Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

Հայաստանի քաղաքական ուժերը՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին

 
 
  Հայացք Հայաստանից

Հայաստանի քաղաքական ուժերը՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին

Լիլիթ Գասպարյան

 

 
Լիլիթ Գասպարյան

Լրագրող Հայաստանից

Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն, ժողովրդավարություն, ազգային, կրթական, մշակութային եւ կրոնական իրավունքների հարգում: Եվ այս ամենը՝ Եվրամիություն կոչվող տանիքի ներքո: Տանիք, որի տակ հայտնվելու համար Թուրքիան արդեն երկար տարիներ բանակցություններ է վարում  Եվրամիության հետ: Եվրոպական արժեքներին հարիր բարեփոխումները, որ մինչ օրս այդպես էլ չեն գոհացնում ԵՄ-ին, Թուրքիայի համար անդամակցության թիվ մեկ խոչընդոտն են մնում: Եվրամիությանը Անկարայի անդամակցությունը Հայաստանի համար տարբեր տեսանկյուններից բազմաթիվ դրական կողմեր ունի: Սակայն հնարավոր բոլոր դրական արդյունքների կողքին առանձնանում է սահմանների բացման խնդիրը: Հայաստանում քաղաքական եւ հասարակական խավի բոլոր ներկայացուցիչները Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելը նախ եւ առաջ կապում են սահմանների բացման հետ: Տեսակետները, սակայն, այստեղ բաժանվում են:

 

ՀԱՅԱԶԳԱՅԻՆԿՈՆԳՐԵՍ
Ընդդիմադիր կուսակցություն – 7/131 պատգամավոր

 ԱրմանՄուսինյանը, ՀԱԿխոսնակ

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հարեւան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու խաղաղ գոյակցությունն է։ Այդ հարաբերությունները պետք է հաստատվեն երկուստեք առանց որեւէ նախապայմանի։

Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը Հայաստանին ձեռնտու է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության առումներով։ Եվրամիությանն անմիջական հարեւան լինելով եւ Եվրամիության անդամ երկրի հետ շատ ավելի դյուրին է լուծել բոլոր խնդիրները։ Ըստ այդմ, Հայաստանը որեւէ կերպ չպետք է խոչընդոտի այդ գործընթացին: Ընդհակառակը, պետք է Բրյուսելից պահանջի Թուրքիայի անդամակցության հետ կապված չշահարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Այդ դեպքում ավելորդ եւ անտրամաբանական, նաեւ՝ մեզ համար վիրավորական կդառնա «պատմաբանների հանձնաժողովի» խնդիրը։ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման ենթակա է միմիայն բնականոն հարաբերություններ հաստատած երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների մակարդակում։


 
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր կուսակցություն -  5/131 պատգամավոր

Կիրո Մանոյան, Արտաքին կապերի գրասենյակի տնօրեն

ՀՅ Դաշնակցության տեսանկյունից, առանց Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ հայության հետ խնդիրների լուծման Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելը կվտանգի Հայաստանի եւ հայության ռազմավարական շահերը, որովհետեւ այդ պայմաններում կմեծանա սեփական պատմությունն ու պատասխանատվությունը ժխտող Թուրքիայի ազդեցությունը նույն Եվրամիությունում՝ բացասական բոլոր հետեւանքներով։ Եվրամիության կողմից անդամակցության գործընթացը շարունակելը՝ առանց Թուրքիայի առջեւ դրված բոլոր պարտավորությունների կատարման, մտահոգության հիմքեր է տալիս։ Միաժամանակ, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը  կարող է  ազդեցություն ունենալ պաշտոնական Անկարայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի վրա։ Հետեւաբար, ՀՅԴ-ն կարծում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գծով Դաշնակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը պետք է նկատի ունենա այս հարցերը՝ հաշվի առնելով հայության ե՛ւ քաղաքական, ե՛ւ ազգային շահերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրը:


ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական (այլընտրանքային) – 36/131 պատգամավոր

Ստեփան Մարգարյան, պատգամավոր

Վատ չի լինի, եթե Թուրքիան Եվրամիության անդամ լինի կամ, ավելի ճիշտ, մենք ունենանք հարեւան, որը ԵՄ անդամ է : Սակայն, մյուս կողմից, դա ճիշտ կլինի միայն այն դեպքում, երբ այդ երկիրը ԵՄ շրջանակում ընդունված բոլոր չափանիշներն ընդունած լինի: Մասնավորապես, կարո՞ղ է, արդյոք, ԵՄ անդամը փակել ճանապարհը Եվրախորհրդի անդամի առջեւ եւ շրջափակման ենթարկել նրան: Կան հարցեր, որ Թուրքիայից են կախված, եթե նա իրեն իրավունք է վերապահում դեմ գնալ եվրոպական շատ արժեքների, ապա տարակուսանք է առաջացնում, թե ինչպե՞ս է դառնալու ԵՄ անդամ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեմ չէ, որ Եվրամիության սահմանները հասնեն  մինչեւ Հայաստանի Հանրապետություն, ի վերջո, ԵՄ անդամի հետ շփվելն ավելի դյուրին է : Բայց մենք վերապահումներ ունենք, քանզի կարծում ենք, որ Թուրքիան պետք է հարգի եվրոպական արժեքները: Նույնիսկ խնդիրը չդնելով դիվանագիտական հարաբերություններ ունենալ-չունենալու տեսակետից, խոսքը տարրական մի բանի մասին է. մի երկրի շրջափակման մեջ դնելը դուրս է բոլոր չափորոշիչներից: Նույնիսկ Թուրքիայի տեսանկյունից դիտարկելիս արդարացնող որեւէ հանգամանք չկա: Դիվանագիտական հարաբերությունները գուցե այլ են, բայց սահմանների բացումը տարրական խնդիր է: Չնայած մեզ համար դիվանագիտական հարաբերությունները նույնպես կարեւոր են, սակայն մենք կարծում ենք, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: ԲՀԿ-ն միշտ էլ ասել է, որ հենց վաղն էլ ցանկանում ենք դիվանագիտական հարաբերություններ սկսել առանց նախապայմանների:

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Իշխանական մեծամասնություն – 70/131 պատգամավոր

Արտակ Զաքարյան, պատգամավոր

 Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը համաեվրոպական օրակարգային խնդիր է, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է: ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան շատ ավելի կանխատեսելի եւ վստահելի գործընկեր կարող է լինել աշխարհի համար: Որպես հարեւան երկիր, դա նշանակում է երկու բան. նախ՝ աճում են հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, եւ երկրորդ, Թուրքիայի ներսում քաղաքական համակարգի առողջացման տարրերին զուգահեռ, ավելանում է աշխարհին ավելի քաղաքակիրթ ներկայանալու եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներին ավելի բաց նայելու հնարավորությունները: Այդ դեպքում, Թուրքիայի կողմից կարող է վերանայվել նաեւ փակ սահմանների քաղաքականությունը: Եվ ամենից կարեւորն այն է, որ ԵՄ-ն հստակ սահման է դառնում Հայաստանի համար: Անվտանգության եւ խաղաղ գոյակցության, տնտեսական հեռանկարների առումով սա էական քայլ կարող է լինել: Ցավոք, իրական քաղաքականության տեսակետից այսօր հեռու են այն հնարավորությունները, որով Թուրքիան կարելի է դիտարկվել որպես ԵՄ ապագա երկիր: Եվրամիության կողմից էլ բավական խնդրահարույց հարցեր կան, եւ գոնե մոտակա մի քանի տարիների համար այդ անդամակցությունն իրատեսական չէ: Բայց Թուրքիայի անդամակցությունը դրական մեծ նշանակություն կարող է ունենալ բոլոր առումներով ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար:

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընդդիմադիր կուսակցություն – 4/131 պատգամավոր

Հովսեփ Խուրշուդյան, կուսակցության խոսնակ

Մենք բազմիցս կրկնել ենք, որ Թուրքիան պետք է ԵՄ լիիրավ անդամ դառնա Հայաստանի հետ միասին: Սա վաղ թե ուշ պետք է լինի, միայն գոյություն ունեցող խնդիրները լուծելուց հետո: Այսինքն՝ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ՝ ապացուցելով, որ իսկապես դարձել է Եվրոպական ընտանիքի արժանի անդամ: Առանց արժեքային փոփոխությունների Եվրոպան կաղավաղվի, եթե նման երկիր ընդունի: Ամեն դեպքում՝ մենք կարծում ենք, որ Թուրքիայի անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից: Այն տարածաշրջանին եւ, մասնավորապես, Հայաստանին մեծ անվտանգություն կբերի, ավելի ժողովրդավարական եւ քաղաքակրթական շրջանակների մեջ կդնի Թուրքիային` հաշվի առնելով Եվրոպական չափանիշներն ու քաղաքականությունը : Ի վերջո մենք ուղիղ սահման կունենանք Եվրամիության հետ: Ամեն ինչ փոխկապակցված է. այն Թուրքիան, որ կարող է փակ սահման ունենալ հարեւանի հետ, չի կարող ԵՄ անդամ լինել: Ինչ խոսք, առանց Հայոց ցեղասպանության ճանաչման նույնպես չի կարող որեւէ կերպ փաստել, որ դարձել է ժողովրդավար եւ ազատ երկիր:

 

 

 

 

 

 

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook