Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Փոփոխվող Հասարակություն, անփոփոխ Քաղաքականություն

 
 
 

Հայացք Թուրքիայից

 

Փոփոխվող Հասարակություն, անփոփոխ Քաղաքականություն

Կարին Կարակաշլը

 

 
Կարին Կարակաշլը

Ակոս շաբաթաթերթի խմբագիր

Խոսք չկա պատմելու Հրանտ Դինքի հետ միասին գրելուց, Հրանտ Դինքի հիշատակի համար գրելու անցման փուլի անտանելի վիճակի մասին: Նրա սպանությունից վեց տարի անց ոչինչ չի փոխվել իմ այդ զգացողությունից: Մի կողմից, երբ կյանքն է հոսում, որպես ամենամեծ ժառանգություն՝ իմ ուսերին նստեց շարունակել նրա մաքառումը խաղաղության համար:

Հրանտ Դինքի անունը Թուրքիայում եւ աշխարհում արձագանքեց որպես 2007-ի հունվարի 19-ին իր թերթի՝ «Ակոս»-ի առաջ սպանված հայ լրագրող: Պահի բեկումնային նշանակությունը պատմել կարողանալու համար անհրաժեշտ է նրա անձի միջոցով հայացք գցել թերթի հիմնադրումից մինչ այդ ժամանակահատվածն ընկած 10 տարվա եւ 2007-ից հետո ապրվածների վրա:

«Ակոս»-ը, որ Թուրքիայի առաջին թուրքերեն-հայերեն թերթն է, հիմնադրվեց 1996-ի ապրիլին, Հրանտ Դինքի խմբագրապետությամբ: Այդ շրջանում Պոլսի Հայոց պատրիարքության ու PKK-ի միջեւ աղերսներ ստեղծելու ուղղությամբ սադրիչ հրատարակություններ էին կատարվում, «հայ» բառը գնալով վերածվում էր հայհոյանքի, եւ պետության փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը, մասնավորապես՝ փոքրամասնությունների հաստատությունների կալվածքները ստանալու անկարողության հարցը ստեղծում էր մի քայքայում, որի մասին ուղղակիորեն հասարակությանը պատմելը դարձել էր թերթի հիմնական սկզբունքը: Սրան գումարվեց 1915-ից հետո դպրոցների ու հայ բնակչության բացակայության հետեւանքով Անատոլիայից Ստամբուլ կամ արտասահման գաղթած եւ իր մայրենի լեզուն չսովորած հայերին տեր կանգնելու անհրաժեշտությունը: Սրա նպատակն էր՝ ապահովել միասնությունը Թուրքիայի հայ հասարակության միջեւ, որ առանց պետական օժանդակության պարտավոր է պահել իր դպրոցները, եկեղեցիներն ու միությունները:

Ինչպես ամեն նոր հաստատության պարագայում է լինում, «Ակոս»-ի հիմնադրության տարիները նույնպես անցան ինքնություն որոնելու ու ստեղծելու աշխատանքով: Առաջին շրջանի նպատակներին ավելացան Թուրքիա-Հայաստան երկխոսությանը նպաստելը, հօգուտ Հայկական հարցի մի նոր խոսելաոճ ստեղծելը, փոխադարձ տեղեկատվության փոխանակումը, մտքի ու արտահայտման ազատությունը, Եվրամիության գործընթացի շրջագծով Թուրքիայի ժողովրդավարացումը եւ նման բովանդակալից նյութեր: Եկել էր մի պահ, երբ Հրանտ Դինքի որոշած խորագիրը ոչ թե մի դեպքի մասին էր տեղեկացնում, այլ հենց ինքն էր որոշում երկրի օրակարգը:

«Թրքահայությունն առաջին անգամ նրանով դարձավ այսքան նկատելի»

Պետական այն միջոցառումների, որոնք Թուրքիայի բնակիչ հայերի մոտ օտարականի զգացողություն էր առաջացնում, կամ էլ ծայրահեղ ազգայնական շրջանակների հռետորաբանության սաստկացման ժամանակներում քաղաքական մաքառումը դառնում էր խիստ հոգնեցուցիչ ու մաշեցնող: Հայկական բանաձեւերը, որ հայտնվում էին աշխարհի տարբեր խորհրդարանների օրակարգերում, փոքրամասնությունների վաքըֆների սեփականությունը ստանալու հնարավորության շուրջ վեճերն ուղեկցվում էին ակնարկներով, որոնց համաձայն փոքրամասնություններն օտարական են: Հրանտ Դինքի մաքառումը շիկանում էր: Հենց այստեղ էր, որ իր գոյությունն ու կեցվածքը մի նոր հայկական ինքնության մասին հռչակեցին:

Թուրքիայի տեսանկյունից դիտելիս՝ հայերի նկատմամբ մոտեցումը սահմանափակվել էր որոշ շրջանակներով: Ոմանց համար հայը մարդկային մի տեսակ էր, որի բացակայությունը ոգեկոչվում էր «Ի՜նչ լավ դոլմա, թոփիկ էին պատրաստում, արհեստով մարդիկ էին» եւ նման կարոտախտի անմակարդակ արտահայտություններով: Սակայն երբեք չէին քննվում նրանց չգոյության պատճառները: Ոմանց համար էլ հայերը «պոտենցիալ դավաճան էին ու 5-րդ շարասյուն»: Հրանտ Դինքն էր, որ առաջին անգամ իր մարմնով եւ ձայնով ցուցադրեց, թե հայ հասկացությունն անուրանալի իրականություն է երկրում: Թրքահայությունն առաջին անգամ նրանով դարձավ այսքան նկատելի:

Հրանտ Դինքը հայկական ինքնության համազոր մի ջանք գործ դրեց նաեւ իր թուրքիացիի ինքնության համար: Հետ չմնաց մտքեր արտադրելուց ու ջանք թափելուց՝ հօգուտ երկրի ապագային, որտեղ ծնվել էր որպես Թուրքիայի հանրապետության քաղաքացի: Ըստ նրա, ժողովրդավարությունը կարելի էր արտադրել միայն ջանք թափելով: Քրդական հարցին, գլխաշորի, Թուրքիա-Եվրամիություն կապերի եւ նման բազմաթիվ նյութերի ուղղությամբ, ելնելով փորձառությունից, իր նպաստը բերեց, որովհետեւ նման մասնակցությունն ընկալում էր որպես ժողովրդավարական բարոյականության անհրաժեշտություն:

Հրանտ Դինքի աշխատանքի ու կենցաղի բարոյականությունը կողմ էր, որ ամեն ինչի մասին խոսվի իր տեղում: Այդ է պատճառը որ Թուրքիայի հայերի հարցերը երբեք չօգտագործեց Եվրոպայում որպես գանգատի պատճառ, չնայած ուներ դրա հնարավորությունը: Այդ պարագայում խոսքը միշտ պատկանում էր իր՝ Թուրքիայի քաղաքացիի ինքնության: Սփյուռքի հետ իր մտապայքարում նույնպես արտասահմանի հայությանը հրավիրեց առերեսվելու ինքն իր հետ՝ ասելով. «Ուզում եք ցեղասպանությունը ճանաչվի՞, թե՞ Թուրքիան դառնա ավելի ժողովրդավարական»:

Կարծում էր, թե Հայկական հարցը կարելի է ըստ արժանվույն քննարկել այնպիսի մի հասարակությունում, որն իրապես ժողովրավար է եւ որտեղ գիտելիքը շրջում է ազատորեն: Ուրեմն, բացի ծայրահեղական շրջանակներին գրգռելուց, անկարելի էր պատմության մասին բանաձեւեր պատրաստելու գործընթացով հասնել մի արդյունքի, որ արտաքին պարտադրանքի տեսակ էր: Հենց այս պատճառով Հրանտ Դինքը բուռն կերպով կարեւորում էր եվրոպական երկրների կողմից Թուրքիային Եվրամիության գործընթացում ներգրավելու անհրաժեշտությունը: Նա հատակից դեպի առաստաղ բարձրացող ու ներքին մղումների հետ հաշվի նստող պահանջների հետեւողն էր եւ չուներ ոչ մի մտահոգություն, բացի իր երկրի ժողովրդավարացումից:

Խոսել՝ հիմք ընդունելով ոչ թե մեռյալներին, այլ ողջերին

Աթաթուրքի որդեգիր դստեր՝ Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման հավանականության վերաբերյալ պնդումների մասին լրատվությունն էլ Հրանտ Դինքը պատրաստել էր, որպեսզի առիթ ստեղծվի հայկական տաբուի մասին խոսելու՝ ոչ թե հիմք ընդունելով մեռյալներին, այլ ողջերին: Այս լրատվությունը նրա համար պատրվակ էր՝ խոսելու հող պատրաստելու համար այն հայերի գոյության մասին, ովքեր այն դաժան տարիներին կրոնափոխ լինելով, որդեգրվելով կամ էլ կնության տրվելով՝ ողջ էին մնացել:

Սակայն լրատվությունը հայտնվեց «Հյուրրիեթ» օրաթերթի առաջին էջում, որից հետո Գլխավոր շտաբը հրապարակեց դատապարտող ծանր մի հայտարարություն: Թրքատյացությունից ազատվելու հորդորով սփյուռքահայերին ուղղված իր գրությունից դուրս բերվեց մի նախադասություն եւ հռչակվեց «թուրքի թշնամի»: Արմատական աջ մամուլի եւ ազգային թերթերի մի շարք կարեւոր հրապարակախոսների մասնակցությամբ նրա դեմ սանձազերծվեց հակաքարոզչություն, որով նրա անունը տեղափոխվեց մի վայր, որ տանջանք էր նրա համար:

Հրանտ Դինքը, ով իր կյանքն էր նվիրաբերել նման նախապաշարումներն ու թշնամանքի պատերը քանդելու, թուրք եւ հայ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու ու հասկանալու գործին, իրականում 2007-ի հունվարի 19-ին չէ, որ սպանվեց: Սպանվեց Գլխավոր շտաբի հայտարարությունից անմիջապես հետո, Ստամբուլի նահանգապետարանում MİT-ի անդամներից սպառնալիքներ լսելիս: Սպանվեց ամեն մի գրության, ամեն մի հարցազրույցի համար շունչ սպառելիս, ինքն իրեն նորից ու նորից բացատրվելու անհրաժեշտության առջեւ զգալիս: Սպանվեց, երբ «Գորշ քայլերի» ակումբներն «Ակոս»-ի առջեւ  աղաղակում էին՝ «Հրանտ Դինք, դու այսուհետ մեր թիրախն ես, թիրախն ես մեր ամբողջ զայրույթի ու ատելության», երբ դատարանները, չնայած մասնագետների զեկույցներին, համառորեն դատապարտում էին նրան, երբ Վճռաբեկ դատարանն առանց որեւէ խոչընդոտի վավերացնում էր նրա պատիժը:

Ոճրից երկու օր անց Ստամբուլի Ապահովության տնօրեն Ջելալեդդին Ջերրահը հանկարծ հայտարարեց, թե արարքը չունի որեւէ քաղաքական աստառ եւ որեւէ հանցախմբի հետ առնչություն չի գտնվել: Հայտնվեցին տեսագրություններ, որտեղ ամբաստանյալը Սամսունում ձերբակալվելուց հետո երեւում է ներքին զորքերի աշխատակիցների եւ ոստիկանների հետ, թրքական դրոշով մի պաստառի առջեւ: Հայտնի է դարձել, թե Էրհան Թունջելը, ով, պարզվեց, Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից է, 2006-ի փետրվարին ոստիկանությանը տեղեկացրել է Հրանտ Դինքին սպանելու՝ Յասին Հայալի մտադրության մասին: Տրապիզոնի Ապահովության տնօրինությունն էլ իրավիճակը զեկուցել է Անկարայում տեղակայված Ապահովության ընդհանուր տնօրինությանը եւ Ստամբուլի Ապահովության տնօրինությանը: Այն ժամանակվա պատասխանատու նահանգապետը նախ դարձել է իշխող կուսակցության պատգամավորը, ապա նշանակվել Ներքին գործերի նախարար: Ստամբուլի Ապահովության տնօրենը դարձել է նահանգապետ: Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուն, որ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն Դինքի «թրքությունը անպատվելու» հանցանքը վավերացրած Վճռաբեկ դատարանի 18 դատավորներից մեկն էր, Ազգային մեծ ժողովի ընդհանուր նիստում բարձրացվեց Հանրային պաշտպանի պաշտոնին:

Այդ հանցախմբի տրամագիծն այսուհետեւ լինելու է երկրի հորիզոնը

Ջնջված հեռախոսազրույցները, խավարեցված ապացույցները, թաքցված տեղեկությունները, ոչնչացված զեկույցներն իրար հետեւից գալիս էին: Ապահովության մարմիններից մինչեւ ներքին զորքեր, հետախուզությունից ու քաղաքականությունից մինչեւ դատական մարմիններ ոչ մեկ պաշտոնյա դեռեւս չի հարցաքննվել՝ չնայած Պետական Վերահսկիչ հանձնաժողովի հորդորներին: Ուրեմն, առանց բացահայտելու ոճրագործության բուն պատասխանատուներին եւ իրական հանցագործներին, 2012-ի հունվարի 17-ին երկու ամբաստանյալ դատապարտվեց եւ գործը փորձեցին կոծկել:

Իրավական այս խայտառակության եւ կորստյան ցավի դիմաց միակ հույսը ոճրից 4 օր անց, հունվարի 23-ին կայացած հուղարկավորության փաստն էր, երբ Հրանտ Դինքին հրաժեշտ էին տալիս հարյուր հազարավոր մարդիկ՝ վանկարկելով «Բոլորս հայ ենք»: Անցնող տարիների ընթացքում, իր անվան ու անձի շուրջ կատարվածի դեմ հակազդեցությունը բազմապատկվեց: Հանրային խիղճը հիմա հետապնդում է այն առարկությունը, որ Գլխավոր դատախազությունը կատարել է դատարանի որոշման դեմ՝ հանցախմբի առկայության նշումով: Մարդիկ սպասում են, արդյոք որպես «հանցախումբ» ի՞նչ է իրենց ներկայացվելու: Այդ հանցախմբի տրամագիծն այսուհետ լինելու է երկրի հորիզոնը: Մեր ապրելու վայրը այդ տրամագծի մեծության չափ է:

Անցնող վեց տարիներին Թուրքիայի հասարակությունն ընկալեց 1915-ի տաբուի վերաբերյալ տրված «պատգամը», որ Հրանտ Դինքի միջոցով փորձում էին տալ, եւ տաբուն բեկանելու եւ խաղաղությունը հաստատելու գծով կեցվածք ընդունեց: Մի խումբ դասախոսներ ու լրագրողներ 2008-ի դեկտեմբերի 14-ին ստորագրահավաք սկսեցին. «Իմ խղճի առջեւ անընդունելի է 1915-ին Օսմանյան հայերի Մեծ Եղեռնի նկատմամբ անտարբերությունն ու դրա ուրացումը: Մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ հայցում նրանցից»: Այս խոսքերի տակ իրենց ստորագրությունն են դրել 30.837 անձ՝ մեծ արձագանք առաջացնելով: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրահավաքի կապակցությամբ ասել էր. «Երեւի նրանք են գործել նման մի ցեղասպանություն, որ ներողություն են խնդրում: Թուրքիայի հանրապետությունը նման խնդիր չունի»: Եթե հիշվեն նրա այս խոսքերը, ապա պարզ կդառնա, թե պետական քաղաքականությունն այս հարցում որքան հետ է հասարակությունից:

Վերջին տարիներին Թուրքիայում կազմակերպվող ապրիլի 24-ի ցեղասպանության հիշատակման ձեռնարկները խոսում են փոփոխվող արժեհամակարգի մասին: Նրանք, ովքեր նայեցին Հայդարփաշայի կայարանի մոտ կանգնած մի խումբ մարդկանց ձեռքին գտնվող սեւ-սպիտակ լուսանկարներին՝ սովորեցին, որ դեպի Այաշ ու Չանղըրը վերջին ճանապարհորդության են ուղարկվել 220 հայ մտավորականներ, որպեսզի հասարակության հետ չկարողանան կիսել, մանուկ, կին ու ծեր՝ Անատոլիայի հսկա մի ժողովրդի աքսորումը դեպի մահվան ճանապարհները: Սգահանդեսները լցրեցին հրապարակները:

Մինչ մոտենում է 2015-ը, Հայոց ցեղասպանության հետ առերեսվելն ինքն իրեն պարտադրում է որպես մի տարածք, որտեղ պետք է լինի նաեւ քրդական հարցի լուծման էական հիմքը: 2009-ին ստորագրված արձանագրությունները, որոնք նախատեսում էին Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների սկզբնավորումը, դեռեւս դարակում են: Կողպեքի տակ են այսօր էլ, ինչպես երեկ: Մինչդեռ հասարակությունը պատրաստ է անցնելու շեմից այն կողմ: Որովհետեւ երկրի խաղաղությունն այդ փոքրիկ հույսի նշույլից է կախված:

Այդ հույսից կառչելուց բացի այլընտրանք գոյություն չունի: Հրանտ Դինքի ժառանգությունը հույս եւ մաքառում է պարտադրում բոլորիս:

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook