Ցեղասպանություն. Արդարադատություն՝ հայացք Հայասատանից:

Ստեղծված Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2014, ժ. 06:55-ին
 
 
  Հայացք Հայաստանից

Ցեղասպանություն. Արդարադատություն՝ հայացք Հայասատանից:

Լիլիթ Գասպարյան

 

 
Լիլիթ Գասպարյան

Լրագրող Հայաստանից

Ամբողջ աշխարհի հայությունը, Հայաստանում եւ Սփյուռքում, պատրաստվում է 2015 թվականին բազմաթիվ միջոցառումներով նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ընդհանրապես հայ հասարակությունում, Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը զուգորդվել են հատուցման, հատկապես՝ տարածքային պահանջները։ Տարբեր խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում տվող բանաձեւերում եւ օրենքներում հատուցման մասին ակնարկի բացակայությունը ստեղծել է թյուր տպավորություն, թե հայերը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումից բացի, այլ պահանջ չունեն։ Դա պարզապես թյուր տպավորություն է։

Հատուցման այդ պահանջը տարբեր ժամանակներում եւ տարբեր շրջանակների կողմից ունեցել է տարբեր սահմանումներ՝ «պատմական արդարության վերականգնում», «պահանջատիրութիւն», «հետեւանքների վերացում» եւ այլն։  

1920-30-ական թվականներին Ապրիլի 24-ը, առավելաբար Սփյուռքում, նշվում էր հիմնականում եկեղեցական սգո արարողություններով։ Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եւս Ապրիլի 24-ը հիշատակվում էր եկեղեցիներում, իսկ հետագայում՝ մինչև 1965 թվականը, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ որպես հարազատների ու մերձավորների հիշատակի օր, հիշվում էր միայն ընտանիքների ներսում: Թուրքիայից հատուցում, հատկապես՝ տարածքային պահանջ ներկայացվում էր հիմնականում քաղաքական կազմակերպությունների կողմից, միջազգային տարբեր վեհաժողովների, քաղաքական շրջանակների ներկայացված դիմումներով։ 

Երկրորդ աշխարհամարտի ավարտին, 1945թ., Սփյուռքում գործող հայկական քաղաքական կուսակցություններն ու հոսանքները դիմեցին նորակազմ Միավորված ազգերի կազմակերպությանը եւ այլ վեհաժողովների՝ աջակցելու խնդրանքով, որպեսզի հայությունը Թուրքիայից վերստանա իր տարածքները, որոնց սահմանը ճշտված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռով։

1946 թվականին, Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարիատը (Արտաքին գործերի նախարարություն)  «Թուրքիայի կողմից հայկական տարածքների զավթումը» վերնագրով եւ N «410 հատուկ նշանակության» թղթածրար է պատրաստում, որտեղ կան բազմաթիվ հիմնավորումներ, թե ինչու Խորհրդային Միությունը պետք է Թուրքիայից պահանջի մի շարք հայկական տարածքներ։

Սառը պատերազմի սկզբնական տարիներին, հայության կողմից այս պահանջները ինչ-որ չափով նվազեցին, բայց երբեք չդադարեցին։ Արեւմուտքում ապրող հայության համար քաղաքականապես հեշտ չէր ասել, որ հող են պահանջում ՆԱՏՈ-ի անդամ պետությունից՝ Թուրքիայից, միացնելու համար Սովետական Միության հանրապետություններից մեկին՝ Խորհրդային Հայաստանին։ Ավելի հեշտ էր խոսել ՄԱԿ-ի կողմից 1948թ.-ին որդեգրված՝ Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի «հայր»՝ Ռաֆայել Լեմկինի կողմից որպես ցեղասպանություն հռչակված Հայոց ցեղասպանության հանցագործներին պատժելու անհրաժեշտությունից, առանց անտեսելու հատուցման խնդիրը։

1965-ի ապրիլի 24-ին, Հայոց եղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվեց Խորհրդային Հայաստանում, Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով:

Նույն տարում, ՄԱԿ-ում արծարծվել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Ուրուգուայի օրենքով ճանաչվել էր այն։ Միաժամանակ թափ էր առնում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։  

1973-ից սկսած, ՄԱԿ-ի ենթահանձնաժողովներից մեկում տարիներ շարունակ քննարկվեց Հայոց ցեղասպանությունը մասնագիտական զեկույցում հիշելու խնդիրը եւ 1985-ին, ի վերջո դա ընդունվեց։

Այս ընթացքում, հիմնականում խոսվում էր Ցեղասպանության փաստի մասին։ Իսկ երբ պահանջվում էր, որ Թուրքիան ճանաչի այն, ինչպես օրինակ Եվրոխորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձեւը, ասվում էր, թե այսօրվա Թուրքիան չի կարող պատասխանատու համարվել Օսմանյան կայսրության հայերի ապրած ողբերգության համար եւ շեշտվում «թե այս պատմական իրադարձության որպես ցեղասպանություն ճանաչումից ոչ քաղաքական, ոչ իրավական եւ ոչ էլ նյութական պահանջներ չեն կարող ներկայացվել ներկա Թուրքիային»։ Այս «զգուշացումը» վկայում է այն մասին, որ միշտ էլ եղել են Թուրքիային պահանջներ ներկայացնելու հարց, ինչին Եվրոխորհրդարանը  փորձել է խոչընդոտել:

Ընդհանուր այս մթնոլորտի մեջ է, որ Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը (խորհրդարան), 1989թ. սեպտեմբերի 23-ին, կազմել է «1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի քաղաքական եւ իրավական գնահատման հանձնաժողով», որ պատրաստելու էր 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական եւ նրա կրկնօրինակը հադիսացող, Հայաստանին պարտադրված հոկտեմբեր 13-ի Կարսի պայմանագրերը ապօրինի հայտարարելու մասին որոշման նախագիծը։ (Թուրքիան Կարսի պայմանագիրն է համարում ներկայի առկա սահմանի իրավական հիմքը։)

1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրում, Խորհրդային Հայաստանի խորհրդարանն ասում է. «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում,» […] «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Այս հռչակագրում, ըստ ՀՀ Սահմանադրության, «հաստատագրված [են] հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները»։

1998թ-ի ապրիլի 24-ին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայ ժողովրդին ուղղված ուղերձում ասում էր. «Մենք չենք ուզում լինել անցյալի գերին, սակայն ձերբազատման ճանապարհը` աշխարհի կողմից անցյալը ճիշտ գնահատելն է: Ցեղասպանության ճանաչման մեր պահանջի իրագործումը կծառայի տարածաշրջանում հանգստության եւ խաղաղության հաստատմանը: Ուրեմն, այսօր մեր գերխնդիրն է, համախմբելով համայն հայության եւ աշխարհի մարդասիրական բոլոր ուժերը, հաստատել պատմական արդարության հաղթանակը եւ ապահովել մեր հայրենիքի խաղաղ զարգացումն ու հզորացումը»: 2005 թ-ի ապրիլի 20-ին, նախագահ Քոչարյանը հաստատում էր. «Հայ ժողովուրդը ցեղասպանության պատճառով դարձավ գաղթական եւ սփռվեց ողջ աշխարհով: Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը»:

2007 թվականին հաստատված  «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն» ասում է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»:

2008թ. ապրիլի 24-ի իր ուղերձում, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ասում է. «Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ»: Մեկ տարի անց նույն օրը, նա ասում է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է»։

2010թ. դեկտեմբերի 14-ին, «Ցեղասպանության հանցագործություն. Դատապարտում, կանխարգելում. հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովում ՀՀ նախագահն ասում է. «Մենք վստահ ենք, որ ճանաչումից դեպի ներողամտություն, արդարությունից` խաղաղություն տանող հաշտության ուղին, հանդուրժողականությունն ու համակեցությունը այլընտրանք չունեն»: «Այս միջոցառումը կարևոր է նաև ցեղասպանությունների հետևանքների վերացման համար հստակ մոտեցումներ և հայեցակարգային փաստաթղթեր մշակելու համատեքստում», եզրափակում է Սերժ Սարգսյանը:

Թեև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր առիթներով խոսել է Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի պատասխանատվության մասին, 2013 թվականին, որպես ՀՀ նախագահի թեկնածու, իր նախընտրական ծրագրում ասում է. «2015թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի օրը արժե, որ Թուրքիայի Հանրապետությունն իր մեջ քաղաքական խիզախություն եւ բարոյական տոկունություն գտնի՝ կամրջելու հայ-թուրքական վիհը, ճանաչելու մարդկության հանդեպ գործած այդ աննախադեպ ոճիրն ու հաստատելու հաշտություն՝ ճշմարտության ընդունման եւ էական փոխհատուցման հիման վրա խարսխված հարաբերությունների բնականոնացման ճանապարհով»:

2013թ. ապրիլի 24-ին, նախկին արտաքին գործերի նախարար, այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութեան խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գրել է. «Իսկապես, արդեն ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը պահելով մեր տեսադաշտում՝ մեր գլխավոր թիրախը դարձնենք դրա հետևանքների վերացումը: Դա նշանակում է պահանջատեր լինել մեր իրավունքներին, նյութական, հոգևոր, մտավոր և բարոյական կորուստներին»:

Նույն օրը, Հայաստանյան առաքելական եկեղեցու զույգ կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարութեամբ, պահանջելով Թուրքիայից . «1) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց. 2) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները»: 

2014թ. մայիսի 27-ին, Երեւանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն իր խոսքում ասել է, թե «Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին»: «Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ», եզրափակել է Սերժ Սարգսյանը։ 

2014թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվեց Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (ՀՑՀՈւԽ) վերջնական զեկույցը՝ «Արդարացի լուծում – Հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց»։ ՀՑՀՈւԽ-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության հատուցումների վերաբերյալ հետևյալ առաջարկությունները, որոնք հիմնված են համապարփակ հատուցումների հինգ բաղադրիչների վրա: 

(1) Պատիժ

«Հայոց ցեղասպանության դեպքում անմիջական հանցագործներն այլևս ողջ չեն, որ դատվեն, հետևաբար այս բաղադրիչը հնարավոր չէ կիրառել: »

(2) Ճանաչում, ներողություն, կրթում և հիշատակում

«Թուրքիայի կառավարությունը և մեղսակից ոչ-կառավարական կազմավորումները պետք է պաշտոնապես ճանաչեն Ցեղասպանությունը և ներողություն խնդրեն: »

(3) Աջակցություն հայերին և Հայաստանին

«Թուրքական պետությունը պետք է քաղաքական և այլ աջակցություն ցուցաբերի հայկական պետությանը և համայն հայությանը՝ նրանց երկարաժամկետ կենսունակության ապահովման նպատակով: »

(4) Թուրքիայի առողջացումը

«Բացի ժխտողական գործունեության ամբողջական դադարեցումից և թուրքիաբնակ հայերի ու մյուս այլազգիների նկատմամբ հարգանքի հաստատումից, թուրքական պետությունը և հասարակությունը բոլոր ինստիտուտներից, մշակույթից և այլն պետք  է արմատախիլ անեն հակահայության և ցեղասպանության գաղափարախոսության ու պրակտիկայի հետքերը, ինչպես օրինակ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: 

«(5) Գույքի վերադարձ և գույքի, մահվան ու տառապանքի դիմաց փոխհատուցում»։

 Նշված են գումարներ՝  70 միլիարդից մինչեւ 105 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրման խումբը համարում է որ նախագահ Վոդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշված տարածքը քաղաքական փոխանցման լավագոյն տարբերակն է, բայց այն դիտարկում է այլընտանքային տարբերակ եւս։

2014թ. սեպտեմբերի 20-ին, Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի փակման նիստին, խոսքն ուղղելով ավելի քան 700 մասնակիցներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Ձեզանից շատերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի կազմում: Բոլորիդ նպատակը արդարության վերահաստատումն ու մարդկային բանականության հաղթանակն է խավարի, մարդատյաց գաղափարախոսությունների հանդեպ»: 

Նույն համաժողովի չորս հիմնական թեմաներից մեկը վերաբերվում էր «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացին»։ Ելույթ են ունեցել մոտ 40 մասնակիցներ, որոնցից շատերը հանդես են եկել առաջարկություններով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին որպես գլխավոր նպատակ ընդունելով հայության իրավունքների վերականգնումը, պահանջը՝ արդարության եւ հատուցումների: ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանն ասել է, թե Մեծ եղեռնի ճանաչումը վերջնանապատակ չէ, քանի որ հայությունը նաև պահանջատեր է: 

Այս համաժողովից մի քանի օր անց, սեպտեմբերի 24-ին, նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում իր ելույթում ասաց. «Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք»: Առաջին անգամ էր, որ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի այդ ամբիոնից խոսում էր «հայրենազրկումի» մասին, թեև ինքն այդ հարցին նախկինում էլ է անդրադարձել՝ այլ ամբիոններից։

«Արդարություն», «պատմական արդարության վերականգնում», «Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացում», «հատուցում», սրանք են այն բառերը, որ հայերը հաճախ օգտագործում են Հայոց Ցեղասպանության հարցի լուծման մասին խոսելիս։ 100-րդ տարելիցը կարծես հնարավորություն է տալու, որ այդ բառերը լսեն նաեւ միջազգային հանրությունն ու հատկապես Թուրքիայի հասարակությունը։