Եվրոպան` Թուրքիայի քաղաքական կուսակցությունների տեսանկյունից

Ստեղծված Հինգշաբթի, Հոկտեմբերի 10, 2013, ժ. 14:55-ին
 
 
 

Հայացք Թուրքիայից

 
Եվրոպան` Թուրքիայի քաղաքական կուսակցությունների տեսանկյունից

Բուրչին Գերչեք

 

 
Բուրչին Գերչեք

Լրագրող Թուրքիայից

Դարասկզբին լայնորեն քննարկվող Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցն այսօր այլեւս թուրքերին չի հուզում: Ըստ հարցումների՝ եթե 2002-ին անդամակցությանը կողմ էին բնակչության 75 տոկոսը , ապա այսօր թուրքերի միայն 33 տոկոսն է այն կարծիքին, որ պետք է շարունակել բանակցությունների գործընթացը մինչեւ լիիրավ անդամակցություն: Այս անկումը մասամբ պայմանավորված է բանակցությունների դանդաղեցումով, սակայն դա հիմնականում քաղաքական կուսակցությունների՝ հատկապես իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP)  ձեւավորած նոր դիսկուրսի արդյունք է: Ստորեւ՝ Թուրքիայի  խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների Եւրոպայի տեսլականը: 

 



ԱԶԿ-ն ու Եւրոպան. «Քեզ կսիրեմ միայն եթե դրա կարիքը զգամ»


Բնութագիր
. ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն, AKP) իշխանության ղեկին է 2002-ից իվեր: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը պահպանողական իսլամական ուղղվածություն ունի: 2011-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել է ձայների 49.9 տոկոսը և 322 մանդատ ունի 550 տեղանոց Ազգային մեծ ժողովում (երկու պատգամավորի մահվան պատճառով այս պահին խորհրդարանը 548 անդամ ունի):

Ծրագիր. Եւրոմիության հետ հարաբերությունները առանձին գլխում չեն քննարկվում,  բայց ընդգրկված են արտաքին քաղաքականությանը նվիրված բաժնում: Փոքր մանրուք, որը բացահայտում է՝ թե ինչքան է կուսակցությունը կարեւորում այս թեման:

ԱԶԿ-ն պաշտպանում է երկրի անդամակցությունը Եւրոմիությանը, բայց այս աջակցության ձեւակերպումը փոքր-ինչ երկիմաստ է: «Թուրքիան հնարավոր կարճ ժամկետներում կկատարի անդամության թեկնածու մյուս երկրներին ներկայացված պահանջները և կփորձի խուսափել արհեստական հարցերից, որոնք կարող են հայտնվել օրակարգում», - ասվում է կուսակցության ծրագրում: Այլ մանրամասներ չեն տրվում այդ «արհեստական հարցերի» բնույթի մասին:

Բացի այդ, ԱԶԿ-ի ծրագիրը մի շարք հղումներ է անում ԵՄ անդամակցելու չափանիշներին, մասնավորապես այն հատվածներում, որտեղ խոսվում է Ազգային անվտանգության խորհրդի,  բյուջեում հետազոտությունների եւ զարգացման, ինչպես նաեւ խնայողական հիմնադրամի կառավարման մասին: ԱԶԿ-ն խոստանում է այս ոլորտներում հասնել եւրոպական չափանիշներին: Նա հավաստում է նաեւ, որ «ամենակարճ ժամկետներում օրենսդրական բարեփոխումներ կիրականացվեն՝ համապատասխան ժողովրդավարացման սկզբունքների Կոպենհագենյան չափանիշներին:

Կուսակցության ծրագրից բացի, եւրոպական հեռանկարը ներառված է նաեւ նրա «Թիրախ 2023» կոչվող նպատակների փառահեղ ցուցակում: Բայց դրանք բազմաթիվ այլ խոստումներից ետ են մնում, ինչպիսիք են «Գիրության դեմ պայքարը սկսվում է դպրոցում» կամ «Մենք վերջ ենք տալու ալեհավաքների պատճառած վնասներին»: Զարմանալիորեն,  անդամակցությունը ԱԶԿ-ի 2023-ի նպատակների մեջ չէ: ԱԶԿ-ն նախատեսում է 2023-ին «շարունակել Եւրոմիություն մտնելու ջանքերը (.....), չնայած որոշ ԵՄ երկրների անարդար եւ անհիմն դիմադրությանը»: Նշվում է նաեւ, որ «բանակցային գործընթացում կատարվող բարեփոխումները ուժի մեջ կմտնեն ի շահ մեր երկրի ու քաղաքացիների»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին կամ Հայոց ցեղասպանության նկատմամբ կուսակցության դիրքորոշմանը, այդ մասին ոչ մի խոսք չկա ԱԶԿ-ի ծրագրում:

Գործնականում. 2002-ից 2006թթ ԵՄ անդամակցության հեռանկարը եղել է ԱԶԿ-ի վարած քաղաքականության շարժիչ ուժը: Այն ժամանակ կուսակցությունը լիովին պաշտպանում էր Թուրքիայի մուտքը Եւրոպա, և շատ արագ կատարում էր անհրաժեշտ բարեփոխումները՝ Կոպենհագենյան չափանիշներին համապատասխանելու նպատակով: Իրականացվում են ժողովրդավարացման բարեփոխումներ, այդ թվում նաեւ խոսքի ազատության ընդլայնումը: Քրդական հարցը և Հայոց ցեղասպանությունն այլեւս տաբու չեն համարվում: Կիպրոսում ստատուս քվոն պաշտպանող պաշտոնական քաղաքականությունն սկսում է փոխվել և  զգալի առաջընթաց է նկատվում բանակի քաղաքական դերակատարության թուլացման ուղղությամբ: ԱԶԿ-ի բոլոր այս բարեփոխումները վայելում են գործարար շրջանակների, թուրք մտավորականների և Արեւմուտքի՝ մասնավորապես Բրյուսելի աջակցությունը: Այդ ժամանակ դա շատ անհրաժեշտ աջակցություն էր, քանի որ բանակի հետ հարաբերությունները մնում էին լարված, ինչպես նաեւ պետական հեղաշրջման սպառնալիքները՝ դեռեւս առկա: ԱԶԿ-ն գիտի, որ իր գոյությունը կախված է երկրի  ժողովրդավարացումից, իսկ Եւրոպան նրան տալիս է բանակի քաղակական կշիռը նվազեցնելու անհրաժեշտ լեգիտիմությունը:

Սակայն 2006 թվականից շրջադարձ է կատարվում և բանակցային գործընթացն սկսում է դանդաղել: 2011թ ԱԶԿ-ը երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տանում ձայների 49,9 տոկոսով: Միեւնույն ժամանակ, Էրգենեքոնի եւ Բալյոզի դատավարություններով հեղաշրջման ցանցերը գրեթե կազմաքանդվում են:  2010 թվականի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ձայների 58 տոկոսն ստանալուց հետո՝ ԱԶԿ-ն այլեւս վստահ է, որ իրեն ոչինչ չի կարող սպառնալ: Երկրում գրանցված բացառիկ տնտեսական աճը – մինչդեռ տնտեսական ճգնաժամը լրջորեն ցնցում է Եւրոպան - Էրդողանին հուշում է, որ ԵՄ-ն իրեն գուցե այդքան էլ անհրաժեշտ չէ: Ի վերջո, նա իր իշխանությունը լեգիտիմացնելու համար այլեւս դրա կարիքը չունի: Սա նաեւ այն ժամանակն է, երբ սկսում են խոսել  «թուրքական մոդելի» մասին, որը պիտի ոգեշնչեր արաբական երկրներին՝ մահմեդական մի երկրում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացով: «Արաբական գարունները» և տարածաշրջանում տեղի ունեցող մյուս փոփոխությունները  մտածել են տալիս Էրդողանին, որ ինքը կարող է դառնալ Մերձավոր Արեւելքի (և նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայի, Բալկանների ու Կովկասի) առաջնորդը: Ելնելով այդ իրավիճակից՝ Եվրոպան կորցնում է հետաքրքրությունը Անկարայի նկատմամբ, որն իր հերթին գրեթե ոչինչ չի անում բանակցություններն առաջ տանելու համար:

Բարեփոխումները դադարեցված են, աճում են ավելի ավտորիտար ռեժիմի ստեղծման նշանները, որտեղ լրատվամիջոցները դիմում են ինքնագրաքննության՝ իշխանության զայրույթը չառաջացնելու համար: Հակադարձելով Թուրքիայի ԵՄ անդամակցությանն առնչվող զեկույցներին, որոնք գնալով ավելի քննադատական են դառնում, Էրդողանը 2011-ին չի վարանում հայտարարել, որ «Նրանց գործը զեկույցներ գրելն է, իսկ մերն էլ՝ մեր ուզածն անելը»: Հաջորդ տարի, անդրադառնալով մտահոգիչ զեկույցներին, այս անգամ ԱԶԿ-ի անդամ պատգամավորներից մեկն է, որ հայտարարում է «դրանք աղբարկղը նետելու» մասին: 2013թ հունիսին, ի պատասխան Եւրոխորհրդարանի, որը դատապարտել էր Թուրքիայում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված բռնությունները, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «չի ճանաչում այդ որոշումը»: Բողոքի ցույցերին այս կերպ արձագանքելը խոսում է այն մասին, որ Էրդողանը հրաժարվել է եւրոպական երազանքներից: Վարչապետը, ինչպես նաեւ կուսակից պատգամավորների մեծ մասը կառավարության դեմ հանրային ընդվզումը վերագրում են «միջազգային դավադրությանը»: Այսպիսով, նրանք մեղադրում են Եւրոպային «տոկոսադրույքների բարձրացումը պահանջող լոբբիի» մաս կազմելու մեջ, կոշտ գնահատականներ են հնչեցնում օտարերկրյա՝ մասնավորապես եւրոպացի լրագրողների հասցեին, ինչպիսիք՝  օրինակ, BBC-ի և Reuters-ի թղթակիցները:

Star թերթում հուլիսի 19-ին հրապարակված Յիղիթ Բուլութի քրոնիկոնը, ով վերջերս է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական, հայտնում է ԱԶԿ-ի նոր ընտրած ուղու մասին.  «Թուրքիայի համար, նոր Արեւմուտքը այժմ բաղկացած է միայն Միացյալ Նահանգներից: Մենք այլեւս կարիքը չունենք Եվրոպայի եւ նրա նյութական ու հոգեւոր արժեքների, որոնք կարող են բեռ լինել մեզ համար: Եվրոպան մաս չի կազմում և չի կազմելու այն երեք տերությունների, որոնք գոյություն են ունենալու նոր աշխարհակարգում:»

 


ԺՀԿ-ն ու Եւրոպան. «Այո, բայց...»

 

Բնութագիր. ԺՀԿ-ն (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, CHP)  գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է խորհրդարանում: Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցությունը ձգտում է դառնալ սոցիալ- դեմոկրատական, սակայն դժվարանում է ձերբազատվել քեմալական ժառանգությունից և մեծ թվով կուսակցական կադրերի ազգայնական դրսեւորումներից: 2011թ խորհրդարանական ընտրություններին ԺՀԿ-ն ստացավ ձայների 25,9 տոկոսը եւ 134 տեղ  ունի Ազգային մեծ ժողովում:

Ծրագիր. Ի տարբերություն ԱԶԿ-ին, ԺՀԿ-ն առանձին գլուխ է հատկացրել Եւրոպական միության հետ հարաբերություններին: «ԺՀԿ-ն սկզբից եւեթ աջակցում է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:. Լիիրավ անդամակցության նպատակը սոցիալական փոխակերպման մի նախագիծ է, որը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հեղափոխության եւ արդիականացման տեսլականի բնական շարունակությունն է», - հայտարարվում է ծրագրում: Բայց քեմալական գաղափարախոսությամբ տոգորված այս աջակցությունն առանց պայմանների չէ: «Մեր չափանիշը լիիրավ անդամակցությունն է՝ արժանապատիվ, հավասար  պայմաններով, հարգալից՝ մեր հանրապետության հիմնադիր արժեքների նկատմամբ: ԺՀԿ-ն չի ընդունում որեւէ այլ տարբերակ և մերժում է, որ Թուրքիային հատկացվի մյուս անդամներից տարբերվող ինչ-որ հատուկ կարգավիճակ»: Կուսակցությունը դեմ է, մասնավորապես, «միակողմանի զիջումներին, որոնք չեն պահանջվում այլ երկրներից», ինչպես նաեւ այն սահմանափակումներին, որոնք առնչվում են ազատ տեղաշարժմանը և գյուղատնտեսական սուբսիդիաներին::

 ԺՀԿ-ի մեկ այլ կարեւոր պահանջն է անդամակցության գործընթացը չկապել «Կիպրոսի խնդրի» հետ: Նա անընդունելի է համարում, որ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ կառույցներում ներկայացնի ողջ Կիպրոսը: Կուսակցությունը դեմ է նաեւ այն փաստին, որ «Լոզանի պայմանագրի հետ անհամատեղելի պայմաններ են թելադրվում Թուրքիային»: Այդ «պայմանների»  մասին ոչ մի բացատրություն չի տրվում, բայց ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ խոսքը Բրյուսելի պահանջած փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող բարեփոխումների մասին է, ինչպիսին է Հալքի կղզու (Հեյբելիադա) հունական ուղղափառ դպրեվանքի վերաբացումը: Այս նյութի շուրջ 2010թ հրապարակված զեկույցում՝ կուսակցությունը դեմ էր արտահայտվում դրա բացմանը որպես հոգեւոր դպրոցի և առաջարկում էր այն կցել Ստամբուլի  աստվածաբանական ֆակուլտետին:

Կուսակցությունն իր ծրագրում մի շարք հղումներ է անում «եւրոպական չափանիշներին»: Հիպերմարքեթների օրենսդրությունից բռնած մինչեւ շրջակա միջավայրի տարբեր քաղաքականություններ՝ ԺՀԿ-ն մտադիր է հասնել ԵՄ չափանիշներին:

Կուսակցությունը կարեւոր տեղ է հատկացնում Եւրոպային: ԺՀԿ-ն Բրյուսելում մի ներկայացուցիչ ունի, որը պատասխանատու է հետեւել բանակցային գործընթացին եւ տեղեկացնել Եւրոպական կառույցներին Թուրքիայի անցուդարձի մասին: Կուսակցությունը փորձում է այս կերպ ազդել Թուրքիային առնչվող որոշումների վրա, որոնք ընդունվում են Եւրոխորհրդարանի կողմից:

Ի տարբերություն ԱԶԿ-ի ծրագրին, Հայաստանի հետ հարաբերությունները և Հայոց ցեղասպանությունը տեղ են գտնում ԺՀԿ-ի ծրագրում: Եւ դա արվում է այն ձեւով, որ լիովին համահունչ է թուրքական պետության պաշտոնական գաղափարախոսությանը: «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կապված է մի շարք հանգամանքների հետ. Հայաստանը պետք է ետ քաշվի ադրբեջանական գրավյալ տարածքներից, հրաժարվի հայկական կազմակերպությունների միջոցով աշխարհով մեկ նախաձեռնած ցեղասպանության պնդումներից (ինչը նա իրականացնում է խախտելով միջազգային իրավունքը), և վերացնի այն խորհրդանիշներն ու հայկական պետության պաշտոնական փաստաթղթերի այն դրույթները, որոնք տպավորություն են թողնում, որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներ ունի»: Ինչ վերաբերում է ցեղասպանությանը՝ ԺՀԿ-ն կրկնօրինակում է պաշտոնական Անկարայի հռետորությունը և հայտնում, որ «շարունակելու է իր վճռական կեցվածքն ընդդեմ այսպես կոչված Հայոց ցեղասպանության մեղադրանքների»: Ծրագիրը շեշտում է, որ պետք է այդ հարցը թողնել անկախ պատմաբաններին:

Գործնականում. Արդիականության ստանդարտները խորհրդանշող ԵՄ (չափազանց թանկ սկզբունքներ՝ իր ընտրազանգվածի համար) անդամակցության գործընթացը 2000-ի սկզբին բնականաբար ԺՀԿ-ի աջակցությունն էր վայելում: Այսպես, 2002թ հարցումները ցույց են տալիս, որ կուսակցության ընտրողների 83 տոկոսը ցանկանում է երկիրը ԵՄ կազմում տեսնել: Սակայն այս միտումը սկսում է փոխվել 2002-ի ու 2006-ի միջեւ ընկած ժամանակահատվածում, երբ ԱԶԿ-ն  սեփականացնում է եւրոպական ծրագիրը և նախաձեռնում է բարեփոխումներ, որոնք, ըստ քեմալականների, վտանգում են «ազգային ինքնիշխանությունը»:  Հենց այդ ժամանակ, «քուրդ» կամ «փոքրամասնություն» բառն իսկ սկսում է ԺՀԿ-ի մոտ ալերգիա առաջացնել: ԵՄ անդամակցության համար իրականացված ժողովրդավարացման բարեփոխումները և Կիպրոսի հակամարտության կարգավորման համար կատարված քայլերը դիտվում են որպես «զիջումներ, վերադարձ դեպի Սեւրի պայմանագիր ու երկրի վաճառք՝ օտարերկրացիներին»: Աշխարհիկ կարգերի հավատարիմ պաշտպան ԺՀԿ-ին շատ է անհանգստացնում նաեւ այն փաստը, որ Բրյուսելը պահանջում է դադարեցնել բանակի դերակարությունը քաղաքական կյանքում:  Քանի որ համաձայն կուսակցության՝ միայն զինվորականները կարող են կանխել հասարակության իսլամացումը նախատեսող ԱԶԿ-ի «թաքնված օրակարգի» իրագործումը:  2006-ին, կուսակցության այն ժամանակվա նախագահ Դենիզ Բայքալը չվարանեց հայտարարել, թե «եւրոպական օրենսդրության հետ ներդաշնակեցման օրենքները փչացնում են Թուրքիան: Մենք այլեւս չենք աջակցելու անդամակցության գործընթացին»:

Աշխարհիկության պաշտպանության վրա հիմնված հակաեվրոպական այս քաղաքականությունը, ինչպես նաեւ  ազգայնական հռետորաբանությունն սկսեցին փոխվել 2010-ին Դենիզ Բայքալին փոխարինած Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:  ԺՀԿ-ի ցուցափեղկը 2011-ին նորոգվեց  եւրոպամետ պատգամավորներով, որոնք պաշտպանում էին ժողովրդավարացման բարեփոխումները, ինչպիսիք են Շաֆաք Փավեյը և Սեզգին Թանրըքուլուն: Փոքրամասնությունների իրավունքները եւս որոշ պատգամավորների մտահոգության առարկա են դառնում: Այպես, Բուրսայից ընտրված պատգամավոր Այքան Էրդեմիրը օրինագիծ է առաջարկում, որ Իմրոզ կղզու հունական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիները կարողանան սովորել իրենց մայրենի լեզվով: Բայց կուսակցության կադրերի մի մասի ազգայնական դրսեւորումները դեռ թույլ չեն տալիս, որ կուսակցությունը բացահայտ եւրոպամետ քաղաքականություն վարի:

 


ԱՇԿ-ն  ու Եւրոպան. «Չեմ կարող խոստովանել, որ քեզ ատում եմ»


Բնութագիր.
ԱՇԿ-ն (Ազգայնական շարժում կուսակցություն, MHP) թուրք ծայրահեղ ազգայնականների պատմական օջախն է: Այս վերջիններից են առաջացել Գորշ գայլերը, որոնք 70-ական թվականներին բռնի արարքների մեջ էին ներգրավված: Դեւլեթ Բահչելիի ղեկավարած կուսակցությունը 2011-ի  օրենսդիր մարմնի ընտրություններում ստացավ  ձայների 13 տոկոսը և 52 տեղ ունի խորհրդարանում:

ԱՇԿ-ն իր ծրագրում ուշագրավ մի աճպարարության է դիմում Եւրոմիությանը բացահայտ «ոչ» չասելու համար՝ միաժամանակ չպաշտպանելով երկրի ԵՄ անդամակցությունը:  «ԵՄ  հետ հարաբերությունների բնույթը եւ շրջանակը պետք է նորից սահմանվեն: ԵՄ հետ հարաբերությունները մենք չենք դիտարկում որպես ինքնության կամ ճակատագրի հարց Թուրքիայի համար: (...) Թուրքիան ոչ կարիք ունի, ոչ ստիպված, ոչ էլ դատապարտված է ներքաշվել ԵՄ ուղեծրի մեջ»,- ճշտում է կուսակցությունը: Այնուհետեւ թվարկվում են պահանջները. Կուսակցությունը կողմ է շարունակել բանակցությունները, եթե դրանք չեն վնասում Թուրքիայի շահերին՝ «Ազգային միաբանության, ահաբեկչության, Կիպրոսի, Հունաստանի եւ Հայաստանի» ոլորտներում :

Կուսակցությունը 2010-ին դավադրության տեսություններով լի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի վերաբերյալ շատ թերահավատ մի զեկույց պատրաստեց: Զեկույցը պնդում էր, որ ԵՄ պահանջները - Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ – նշանակում են «Սեւրի պայմանագրի վերակենդանացումը»: «Եւրոմիության միակ նպատակը Թուրքիայի նման կարեւոր երկիրը ռազմավարական առումով վերահսկելն է»,-եզրակացնում էր զեկույցը:

Գործնականում. Չնայած այս թերահավատությանը, ԱՇԿ-ն Թուրքիայի ԵՄ մտնելու համար առանցքային մի բարեփոխման տակ իր ստորագրությունը դրեց: 2002թ հուլիսին, իշխող կոալիցիան – որին անդամ էր ԱՇԿ-ն - խորհրդարան ներկայացրեց մահապատժի վերացման մասին օրենքը, որն էլ այնուհետեւ վավերացվեց:

Որոշ բարեփոխումների դժկամությամբ աջակցելուց հետո, կուսակցությունը վերագտնում է իր հակաեւրոպական դիսկուրսը: 2007-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում,  կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին առաջարկում է կասեցնել անդամակցության բանակցությունները:  Կուսակցությունը սերտ հարաբերություններ է հաստատում Եւրոպայի նկատմամբ թերահավատ ԵՄ անդամ երկրների կուսակցությունների հետ: 2012թ սեպտեմբերին՝ ԱՇԿ գլխավոր քարտուղարն ընդունում է Հունգարիայի Յոբբիկ կուսակցության նախագահին, ով հայտնում է, որ իր երկիրը «հետընթաց է ապրում  ԵՄ անդամակցության պատճառով»: ԵՄ փոխարեն՝ ԱՇԿ-ն շարունակում է երազել  «Թուրանի»՝ Կենտրոնական Ասիայի ծագում ունեցող երկրների ուտոպիական միության մասին:

Կուսակցությունը դեմ է կառավարության ձեռնարկած PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուակցություն) հետ «խաղաղության գործընթացին», ինչպես նաեւ հակամարտությունը կարգավորելուն ուղղված Եւրոպայի աջակցությանը: Միաժամանակ, ԱՇԿ որոշ պատգամավորներ Թուրքիայի գյուղատնտեսության ոլորտում ծագած խնդիրները վերագրում են ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցման օրենքներին: Այսպես, Ադանայի պատգամավոր Ալի Հալամանը Եւրոմիությանը մեղադրում է Թուրքիայում բամբակի արտադրությունը տապալելու մեջ: Եւրոմիության հարցերով նախարարության 2013 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում՝ ԱՇԿ պատգամավորները պահանջում էին փակել այդ գերատեսչությունը և հայտարարում էին, որ «կառավարության եւրոպական պատմությունն ավարտված է»:

 



ԽԺԿ-ն ու Եւրոպան. Աջակցություն ժողովրդավարացմանը


Բնութագիր.
ԽԺԿ-ն (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն, BDP) քրդական շարժմանը մոտ կանգնած կուսակցություն է: Խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10 տոկոսանոց ընտրական շեմը շրջանցելու նպատակով՝  ԽԺԿ-ի անդամներն ընտրություններին մասնակցեցին որպես «անկախ» թեկնածուներ, ստանալով քվեների մոտ 7 տոկոսը, սակայն քրդաբնակ քաղաքներում հասնելով և նույնիսկ գերազանցելով 70 տոկոսը:  Երկու համանախագահների՝ Սելահաթթին Դեմիրթաշի ու Գյուլթան Քըշանաքի ղեկավարած այս կուսակցության ձեռքում են գտնվում քրդական շրջանների բազմաթիվ քաղաքապետարաններ: Կուսակցության պատգամավորներն էլ առանցքային դեր ունեն կառավարության և ցմահ բանտարկյալ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ ընթացող բանակցություններում:  խորհրդարանում ԽԺԿ-ն 29 ներկայացուցիչ ունի:

Ծրագիր. Եւրոմիության հետ հարաբերությունները քննարկվում են «Մեր տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությունը» խորագրով բաժնում: ԽԺԿ-ն հավաստիացնում է, որ «համագործակցության եւ համերաշխության» շրջանակներում հարաբերություններ է հաստատելու մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ հետ: Այնուամենայնիվ, մի նախազգուշացում է կատարվում: «Աշխարհում խաղաղության պահպանման աշխատանքը (...) կարելի է իրականացնել առանց կրելու որեւէ այլ ազդեցություն այդ կազմակերպություններից».

ԽԺԿ-ն հավաստում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է կուսակցության միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքը:  Այնուհետեւ նա նշում է, որ Թուրքիան «պոտենցիալ կերպով մոտ է կանգնած»  եւրոպական արժեքներին:

Ծրագիրն անդրադառնում է նաեւ ԵՄ հետ Հարավային Կովկասի երեք երկրների մերձեցմանը:  ԽԺԿ-ն «ժողովրդավարացման առումով» իր աջակցությունն է հայտնում ԵՄ անդամակցությանը: Կուսակցությունն իր «պարտականությունն է համարում»  օրենսդրության ներդաշնակեցումը եւրոպական չափանիշների հետ և խոստանում է ջանք գործադրել հիմնելու «ժողովուրդների հավասարության վրա հիմնված ժողովրդավարական Եվրոպան՝ ընդդեմ կապիտալի Եւրոպայի»:

Եւրոպային նվիրված բաժնում, ծրագիրը քննարկում է նաեւ Հայաստանիհետհարաբերություններն ուՀայոցցեղասպանությունը: «ԵՄ հետ բանակցային գործընթացում հանդիպող կարեւոր հարցերից մեկն էլ հայկական հարցն է»,-հայտնում է կուսակցությունը: «Թուրքիան պետք է համարձակություն ունենա առերեսվել իր պատմության հետ և լուծել 1915-ի ողբերգության  հետեւանքները՝ պատմական ճշմարտության եւ գիտության լույսի ներքո»: ԽԺԿ-ն խոստանում է նաեւ աշխատել Հայաստանի հետ սահմանների բացման՝ նրա հետ տնտեսական, սոցիալական եւ մշակութային համագործակցության հաստատման ուղղությամբ:

Գործնականում. ԽԺԿ-ն հատուկ նշանակություն է տալիս Եւրոպայի հետ հարաբերությունների զարգացմանը: Կուսակցության պատգամավորները հաճախ են հանդիպում եւրոպական կառույցների ներկայացուցիչների հետ և նրանց իրազեկում՝ հատկապես քրդական խնդրի մասին: Այդ շփումներում որոշ սառնություն էր նկատվել, երբ կուսակցության հարաբերությունները PKK-ի հետ հարցականի տակ դրվեցին Բրյուսելի կողմից կամ երբ PKK-ամետ ROJ TV-ն, որը հեռարձակվում է Դանիայից, փակման սպառնալիքի տակ էր: Սակայն հարաբերությունները արագ վերականգնվեցին:

Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների թվում՝ ԽԺԿ-ն առանձնանում է տեղական ինքնակառավարման Եւրոպական խարտիային տված կարեւորությամբ: 2012թ կուսակցությունը ազդարարել էր, որ  Խարտիայի հիման վրա քրդական շրջանների քաղաքապետարանները պետք է հայտարարեն իրենց «ժողովրդավարական ինքնավարությունը»: ԵՄ անդամակցության աջակիցների մեջ ԽԺԿ-ի ընտրողներն ամենամեծ թիվն են կազմում: Ըստ 2013-ի հարցումների՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ այդ աջակցությունը իջել է մինչեւ 33 տոկոս, մինչդեռ ԽԺԿ-ն ընտրողների 88 տոկոսը կողմ է Եւրոպային միանալու հեռանկարին: