Թուրքիան կրակում է իր իսկ որտքերին

Ստեղծված Հինգշաբթի, Հոկտեմբերի 10, 2013, ժ. 14:55-ին
 
 
 

Հայացք Թուրքիայից

 
Թուրքիան կրակում է իր իսկ որտքերին

Զենգիզ Աքթար

 

 
Զենգիզ Աքթար

Քաղաքագիտության դասախոս, Հրանտ Դինք հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Թարաֆ օրաթերթի սյունակագիր

Ջենգիզ Աքթարի համաձայն՝ այսօր վտանգված է այն եւրոպականհեռանկարը, որի շնորհիվ սկսել էին կոտրվել Թուրքիայում առկատաբուները: Անկարայի կողմից վարվող լարվածության քաղաքականությունը կարող է հանգեցնել ԵՄի հետհարաբերությունների խզմանը:

 

Ո՞ր փուլում են գտնվում Եւրոպական միության հետ Թուրքիայի բանակցությունները:

2002-2005թթ շատ արդյունավետ մի ժամանակահատված էր:  Այդ շրջանից  հետո բանակցություններն սկսեցին դանդաղել: Սա պայմանավորված էր   պատրաստակամության փոխադարձ բացակայությամբ՝ ինչպես թուրքական, այնպես էլ եւրոպական կողմի: Եւրոպական կողմի գլխավոր պարողը Սարկոզին էր, իսկ թուրքական կողմում՝ կառավարությունը բառացիորեն կորցրել էր հետաքրքրությունը. Դրա համար պատճառներ կան անշուշտ, բայց դրանով անհնար է բացատրել ինքնավստահության այս աստիճան բարձրացումը, որն ի վերջո ավելի քան չափազանցված էր: 2006-2007 թվականներից թուրքական կառավարությունը սկսեց ասել. «Մենք Եւրոմիության կարիքը չունենք՝ ինքներս կարող ենք ամեն ինչ անել». Ավելի ուշ, տնտեսական ճգնաժամը հասավ Եւրոպա: Թուրքական իշխանություններն այս տեսակետից համարյա թե ճիշտ դուրս եկան: Այս զարգացումներից հետո Եւրոպան եւս անտրամադիր էր արդեն: Կարեւոր գործոն էր նաեւ Կիպրոսը: Այժմ բանակցային 18 գլուխներ սառեցված են, դրանցից 14-ը Կիպրոսի վեճի պատճառով, 5-ը սառեցված է Ֆրանսիայի կողմից, իսկ մի գլուխ էլ -  գյուղատնտեսության ոլորտից - սառեցրել են երկու կողմերը:

Մոտ մեկ ու կես տարի առաջ, որոշ քաղաքական գործիչներ եւ Եւրոպական հանձնաժողովը սկսեցին արձագանքել այս լճացմանը. «Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Թուրքիան: Թուրքիան գուցե մեր կարիքն ունի, բայց մենք էլ Թուրքիայի կարիքն ունենք», - ասացին նրանք: Այս ամենը հանգեցրեց Թուրքիայի թեկնածության վերագնահատմանը: Դա էլ պատճառ դարձավ, որ Եւրոմիությունը վերահաստատի իր դիրքորոշումը՝ կապված այն բանի հետ, որ Թուրքիան պետք է ի վերջո միանա Եւրոպական միությանը: Եւրոհանձնաժողովը մի "Դրական ճանապարհային քարտեզ» առաջադրեց, որն էլ ուժի մեջ մտցվեց Եւրոպական խորհրդի կողմից:  Էական զարգացումներ տեղի ունեցան վիզաների հարցում:  Վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծված բարենպաստ այս մթնոլորտը կարծես թե հանգեցնելու էր բանակցությունների մի նոր փուլի: Խոսքը տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ մի շատ կարեւոր գլխի մասին է: Բայց շատ հնարավոր է, որ այդ փուլի մեկնարկը հետաձգվի: (Այս հարցազրույցից հետո՝ 2013թ հունիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵՄ Ընդհանուր հարցերի խորհուրդը «սկզբունքորեն» հայտարարեց, որ բանակցային այդ գլուխը պետք է բացվի, սակայն պաշտոնական բացման թվականի ճշգրտումը որոշվեց հետաձգել աշնանը:-խմբ)


Ի՞նչ պատճառով:

Ներկայիս քաղաքական ճգնաժամի պատճառով, որը շատ բացասական ազդեցություն ունի  Թուրքիայի իմիջի եւ ստեղծված դրական մթնոլորտի վրա: Այս ճգնաժամը ամեն ինչ տակնուվրա արեց: Իրավիճակը բոլորովին այլ ուղղություն ստացավ, և հիմա մենք չգիտենք, թե ուր ենք գնում:


Ի պատասխան Եւրոխորհրդարանի, որը դատապարտել էր Թուրքիայում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված բռնությունները, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Սա նորություն չէ: Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) կառավարությունը տառապում է իշխանության բոլոր տեսակի հիվանդություններով: Էրդողանի մոտ դրսեւորվում են երկարաժամկետ մանդատի բոլոր սինդրոմները, ինչպես դը Գոլի և Թետչերի մոտ էր: Եւրոպային ուղղված այս անտեղի արտահայտություններն առաջին անգամ չէ, որ լսում ենք  ԱԶԿ անդամներից: Ավելի վաղ, խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ «աղբն է գցելու» ԵՄ հերթական առաջընթացի զեկույցը: Իհարկե, նման հռետորությունը, հատկապես ճգնաժամի պայմաններում, չի կարող օգտակար ազդեցություն ունենալ:


Կար մի ժամանակ, երբ Թուրքիան կարծես հրաժարվել էր Եւրոպական միության երազանքից ու լիդերության էր ձգտում Մերձավոր Արեւելքում:

Դա այդքան էլ ճիշտ չէ: Նույնիսկ բանակցության կետերի սառեցման շրջանում կառավարությունը երբեք ամբողջությամբ չի այրել կամուրջները Եւրոպայի հետ: Դա ձեւականություն էր՝ հռետորաբանություն, բայց երբեք չի ասվել «Հերիք է, վերջ ենք տալիս»: Սակայն այսօր կառավարության հռետորությունը չափազանց վտանգավոր է դառնում եւ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հարաբերությունների խզմանը: Դա կործանարար կլինի Թուրքիայի համար:


Ի՞նչ եք կարծում, հենց այդպես էլ կլինի՞:

Վարչապետը ապագայի հետ է խաղում: Նա բացեիբաց հենվում է հակամարտության եւ թշնամանքի վրա: Նա ծայրահեղ ազգայնական ելույթներ է ունենում քրդերի, մտավորականների, ալեւիների, բոլորի դեմ: Սա կարող է շատ վնասակար հետեւանքներ ունենալ: Ամեն դեպքում, կարող է երկար տարիներ կանգնեցնել ԵՄ հետ հարաբերությունները:


Այս պահին Եւրոպան կարծես թե կառավարության առաջնահերթությունների մեջ չի մտնում:

Փաստորեն, կառավարությունը դրանով մտահոգված չի երեւում:


Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարն ինչպի՞սի ազդեցություն ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այս հեռանկարը կարո՞ղ է դեռեւս առաջընթաց արձանագրել մի շարք ոլորտերում:

 2002-2005 թթ Եւրոպայից ոգեշնչված բարեփոխումների դինամիկան մեծ ազդեցություն թողեց հայ-թուրքական հարցի եւ Հայոց ցեղասպանության հասարակական ընկալման վրա: Դա հսկայական հեռանկարներ բացեց թուրք հասարակության առջեւ: Այս անուղղակի հետեւանքը այժմ էլ շարունակվում է: Բայց եթե Եւրոպայի հետ գործերը սխալ ուղղությամբ զարգանան, ես չեմ կարծում, որ կառավարությունը կպահպանի նախկինում ունեցած իր տրամադրվածությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լինելով հանդերձ, կառավարությունը չխոչընդոտեց այդ հարցին նվիրված հանդիպումների կազմակերպումը: Ցեղասպանություն բառը այլեւս տաբու չէ Թուրքիայում: ԵՄ անդամակցության հեռանկարը բառի բուն իմաստով ընդլայնեց քաղաքական դաշտը: Այն մեծապես նպաստեց ժողովրդավարական քննարկումների կայացմանը:. Սա անգնահատելի է: Այս քամու շնորհիվ Թուրքիան սկսեց կասկածի տակ առնել բոլոր տաբուները, որոնք այժմ հանրային ոլորտում են գտնվում: Մասնավորապես երիտասարդությունն աննախադեպ պատրաստակամություն ունի իմանալու, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ եւ մինչեւ այդ:  Այնպես որ, այս ամենը թե՛ շատ հուզիչ էր եւ թե՛ դաստիարակիչ:


Չ
է՞ք կարծում, որ ստեղծված հենց այդ ժողովրդավարական միջավայրն  է այսօր երիտասարդներին մղում բողոքել կառավարության ավտորիտար կեցվածքի դեմ: Ազատության համն առան արդեն մի անգամ...

Միանգամայն այդպես է: Գլխավոր պարադոքսն այն է, որ քաղաքական դաշտը բացողն այս կառավարությունն էր: Այժմ նա փորձում է փակել այդ դաշտը, բայց դա նրան չի հաջողվում, իհարկե:


Նման մի քամի էլ չէ՞ր փչում Հայաստանի հետ հարաբերություններում:

Եւրոպական դինամիկան Թուրքիայում սկսել էր իր ազդեցությունը գործել Հայաստանի հետ հարաբերությունների վրա նախագահ Աբդուլլահ Գյուլի 2009 թ. նախաձեռնությամբ:  Սակայն դա շատ արագ ավարտվեց վարչապետի ի հայտ գալով, որը խաղում էր ադրբեջանի խաղաքարտը: Այդ օրվանից ադրբեջանական խաղաքարտն առաջնային դարձավ: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ այսօր արդեն վարվում է անուղղակիորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ շահերից ելնելով: Ադրբեջանցիները շատ ազդեցիկ են թե՛ Հայաստանի հետ քաղաքականության, թե՛ «հայկական հարցի»՝ այսինքն ցեղասպանության հարցում: Ցեղասպանության ժխտման հարցում նրանք Պապից ավելի պապական են: Այդ նպատակով նրանք նավթային եկամուտներն օգտագործում են մինչեւ վերջ: Դժվար թե թուրքական կառավարությունը կարողանա նրանց ասել՝ «այդ հարցին մի՛ խառնվեք»:


Ընդհակառակը, կառավարությունը ակնհայտորեն խրախուսում է նրանց ներգրավվածությունը այս հարցում:. Կարո՞ղ ենք ենթադրել, որ ադրբեջանցիները ավելի ակտիվ կլինեն 2015-ի շեմին:

Անկասկած:


Կարծիք կա, որ իրաքյան Քուրդիստանում բնական գազի պաշարների հայտնաբերման հետեւանքով ավարտին է մոտենում  Թուրքիայի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից: Դա ի՞նչ հետեւանքներ կունենա:

Սա շատ լուրջ այլընտրանք է: Թուրքիան էներգետիկ պաշարներ ձեռք բերելու հարցում հետզհետե ավելի շատ է կենտրոնանում Իրաքյան Քուրդիստանի վրա: Կառավարությունը կարեւոր քննություն ունի հանձնելու. կկարողանա՞ նա արդյոք ձերբազատվել Հայոց ցեղասպանության հարցում ադրբեջանցիների թունավոր բարեկամությունից: Հաշվի առնելով վարչապետի ներկա հոգեվիճակը՝ չեմ կարծում:


Հնարավո՞ր է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը որեւէ  կերպ ազդի դրա վրա:

Ոչ: Անշուշտ ցանկալի է, որ Թուրքիայի անդամակցության հետ միասին կովկասյան երեք հանրապետությունները եւս որոշ առումով Եւրոպայի թեւի տակ մտնեն: Ցավոք, մենք շատ հեռու ենք դրանից:


Վերադառնանք Թուրքիայում առկա
դիմադրության շարժմանը: Թեեւ կառավարությունը հայտարարում է Եւրոպական խորհրդարանը «չճանաչելու»մասին,  այնուամենայնիվ,  չե՞ք կարծում, որ Եւրոպայից եկող հակազդեցությունները կարո՞ղ են նրան ստիպել հետ քայլ անելու՝ ինչպես դա արեց ակնարկելով հանրաքվեի հնարավորության մասին:

Չեմ կարծում: Ընդհակառակը, կառավարությունն ավելի կարծրացրեց իր դիրքը՝ հակազդելով Եւրոպայից եկող արձագանքներին: Նա պաշտպանության անցավ՝ յուղ լցնելով կրակի վրա: Բնականաբար, նման կոշտ հռետորաբանությունից հետո դժվար է հետքայլ անելը:  Թուրքիան իր իսկ ոտքերին է կրակում գնդացիրով:


Առաջիկայում ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում:

Լավատես լինելու շատ հիմքեր չունենք: Մի ամբողջ շարք ընտրություններ կան Թուրքիայի առջեւում: Վարչապետն արդեն սկսել է քարոզարշավը: Առաջին ընտրությունները մարտ ամսին են՝ առջեւում դեռ յոթ ամիս կա: Այնպիսի գերլարված մի մթնոլորտում ենք գնում ընտրությունների, որ բնակչության ուղիղ կեսին վերաբերվում են որպես ահաբեկիչների: Սա բնավ լավ բան չի խոստանում: