Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հրանտ Դինքի դերը Հայ-Թուրքական հասարակական զարգացումներում

 
 
 

Հայացք Հայաստանից

 

Հրանտ Դինքի դերը Հայ-Թուրքական հասարակական զարգացումներում

Ռուբեն Մելքոնյան

 

 
Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի դեկան.

1996թ. սկսած լրագրողական, խմբագրական գործունեության շնորհիվ ճանաչում ձեռք բերած Հրանտ Դինքը հայտնի էր հայկական և թուրքական հասարակությունների, վստահաբար, ոչ մեծ մասին: Հայաստանում Թուրքիայով զբաղվող մասնագետների մեծ մասն անգամ մակերեսային պատկերացում ուներ Դինքի մասին, որը սահմանափակվում էր Թուրքիայում ձախակողմյա շարժումներին նրա ակտիվ մասնակցության վերաբերյալ հակիրճ տեղեկություններով: Նկատենք, որ հենց միայն “Ակօս”-ի հիմնադրումը էական և լուրջ նշանակություն ունեցավ սկզբնական փուլում առավելապես ստամբուլահայ համայնքի համար, իսկ ավելի ուշ ընլայնեց իր ազդեցության աշխարհագրությունը: Ստամբուլահայ համայնքի մինչ այդ էլ գործող մամուլի “ավանդական” միջոցներն ունեին ավելի համայնքային այսինքն` սահմանափակ թիրախներ, իսկ “Ակօս”-ը և Հրանտ Դինքը հենց սկզբից հանդես եկան “նեղ համայնքային” թերթի սահմաններից դուրս լինելու հավակնությամբ, որն ի վերջո հաջողվեց: Հայկական խնդիրները թուրքական և թուրքալեզու լսարանին ներկայացնելու Դինքի ցանկությունը և այդ ուղղությամբ արվող հետևողական քայլերը որոշակի ժամանակամիջոցում նրան տվեցին ավելի լայն ճանաչում, որի արդյունքում էլ նա հայտնվեց հայ-թուրքական տարատեսակ հարաբերությունների հորձանուտում: Պետք է նաև փաստել, որ Հրանտ Դինքի անունը հայկական շրջանակներում այսինքն` Հայաստանում և Սփյուռքում այնքան էլ միանշանակ չէր ընդունվում, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների, երկխոսության, փոխադարձ ընկալման դինքյան տեսակետները երբեմն չէին համապատասխանում ավանդական դարձած տեսակետներին: Սակայն, այնուհանդերձ, արդեն 2000-ականների սկզբներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դինքի տեսակետները, արած քայլերը գնալով ավելի շատ էին տեղ գտնում հասարակական-քաղաքական քննարկումներում: Իրոք Դինքի առաջարկած մոտեցումները երկակի ընկալումներ էին առաջացնում, սակայն դրա պատճառը ավելի շատ այն էր, որ այդ տեսակետները նոր էին, դուրս էին ավանդական կաղապարներից և որ ամենակարևորն է առաջարկվում էին հային և թուրքին գրեթե հավասարապես ճանաչող մարդու կողմից: Ես, որպես “Ակօս”-ի ընթերցող և Դինքի հասարակական գործունեության հետևող, կարող եմ ասել, որ և´ թերթը, և´ Հրանտ Դինքը այդ տարիների ընթացքում որոշակի էվուլուցիա ապրեցին, որն ուղղակիորեն անդրադարձավ թերթի ուղղվածության և Դինքի տեսակետների ավելի ձևավորված դառնալու վրա: Մասնավորապես` “Ակօս”-ը ձեռք բերեց այլ մակարդակ. այն դարձավ հայ-թուրքական հարաբերությունների, հայ համայնքի, ընդհանրապես հայկական թեմատիկայի ազատ քննարկման հարթակ: Այդ քննարկումներն էին, որ ի վերջո բերեցին Թուրքիայում տասնամյակներով արմատացած որոշ տաբուների ճեղքման: Իր հերթին Դինքը ավելի շատ շփվելով հայաստանյան իրականության հետ, սկսեց որոշակիորեն սրբագրել և, երբեմն, վերաձևավորել իր տեսակետները: Այսպիսով Հրանտ Դինքը դարձավ փաստորեն հասարակական դիվանագետ, ով շատ լավ գիտեր Թուրքիան և թուրք հասարակությանը և արդեն հասցրել էր ճանաչել Հայաստանն ու հայաստանյան հասարակությանը: Դրանով էլ Հրանտ Դինքը հայ-թուրքական հարաբերությունների ծիրում յուրահատուկ դեր և տեղ ձեռք բերեց ու դարձավ նաև հասարակությունների շփման ուղիները լավագույնս պատկերացնող և դրանց վրա ազդեցություն ունեցող հասարակական գործիչ:


Մինչև Հրանտ Դինքի սպանությունը հայկական շրջանակներում նրա վերաբերյալ մոտեցումները հիմնականում երեքն էին. 1. նրա տեսակետների նկատմամբ հետաքրքրություն և երբեմն այդ տեսակետների ընդունում, 2. տեսակետների մերժում և Դինքի նկատմամբ խիստ քննադատություն, 3. անտարբերություն: Հայկական (հայաստանյան և սփյուռքի) հասարակության լայն շրջանակներ Հրանտ Դինքի մասին սկսեցին ավելի շատ իմանալ 2005 թվականից, սակայն Դինքի սպանությունը համահայկական ճանաչում բերեց նրան: Դրանից հետո հայկական միջավայրում սկսվեց Դինքի “հերոսացման” գործընթաց: Հետաքրքրական է, որ Դինքը անմիջապես ընկալվեց որպես Հայոց ցեղասպանության նոր զոհ և պատահական չէր 1 500 000+1 արտահայտությունն ու պաստառները: Այն որ Դինքը ընկալվում է որպես Հայոց ցեղասպանության նոր զոհ ապացուցում է և այն հանգամանքը, որ նրա մահվան օրը մարդիկ այցելում են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան և ծաղիկներ դնում Մալաթիա հուշապատի մոտ, քանի որ նա ծագումով մալաթիացի էր: Հրանտ Դինքի թաղման արարողությունը և դրանից հետո սկիզբ առած գործընթացները ևս հայկական միջավայրում ունեցան երկակի ընկալում. առաջինը մակերեսային ընկալումն էր, համաձայն որի Թուրքիայում կան հազարավոր հայեր, որոնք դուրս են եկել բողոքի ցույցի և բացահայտ հայտարարում են, որ իրենք հայ են: Սա ինչպես հայտնի է թյուր կարծիք է և բողոքի ցույցերին մասնակիցների մեջ հայերը ամենևին էլ մեծամասնություն չէին: Եվ երկրորդ ընկալումը, որն առավելապես տարածված էր մասնագիտական շրջանակներում այն էր, որ Դինքը իր գործունեությամբ և մահով կարողացավ լուրջ տաբու ճեղքել և թուրքական հասարակության որոշակի շրջանակներում մտածելակերպի բեկում մտցնել: Ցանկալի կլինի, որ հենց այս ընալումը ավելի քարոզվի հայկական միջավայրում և մասնագիտորեն ցույց տրվի հենց դա, որը Դինքի գործունեության ֆենոմենն է:


Ինձ համար, որպես թուրքագետի, իհարկե առավելապես հետաքրքիր է թուրքական հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները: Թուրքիայում Դինքի հասարակական ակտիվությունը ևս իմ կարծիքով երկու իրողությունների ճանապարհ բացեց. առաջինը գնալով ավելացան և հենց Դինքի անձի շուրջ համախմբվեցին այնպիսի անձինք, ովքեր պատրաստ էին լսել և երբեմն նաև ուսումնասիրել ու հասարակությանը ներկայացնել պաշտոնական թեզից էականորեն տարբերվող տեսակետներ: Երկրորդ` Դինքը դարձավ պետական տարատեսակ կառույցների և ազգայնամոլական հասարակության թիրախ: Թուրքական հասարակության մեջ տաբունների և փակ թեմաների մեջ առաջինը Հայոց ցեղասպանության խնդիրն է: Դինքի ընտրած մեթոդը` փոքր չափաբաժիններով, երբեմն անուղղակի, թուրքական հասարակությանը ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ, արդարացնում էր իրեն և սկսում արդյունքներ տալ: Ցեղասպանության հարցի արծարծման շրջանակներում կարևոր տեղ ունի այդ տարիներին բռնությամբ իսլամացված հայերի և նրանց սերունդների խնդիրը: Հրանտ Դինքը հետևողական կերպով զբաղվում էր իսլամացված հայերի խնդրով, իր թերթում էջեր տրամադրելով այդ թեմայով ուսումնասիրությունների և անհատական պատմությունների համար: Այս ամենը ևս Հայոց ցեղասպանության ուղղակի հետևաքներն են, քանի որ հայերի վերջին առավել լայնմասշտաբ իսլամցումը տեղի է ունեցել հենց 1915-ին: Բռնի իսլամացված հայերի խնդիրը իր հերթին տեղավորվում է Թուրքիայում էթնիկ ինքնության, “ինքնության ճգնաժամի” խնդիրների համատեքստում և կարելի է ասել լուրջ ծավալներ վերցնելու միտումներ ունի:Հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, բնական, որ Թուրքիայում էթնիկ ինքնության խնդիրը առավել լայն տարածում ունի բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների շրջանում: Այդ հարցի բաղկացուցիչ կողմն է և այն, որ Թուրքիայում բռնի իսլամացված հայերի սերունդների շրջանում սկսվել է արմատների որոնման գործընթաց և “Ակօս”-ը դարձել է այդ պատմությունների տպագրման, մարդկանց որոնման հարթակ: Այս մասին Հրանտ Դինքը ասել էր. “Ժամանակի ոգին է. այսօր Թուրքիայում շատերն են դեգերում իրենց ինքնության լաբիրինթոսում”: Թուրքական հասարակության համար շոկային ազդեցություն ունեցավ 2006թ. Հրանտ Դինքի և Տիրան Լոքմագյոզյանի “Ակօս”-ում հրատարակած մի հոդված, որտեղ փաստերի հիման վրա ներկայացվում էր, որ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր աղջիկը` Սաբիհա Գյոքչենը, ով այդ երկրի առաջին կին  օդաչուն է, Թուրքիայի խորհրդանիշներից մեկը, իրականում հայ է` Խաթուն Սեբիլջյան անունով: Այս հոդվածը, բառիս բուն իմաստով, դարձավ թուրքական քաղաքական և հասարակական օրակարգի ամենաառաջին հարցը այդ օրերին և բավական է նշել, որ այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը` Դինքի բացահայտումները որակելով ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը: Շատերի կարծիքով Դինքի իրական հալածանքնեը սկսվեցին և ահագնացող տեսք ստացան հենց այդ հրապարակումից հետո:


Դինքի մահից հետո սկսված գործընթացը հանգեցրեց մի շարք հասարակական փոփոխությունների Թուրքիայում: Դրանցից առանձնացնենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի հրատարակումը, հոդվածների, քննարկումների ակտիվացումը, այդ թեմային թերթերի անդրադարձների աճը: Կարող ենք ասել, որ այսօր թուրքական հասարակության մեջ ստեղծվել է մի շերտ, թեկուզ փոքրաթիվ, որը էականորեն այլ տեսակետ ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ և մերժում է պետական թեզը: Ինձ համար` որպես գիտնականի, խիստ ուշագրավ է և այն փաստը, որ այսօրվա Թուրքիայում կան որոշ թվով գիտնականներ, վերլուծաբաններ, որոնք ոչ միայն գիտական բազմակարծության կողմնակից են, այլև հետևողական աշխատաքներ են կատարում տաբու հանդիսացող մի շարք խնդիրների ուսումնասիրության, լուսաբանման համար: Այս գիտնականների հոդվածները տպագրվել և տպագրվում են նաև “Ակօս”-ի էջերում և փաստորեն այս հարցում ևս Դինքի գործունեության ազդեցությունը աննառարկելի է:


Ամփոփելով կարող ենք նշել, որ Հրանտ Դինքն իր գործունեությամբ և անգամ մահով լրջագույն դեր կատարեց հայ և թուրք հասարակությունների փոխադարձ ճանաչման գործընթացի զարգացման համար: Մինչև Դինքը թուրքական հասարակության մեջ հայկական թեմատիկայի շրջանակներում այլակարծությանը տեղ տվող խավը ավելի լուռ էր և անկազմակերպ, իսկ Դինքի և “Ակօս”-ի գործունեության շնորհիվ այսօր թուրքական հասարակության մեջ կա մի հատված, որը նպաստում է Թուրքիայում քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման գործին: Նման խավի ձևավորումը կնպաստի հայ-թուրքական երկխոսությանը և կօգնի թուրքական հասարակությանը ավելի արագ և ճիշտ առերեսվել պատմական ճշմարտությունների հետ, ինչը հայկական և թուրքական հասարակությունների բնականոն շփման կարևոր գրավականն է:

 

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook