։ Ինչին ռուսական կողմը պատասխանում էր, որ պարտավոր է պաշտպանել ապագա ԵՏՄ-ն և տեղական արտադրողներին եվրոպական էժան ապրանքներից, որոնք կարող էին եվրասիական շուկա ներթափանցել, եթե Հայաստանը կամ Ուկրաինան ստորագրեին Ասոցացման պայմանագիրը։ Սակայն ինչքան էլ տրամաբանական թվա նման պատասխանը, ակնհայտ էր, որ Մոսկվային անհանգստացնում էր ոչ միայն իր տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական շահը. անհրաժեշտ էր հատկապես արգելել եվրոպական ներկայության ապրապնդումը ռուսական կենսատարածքում։
Եվ իսկապես, հետխորհրդային տարածքի, այդ թվում և Հարավային Կովկասի խորհրդանշական դերը Ռուսաստանի համար սովորաբար թերագնահատվում է՝ հօգուտ վերջինիս անվտանգության և տնտեսական շահերի։ Մինչդեռ, ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական ինքնության փնտրտուքը, ինչպես նաև Սովետական միության և Ցարական կայսրության վաղեմի հզորությունը վերագտնելու ցանկությունը նույնքան որոշիչ դեր ունեն ռուսական աշխարհաքաղաքական որոշումների ընդունման վրա, որքան և հզոր տնտեսության և անվտանգ երկրի հրամայականները։ Հիշեցնենք, որ 2000 թ. Վլադիմիր Պուտինի նախագահական առաջին մանդատի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանի միջազգային գերտերության կարգավիճակի վերադարձի հարցն էր, որպեսզի երկիրը հարգված լինի միջազգային ասպարեզում և հավասարի պես դիտվի մյուս համաշխարհային գերտերությունների կողմից։ Դեռևս 1990-ականների սկզբներին Բորիս Ելցինի առաջին արևմտամետ վարչակարգը, համոզված, որ խորհրդային ժառանգությունը և ծայրամասային հանրապետությունները դանդաղեցնում են ռուսական պետության արդիականացումը, Ատլանտյան դաշինքի և ԱՄՆ-ի հետ մերձեցման արտաքին քաղաքական կուրս էր ընտրել։ Այդպիսով նորաստեղծ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները ստորադասվեցին ռուսական նոր իշխանությունների առաջնային նպատակին, այն էր՝ միանալ աշխարհի «քաղաքակիրթ» ազգերին։ Սակայն բացառապես արևմտամետ ուղղվածությունը ցանկալի արդյունքները չտվեց։ Ոչ միայն Ռուսաստանը չէր դիտվում որպես ԽՍՀՄ մակարդակի հզոր պետություն, այլ նաև կորցնում էր իր ազդեցությունը հետխորհրդային տարածքի տնտեսական և քաղաքական գործընթացների վրա։ Հետևաբար Մոսկվան բավականին արագ վերանայեց իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ ուշադրությունը կենտրոնացնելով «մերձավոր արտասահմանի» վրա։ Վլադիմիր Պուտինի հետագա նախագահական մանդատների ընթացքում շեշտը դրվեց եվրասիական գերտերություն դառնալու հավակնությունների վրա։
2000-2008 թթ. Ռուսաստանը փնտրում էր գերտերություն լինելու իր կարգավիճակի ճանաչումը՝ հիմնականում ընդդիմանալով արևմտյան քաղաքական գլխավոր ուղենիշներին և ներկայանալով աշխարհին որպես ամերիկյան գերտերության ճշմարտանման այլընտրանք։ Այսօր, սակայն, հպարտ միջազգային ասպարեզում իր ձեռքբերումներով, Մոսկվան այլևս չի հայցում գերտերության իր կարգավիճակի ճանաչումը, այլ ինքն իրեն ներկայացնում է որպես բազբաբևեռ աշխարհի բևեռներից մեկը։ Հատկանշական է, որ «ինքնավստահության» այս ձեռքբերումը կատարվեց մեծամասամբ հետխորհրդային տարածքում, որտեղից էլ այս տարածքի սիմվոլիկ նշանակությունը Մոսկվայի համար։ Ուժի առաջին ցուցադրությունը 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմն էր։ Դրանից հետո Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ Մոսկվան ավելի ակտիվ դեր ստանձնեց ղարաբաղյան կարգավորման գործում՝ իր հովանու ներքո բազմաթիվ հայ-ադրբեջանական երկկողմանի հանդիպումներ կազմակերպելով։ Ղրիմի անեքսիան, եվրոպական երկրների և ԱՄՆ դեմ փոխադարձ սանկցիաների կիրառումը, Սիրիայում ռազմական միջամտությունը ևս կարելի է դիտել ուժի ցուցադրության այս համատեքստում։
Այսպիսով, ԽՍՀՄ փլուզումից և անկախության հռչակումից հետո Հայաստանը միշտ էլ փորձել է, հնարավորության սահմաններում, հավասարակշռել տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունները Ռուսաստանի, եվրոպական երկրների, ԱՄՆ և Իրանի միջև։ Բայց տարածաշրջանային աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի «հավատարմության» պահանջները մանևրելու մեծ հնարավորություններ չեն տալիս՝ ստիպելով երկրի անվտանգության գերակայությամբ թելադրված արտաքին քաղաքական ընտրություններ կատարել։ Միևնույն ժամանակ, այս անելանելի իրադրությունը և Հայաստանի հանդեպ ռուսական անզգույշ քաղաքականությունը նվազեցնում են հայ հասարակության վստահությունն իրենց ավանդական ռազմավարական դաշնակցի նկատմամբ՝ լուրջ մարտահրավերներ առաջացնելով նաև Ռուսաստանի համար։