Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման պատը ճաք է տալիս

Ստեղծված Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2015, ժ. 05:55-ին
 
 
  Հայացք Թուրքիայից

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման պատը ճաք է տալիս

Մուրաթ Փաքեր

 

 

 
Մուրաթ Փաքեր

Բիլգի համալսարանի Կլինիկական հոգեբանության մագիստրոսային ծրագրի տնօրեն

Այս հոդվածում Մուրաթ Փաքերն անդրադառնում է տրավմա հասկացությանը՝ մասնավորապես «սոցիալական տրավմային», որը համապատասխանում է նույնքան 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերին, ինչքան քրդերին ու ալեւիներին: Նա շեշտում է նաեւ ընդհանուր սոցիալ-քաղաքական կոնտեքստի կարեւորությունը, որը, նրա խոսքով, տրավմաների առաջացման մեջ որոշիչ դեռ ունի: Հոգեթերապեւտն այնուհետեւ տալիս է բռնություն գործադրողների բնութագիրը, որն իր բազմազանությամբ հանդերձ, ունի որոշ ընդհանուր հատկանիշներ, ինչպիսիք են էմպատիայի բացակայությունը և հակասոցիալական  նկարագիրը: Այնուհետեւ նա անդրադառնում է այն շարժառիթներին, որոնք այդ ժամանակվա օսմանյան կառավարող էլիտային մղեցին ցեղասպանություն իրականացնելու և վերլուծում է դրա ժխտման պատճառները, որոնք, նրա կարծիքով, ընկած են Թուրքիայի հանրապետության ստեղծման հիմքում: Եվ վերջապես, վերադառնալով թուրքական տարբեր վարչակարգերի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության հետեւանքներին, Մուրաթ Փաքերը նշում է, որ որոշ համալսարականների նորարական աշխատանքները ժխտման պատում ճեղք են առաջացրել: Սա շատ դանդաղ մի գործընթաց է, որը պետք է արվի թուրք-քրդական հարցի կարգավորման զուգընթաց, հեղինակի խոսքով՝ մի նոր Թուրքիայի գոյացման համար պարտադիր նախապայման:

Սոցիալական կարեւոր իրադարձությունները տրավմա առաջացնո՞ւմ են արդյոք: Հնարավո՞ր է խոսել սոցիալական տրավմաների մասին:

Տրավման մի երեւույթ է, որը կարելի է բնութագրել թե՛ անհատական մակարդակով և թե՛ տարբեր սոցիալական խմբերի մակարդակով: Նրա ներգործությունը նկատելի է ինչպես անհատական և ընտանեկան մակարդակներում, այնպես էլ հավաքական մակարդակում: Օրինակ, երբ մի գյուղում խոշոր աղետ է տեղի ունենում, ամբողջ գյուղը տուժում է կոլեկտիվ մակարդակով: Այսինքն՝ տրավմատիկ իրավիճակը, աշխարհագրական իրադարձության պատճառով, այնտեղ ապրող մարդկանց մակարդակով սոցիալական տրավմայի է վերածվում:

Եվ, իհարկե, անկախ աշխարհագրական դիրքից և իրադարձություններից կան նաեւ տարբեր սոցիալական խմբերին և էթնիկական խմբերին առնչվող տրավմատիկ իրադարձություններ: Ընդհանուր առմամբ, այդ տրավմաները կարելի է դասել քաղաքական բռնությունների շարքին: Այդ դեպքում այն կարող է տարբեր աստիճաններով ազդել տվյալ սոցիալական խմբի վրա: Թուրքիայի պարագայում, օրինակ, կարելի է խոսել քրդերի, ալեւիների կամ հայերի ապրած սոցիալական տրավմաների մասին: Եթե բոլոր այդ սոցիալական խմբերը որոշակի իրադարձությունների պատճառով՝ իրենց սոցիալական ինքնության համար են թիրախ դարձել, ապա պարզ է, որ տրավման անհատական լինելուց բացի՝ ձեռք է բերում նաեւ սոցիալական հատկանիշ:

Բռնության ենթարկված մարդկանց ապրած տրավմաների մասին ուսումնասիրություններ կան, իսկ գոյություն ունի՞ արդյոք բռնություն գործադրած անձի տրավմա:

Երբ տրավմայից ենք խոսում, դրա մեջ մտնում են նաեւ բնական աղետներն ու վթարները: Բայց եթե սահմանափակվենք մարդու սարքած, մարդու ձեռքով իրականացված տրավմաներով, ապա մեկի կամ մի քանիսի կողմից ուրիշներին զանգվածաբար կամ անհատաբար միտումնավոր վնասելուց, վիրավորելուց և սպանելուց մինչեւ ցեղասպանություն երկարող մի լայն շրջանակ կա:

Ինչ վերաբերում է հանցագործների՝ այսինքն բռնություն գործադրողների ապրումներին, ապա նման ընդհանրացումներ անելը մի քիչ դժվար է: Տրավմայից խոսելիս, ես այստեղ ուզում եմ սահմանափակվել քաղաքական բռնություններով, գողության, կողոպուտի նման բաների չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դրանք այլ դինամիկաների հետ են կապված: Քաղաքական բռնություն ասելով, մենք արդեն նկատի ունենք խոշտանգումներից, պետության կամ այլ կազմակերպությունների անունից գործված քաղաքական սպանություններից, առեւանգումներից, սպառնալիքներից, խեղումներից, բռնի գաղթից, զանգվածային սպանություններից մինչեւ ցեղասպանություն հասնող մի լայն շրջանակ: Այստեղ որպես հանցագործ հանդես եկող անձինք, իհարկե, բազմազան են: Տարբեր հետազոտություններ նրանց մի մասին հակասոցիալական է համարում՝ այսինքն հին եզրաբանությամբ պսիկոպատ (հոգեկան խանգարումներով տառապող) կոչվող մարդկանց հատկանիշները կրող մարդիկ: Նրանք մարդիկ են, ովքեր չեն կարող «օտարի» հետ սիրալիր հարաբերությունների մեջ մտնել, երբեւիցե ափսոսանք զգալ: Նրանք, ամենայն հավանականությամբ, մանկության տարիներին ծանր տրավմաներ ապրած, էմպատիայի ու ափսոսանք զգալու ունակությունները չզարգացած մարդիկ են: Իսկ փոքրամասնություն կազմող այս հակասոցիալական հատկություններին տեր հանցագործները առանց խղճի, առանց ափսոսանք զգալու շարունակում են իրենց ուղին: Նման իրավիճակների համար վերջիններս արդեն շատ հարմար են՝ իշխանությունները նրանց շատ հեշտությամբ կարողանում են օգտագործել:

Շատ դեպքերում, մեղավորներն այդ արարքներն արդարացնում են իրենց զբաղեցրած պաշտոնով, ունեցած սոցիալական դերով: Դրանց մաս են կազմում բանտապահը, զինվորը, ոստիկանը կամ ակտիվիստը, այսինքն՝ դերակատարում ունեցող մարդիկ: Մեկը կամ մյուսը նրանց ասում է՝ գնա սա արա, դա արա, սրան սպանիր, նրան վնասիր, այստեղ կրակի տուր, այնտեղ քանդիր: Հենց այստեղ է, որ գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կապված են իրավիճակի լրջության և, ամենակարեւորը,  վտանգի աստիճանի ընկալման հետ:

Եթե հրաման կատարող անձերը իրենց նույնացնում են տվյալ խմբի հետ, եթե նրանք համարում են, որ այդ խմբի դեմ սպառնալիքները լուրջ են, այդ դեպքում նրանք ավելի հեշտությամբ են մասնակցում այդ բռնություններին՝ ավելի հեշտությամբ են սպանում ու վնասում մարդկանց, ջարդում, քանդում, կրակի են տալիս ամեն ինչ: Նրանք կարողանում են  արդարացնել այդ բռնարարքները՝ «Եթե իմ խմբի դեմ ուղղված սպառնալիք կա, ուրեմն ես էլ եմ սպառնալիքի տակ՝ պարզ է, որ պետք է իմ խմբի համար պայքարեմ»: Սա ամենատարածված վիճակն է: Ոմանք կարող են այն իրականացնել ավելի մեծ ոգեւորությամբ, ոմանք՝ դժկամությամբ, իսկ փոքր մասն էլ հրաժարվում է: Հրաժարվողների թիվը փոքր է, քանի որ հրաժարվելու գինը մեծ է. հատկապես պատերազմի ժամանակ հրաժարվելը հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվելու նման չափազանց մեծ ռիսկեր է պարունակում: Այդուհանդերձ, թեկուզ քիչ թվով, բայց ոմանք կարողանում են հրաժարվել որոշ հրամաններ կատարելուց կամ էլ փախչում են: Օրինակ, եթե պատերազմի ժամանակ դասալքության գլխավոր պատճառներից մեկը վախն է, ապա մեկ այլ պատճառն էլ կեղտոտ գործերից խուսափելն է: Քանի որ պատերազմի ընթացքում շատ հաճախ պահանջվում է կեղտոտ գործեր անել, այդ պատճառով էլ ոմանք դրանից խուսափելու համար փախուստի են դիմում: Եթե մարդը վտանգը աչքի առաջ ունենալով չի կարողանում փախչել, ապա հնարավորինս փորձում է այն արդարացնել:

Ահա, այսպես է լինում իրադարձությունների ընթացքում, իսկ ի՞նչ է կատարվում դրանից հետո: Եթե հարցին նայենք այն տեսակետից, թե ինչ զգացումներ են ապրում մեղավորները կամ բռնություն գործադրած անձինք բնականոնացման ժամանակահատվածում, ավելի լավ կհասկանանք այնտեղ տիրող սոցիալ-քաղաքական մթնոլորտը: Օրինակ, Վիետնամի պատերազմի վետերանները... Նրանք ամերիկյան պետության համար աշխարհի մյուս ծայրը գնացին՝ կռվեցին, մահացան, վիրավորվեցին, բազում դժվարություններ, տրավմաներ ապրեցին պատերազմի ընթացքում: Ինչպե՞ս էին նրանք փորձում այն իմաստավորել. «Մեր երկրի, մեր ժողովրդի համար արեցինք, կոմունիզմի վտանգի դեմն առնելու համար արեցինք, սա արեցինք, նա արեցինք» ասելով: Վերադարձին, երկրում Վիետնամի պատերազմի դեմ ընդհանրապես շատ քննադատական, այդ պատերազմը անիմաստ համարող և դատապարտող քաղաքական մի մթնոլորտ էր տիրում: Հետեւաբար, այդ զինվորների մեծ մասը իրեն շահագործված զգաց՝ անիմաստ տեղը  մեծ կորուստներ էին կրել: Նրանք պատերազմի բազմաթիվ վտանգներ էին հաղթահարել, բռնություն էին գործադրել ու մարդկանց սպանել, բայց վերադաձին իրենց գործած հանցանքներն իմաստավորելու, ռացիոնալացնելու շրջանակը փլուզվել էր: Այլեւս դժվար էր ամերիկյան ազգայնականության կամ միլիտարիզմի անունից հայտարարություններ անել: Եւ ահա, երբ նրանք սկսեցին վատ զգալ, իրենց արած գործը կասկածի տակ առնել՝ նրանց մոտ առաջացան մի շարք հոգեբանական խնդիրներ: Թեեւ այստեղ ամեն ինչ սեւ ու սպիտակի չենք կարող վերածել, բայց կարելի է ենթադրել, որ եթե նմանատիպ սոցիալ-քաղաքական մթնոլորտ չլիներ, եթե ամերիկյան հասարակությունը շարունակեր ասել «Դուք առյուծներ եք, հերոսներ», ապա այդ վետերանների զգալի մասը շարունակելու էր դրական ձեւով իմաստավորել, ռացիոնալացնել պատահածը: Հետեւաբար այն հանգամանքը, թե ինչպես են իրենց զգում հանցագործները դեպքից հետո, մեծապես կապված է սոցիալ-քաղաքական համատեքստից, քաղաքական շրջանակների և ընդհանուր հասարակության կողմից այդ դեպքերի առնչությամբ արված մեկնաբանությունից:


1919-1920թթ Ստամբուլում երիտթուրքերի կարճատեւ մի դատավարություն տեղի էր ունեցել: Մամուլը որոշ չափով անդրադարձել է այդ առթիվ խորհրդարանում եղած քննարկումներին:  Այդ օրերին 1915 թվի վերաբերյալ թեեւ որոշ հարցադրումներ հնչել են, սակայն շատ կարճատեւ են եղել և փակվել են: Կարո՞ղ ենք ասել, որ այդ դեպքերի ռացիոնալացումը շարունակվեց վերեւում մեր հիշատակած հարցադրումը հնարավոր դարձնող սոցիալ-քաղաքական միջավայրի բացակայության պատճառով:

1915 թվականը համընկնում է Օսմանյան կայսրության փլուզման ու Թուրքիայի հանրապետության հիմնադրման ժամանակաշրջանի հետ: Անատոլիայի թրքացումը, միատարրացումը, բազմազանությունների վերացումը այդ ընթացքում է տեղի է ունենում: Առաջին աշխարհամարտի նախօրեին օսմանյան Անատոլիայում քրիստոնյաները բնակչության 20-25 տոկոսն էին կազմում: Ավելի ուշ՝ հույների ու հայերի «զտումով» շատ լուրջ միատարրացում սկսվեց: Վերջին հարյուր տարիների ընթացքում Օսմանյան կայսրությունը շատ արագ փոքրացել էր՝ մեծ քանակությամբ տարածքներ,  հարստություն, բնակչություն և հեղինակություն էր կորցրել: Կորուստները շատ մեծ էին և օսմանյան վերնախավը հանգեց հետեւյալին՝ «Մենք Արեւմուտքի դեմ անընդհատ պարտվում ենք, այս պատերազմը մեր վերջին հնարավորությունն է, վերջին առիթը, ապա թե ոչ վերանալու ենք», ահա թե ինչ էին ասում նրանք:

Ո՞րն է այս ամենի պատճառը: «Այն դավաճանները, այսինքն այն քրիստոնյաները, ոչ մուսուլմանները, որոնց համարում ենք մեր քաքաղաքացիները, արեւմուտքցիների հետ ձեռք ձեռքի տված մեզ շարունակ ետեւից դաշունահարում են», մտածում են նրանք: Հետեւաբար փրկվելու համար պետք է միատարր մի ազգ-պետություն ստեղծենք: Իսկ ինչպես կարող ենք դա անել՝ կարող ենք դա իրագործել սուննի-մահմեդական-թուրք միասնությամբ: «Պատերազմի պատրվակով մեր գործն անենք, մեր զտումն իրականացնենք», այսպիսի խիստ խուճապային իրավիճակ էր տիրում: Ուստի հարյուր տարիների ընթացքում  աստիճանաբար ձեւավորված բազմազանության այդ վախը («եթե բազմազան լինենք, բազմատարր լինենք՝ կպառակտվենք, կանհետանանք, կվերանանք») հաղթահարելու որպես դեղամիջոց է առաջարկվում թուրքական ազգայնամոլությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում այս դեղն են ընդունում: Զտումն իրակացվում է: Հանրապետության հիմնադրումից հետո էլ այս դեղամիջոցը շարունակում են օգտագործել՝ թուրքական ազգայնականության միջոցով Թուրքիայի հանրապետությունն է ստեղծվում: Թուրքականությունից և սուննի մահմեդականությունից դուրս գտնվող բոլոր տարրերը, առաջին հերթին հայերն ու հույները, ավելի փոքր չափով՝ ալեւիներն ու քրդերը կենտրոնից դուրս են համարվում: Վտանգավոր այդ «տեղացի օտարները» կամ էլ քրդերն ու ալեւիները կոդավորվում են որպես տարրեր, որոնք պետք է արագորեն ուծացվեն, թրքացվեն, ընդունելի ազգային մակարդակի բերվեն: Մի քանի տասնամյակ գոյություն ունեցող այդ ռեֆլեքսը շարունակվում է նաեւ հանրապետության շրջանում: Եթե 1915 թիվն իր բոլոր ասպեկտներով հարցականի տակ դրվեր հանրապետության առաջին հինգ - տասը տարիներին, ապա դա պիտի նշանակեր հանրապետության հիմքերն իսկ կասկածի տակ դնել: Այնպես որ,  նրանք նախընտրեցին շատ անաղմուկ և արագ կերպով փակել այդ էջը:

Հենց այդ այդտե՞ղ է, որ առաջանում է ժխտումը:

Անկասկած: Իրականում այդ ժամանակ շատ ավելի մեծ թվով մարդիկ տեղյակ էին կատարվածից: Շարքային քաղաքացիների զգալի մասը, իսկ գրեթե ողջ քաղաքական էլիտան գիտեր այդ մասին: Այդ վերնախավի մի մասն արդեն մարդասպան էր և հանրապետության շրջանում շարունակում էր քաղաքական էլիտայի մաս կազմել: Գուցե հանրապետությունը հիմնադրող էլիտայի մի մասը ուղղակի մարդասպան չէր, ինչպես օրինակ Մուստաֆա Քեմալը՝ գուցե նա հայի արյուն չէր թափել, բայց նա նույնպես ընդհանուր առմամբ կիսում էր միատարրացման, թրքացման վրա հիմնված ազգ-պետություն ստեղծելու գաղափարը: Պարզապես նրանց ձեռքերը մյուսների չափ չէր պղծվել, բայց բոլորն էլ նույն մտայնության տեր մարդիկ էին:

Դեռեւս այսօր նո՞ւյն վախն է շարունակվում. «Եթե սրա հետ առերեսվենք՝ կվերանանք».

Հարյուրամյա փոքրացման արդյունքում առաջ եկավ անհետացման շատ լուրջ մտավախություն: Այդ մտավախությունը փարատելու համար հայտնաբերված թուրքական ազգայնականությունից, թրքության վրա հմնված ազգ-պետությունից են կառչում: Սակայն դա այնքան արհեստական է, այնքան հնարովի, որ սոցիոլոգիական և պատմական իրականության մեջ չի տեղավորվում... Դա զոռով սարքած մի բան է: Նրանք արդեն հասկանում են, որ ցանկացած հարցադրում կամ առերեսում կարող է պայթեցնել զոռով՝ մի կերպ կարած հագուստը: Այս առումով սխալ էլ չեն, որովհետեւ այդ հագուստը այնքան նեղ է, այնքան վատ է կարած: Հետեւաբար էլիտային թվում է, թե ամենաճիշտը դրան ձեռք չտալն է՝ կոծկել ու պարտակելը:


Ձեռք չեն ուզում տալ, բայց դրանով դեռեւս հարցը չի լուծվում:

Մղձավանջի, ուրվականի պես ետ է գալիս:

Մերօրյա Թուրքիայում ապրող մարդկանց համա՞ր էլ կա այդ նույն մղձավանջը: Ի՞նչ տեղի կունենա, եթե այսքան տարի թաքցված իրադարձությունը հանկարծ նորից հայտնաբերվի:

Հանրապետության վաղ տարիների սերունդը կատարվածի մասին լավատեղյակ էր, բայց նրան հաջորդող սերունդները մամուլի, հանրային կրթության և այլնի միջոցով տասնամյակներ շարունակ այնպիսի ուսուցում ստացան, որ կարծես երբեք նման դեպք տեղի չէր ունեցել: Իհարկե, երբ այս հարցը 70-ական թվականների Ասալայի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, թարգմ.) գործողություններով Թուրքիայի հանրային կարծիքի ուշադրության կենտրոնում է հայտնվում, Թուրքիայի հասարակության մեծամասնությունն իրոք ոչինչ չէր իմանում: Այնպես չէ, որ գիտեր ու չիմանալ էր ձեւացնում: Եվ իրոք, նրանք մեծ շոկ են ապրում: Իսկ 70-ականների թուրքական ազգայնականությունը և պաշտոնական գաղափարախոսությունը հետեւյալ կերպ էր արձագանքում իրադարձություններին՝ «Մի խումբ խփնված հայեր մեր վրա են հարձակվում»:

Ներկայիս Թուրքիայի հասարակության 1915 թվի և հայկական հարցի հետ ծանոթացումը շատ տրավմատիկ կերպով՝ Ասալայի միջոցով տեղի ունեցավ: Հենց սրա համար է, որ այն մղձավանջի պես եկավ, մարդիկ սկսեցին հարցադրումներ անել՝ «Ինչո՞ւ են սպանում մեզ», «Ի՞նչ են ուզում մեզանից»: Այսպիսով, սկսում են նյութեր կարդալ, կասկածներ ունենալ: Պաշտոնական գաղափարախոսությունը, այս անգամ հայկական թեզերին է հակադրվում՝ «Ոչ, այդպիսի բան չկա» ասող նմանատիպ այլ պաշտոնական թեզեր: Սկվսում է ժխտման ավելի ակտիվ մի ժամանակաշրջան: Նախկինում ժխտման փոքր ինչ ավելի պասիվ շրջան էր, քանի որ պարտադրող բան չկար: Կարծես մոռացված, պարտակված, մի կողմ դրած լիներ: Հիմա ինչ-որ մեկը դիվանագետներիդ է սպանում, զինյալ պրոպագանդայով աչքդ է կոխում այն: Այդ դեպքում բոլորն ուզում են իմանալ, թե «ինչ է կատարվում»: Ապա ստերն ավելի են սաստկանում՝ «Սուտ են ասում, իրականում նրանք են մեզ ջարդել, իրականում չափազանցնում են, իրականում պատերազմ էր»: Այս անգամ ժխտման և մանիպուլյացիայի ավելի ակտիվ մի ժամանակաշրջան է սկսվում, այս ձեւով մի քանի սերունդ է աճում: Թուրքիայում մի քանի սերունդ ակտիվ ժխտման և ուղեղի լվացման գործընթացի միջով է անցնում: Այնպես որ իրավիճակը բավականին խճճված է:  Մեր օրերում խնդիրն առնվազն երկու շերտ ունի՝ մեկը հարյուր տարի շարունակ անտեսման արդյունքում առաջ եկած պասիվ ժխտումն է, իսկ մյուս շերտը 70-ականներից սկսած 30-40 տարվա ավելի ակտիվ, պաշտպանողական և հակազդեցիկ ժխտողականությունն է։

Այնպես որ, ներկա դրությամբ ժխտողականության երկու մակարդակ գոյություն ունի, այդ երկուսի խճճվածությունը զգալիորեն դժվարացնում է Թուրքիայի հանրության առերեսումն իր անցյալի հետ: Վերջին 10-15 տարիների առերեսման ուղղությամբ դանդաղ, բայց իրական քայլեր են ձեռնարկվում: Պաշտոնական մակարդակում դեռ ոչինչ չկա, բայց քաղաքացիական հասարակության մեջ նկատելի են գիտնականների, լրագրողների, արվեստագետների ձեռնարկած ոչ պաշտոնական նախաձեռնությունները, որոնք աստիճանաբար դեպի առերեսում են տանում:

Վերջին տասը տասնհինգ տարիներին երեւի թե ոմանք առերեսվել են իրենց ընտանիքի պատմության հետ: Այդ մարդիկ նկատում են իրենց ընտանիքի պատասխանատվությունը, նկատում են թե որտեղից է գալիս իրենց հարստությունը... Այս բանը նրանց համար տրավմա կարո՞ղ է դառնալ:

Ինչպես ասում էի, տրավմայի առաջացման համար որոշիչը ընդհանուր սոցիալ-քաղաքական կոնտեքստն է, դա շատ կարեւոր է: Օրինակ, ընդհանուր սոցիալ-քաղաքական մթնոլորտը հետեւյալը կարող է լինել՝ «Թուրքական ազգայնականությունը էական է, պատերազմը ուժեղն է հաղթում, ամբողջ աշխարհում է այդպես: Թո՛ղ չպարտվեին»: Բայց երանգը կարող է ավելի արդար, ավելի մարդկային լինել՝ «Եկեք հարգենք միմյանց ցավերը, միմյանց հասկանանք, իրականում բոլորս էլ մարդ ենք, պետք է միմյանց աջակցենք, հարցականի տակ դնենք մեր պատմությունը, առերեսվենք դրա հետ՝ հանուն մարդկության և հանուն քաղաքակրթության»: Եթե ընդհանուր քաղաքական համատեքստը վերջինիս պես լինի, կարող է ես ամոթի զգացում ունենամ ու ասեմ՝ «Գրողը տանի, այս ի՜նչ է արել իմ պապը»: Այն հատուցելու համար կուզենամ ինչ-որ բան անել, թեկուզ խորհրդանշական: Մինչդեռ, Թուրքիայում ընդհանուր քաղաքական համատեքստը դեռեւս պաշտոնական գաղափարախոսությունն է՝ թուրքական ազգայնամոլությունը, որը գնալով վերաճում է պաշտոնական իսլամիստական գաղափարախոսության: Թուրքական իսլամականությունն այսօր ամեն ինչի կենտրոնում մուսուլմաններին ու սուննիականությունն է դնում: Թրքականությունն արդեն կենտրոնում էր, բայց հիմա է՛լ ավելի կենտրոն են գալիս մահմեդականոթյունն ու սուննիությունը: Նրանք նախկինում էլ կենտրոնից շատ հեռու չէին, բայց ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) իշխանության օրոք՝ վերջին տասնամյակում սուննի իսլամականությունն ու թրքականությունը բոլորովին կենտրոնում հայտնվեցին: Մնացած ամեն ինչ սրանով է բնորոշվում: Սա է պատճառը, որ Թուրքիայի բնակչության մեծ մասը՝ պաշտոնական գաղափարախոսության կրողները, պետական վերնախավը, քաղաքական վերնախավը աշխարհին նայում են այս պրիզմայով: Օրինակ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ այս պրիզմայով է դիրտարկվում՝ ով է մեր թշնամին, ով է մեր ընկերը, սրանով է որոշվում: Այլ կերպ ասած՝ հավասարության մասին խոսք անգամ չի կարող լինել:

Այս հարցի քննարկման փաստը կարո՞ղ է օգնել վերքերի բուժմանը:

Փաստորեն, գոնե որոշ ճաքեր առաջացան, դա շատ կարեւոր է: Նախկինում, երբ մեր առջեւ երկաթբետոնե մի կառույց կար, միաձույլ բետոնե ժխտման մի պատ կար՝ տարբեր հրապարակումների, նախագծերի, աշխատությունների, գիտաժողովների, հեռուստատեսային ծրագրերի, գիտնականների նորարական աշխատանքների շնորհիվ բետոնե այդ ուրացման պատին ճաքեր առաջացան: Այդ ճաքերից հիմա ջրեր են հոսում, մարդիկ այդ ջրերին ձեռքով են կպնում, հրապարակումներ են կարդում: Գոյություն ունի ինտերնետ, օտար լեզու իմացողի համար բոլոր գիտելիքները հասանելի են: Ուստի Թուրքիայի հասարակությունը ոչ պաշտոնական մակարդակում, 20-30 տարի առաջվա հետ համեմատած, սա ուզում եմ ընդգծել, շատ ավելին գիտի կամ գոնե ի վիճակի է իմանալու: Անշուշտ սա շարունակվելու է և այդ ճաքերը  կամաց-կամաց պատերը կուլ են տալու: Այնպես որ, ժխտման բետոնե պատը փլուզվելու է, բայց ոչ կարճ ժամանակում: Դեռ ժամանակ կա փլվելուն: Քանի որ այդ պատն ամուր է, իսկ երբ պատը քանդվի դրա տակը շատ բան է մնալու, այսինքն՝ պետության հիմնադրման փիլիսոփայությունը, դրա հիմքերը և նման շատ բաներ հարցականի տակ են դրվելու: Այդ իսկ պատճառով, մեծ թվով մարդիկ աշխատանք են տանում, որպեսզի այդ պատը չփլուզվի, ճեղքերը լցոնվեն, ջրերը շատ չթափանցեն:

Արժե անդրադառնալ նաեւ մեկ այլ գործոնի՝ դա քրդական հարցն է: Դա Թուրքիայում շատ ավելի ակտուալ է և հրատապ, քան հայկական հարցը: Եթե քրդական հարցին իսկապես լուծում գտնվի, քրդերին էլ բավարարելու չափով հանգուցալուծվի, ապա Թուրքիան պետք է միաձույլ պետության վիճակից դուրս գա, ավելի ճկուն՝ հանդուրժող դառնա: Այդ դեպքում, օրինակ, Թուրքիայում ապրող բոլոր մարդիկ պետք չէ, որ «թուրք» կոչվեն: Նոր սահմանումներ գտնելու անհրաժեշտություն է առաջանալու՝ ինչպես «Թուրքիայի հանրապետության քաղաքացի» կամ «թուրքիացի»: Հեշտ բան չէ, քանի որ դիմադրությունը շատ մեծ է, բայց եթե հաջողվի դա անել, կարեւոր փուլ կմտնենք: Սա մի գործընթաց է, որը պետք է արվի ժողովրդավարացմանը զուգահեռ:

Հետեւաբար եթե թուրք-քրդական հարցում որոշակի քայլ արվի, ինչը դժվար է երեւում, ապա առաջին հերթին պետք է շատ սիստեմատիկ կերպով քննարկվի, թե ինչու նման հարց գոյություն ունի: Պետության էությունը և գործունեությունը ներառող այս առերեսման գործընթացից հետո՝ եթե քաղաքական փոխակերպությամբ թուրք-քրդական հարցին որոշակի լուծում տրվի, ապա դա կլինի մի նոր Թուրքիա՝ ավելի հանդուրժող, ավելի հասուն, ավելի ժողովրդավարական մի Թուրքիա: Այդ ժամանակ 1915 թվի՝ Հայոց ցեղասպանության հետ համակերպվելը, դրա մասին խոսելը, դրա հետ առերեսվելը, այն մարսելը ավելի հնարավոր, ավելի դյուրին կդառնա: