Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են քան սփյուռքը

Ստեղծված Հինգշաբթի, Սեպտեմբերի 03, 2015, ժ. 06:55-ին
 
 
 
Հայացք Հայկական Սփյուռքից

Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են քան սփյուռքըէ

Աբո Չափարյան

 

 
Աբո Չափարյան

USA Armenian Life Magazine գլխավոր խմբագիր/հրատարակիչ

«Յու Էս Էյ Արմենիան Լայֆ»  (USA Armenian Life) պարբերականի կայքում հրապարակված այս հոդվածում Աբո Չափարյանը հայտնում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական են քան Սփյուռքը, քանի որ վերջինս չունի համընդհանուր ընտրական ժողովրդավարական համակարգ: Նա քննադատում է այն փաստը, որ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների առաջնորդները ինքնակոչ կերպով իրենց հռչակում են «համայնքի ներկայացուցիչներ», չնայած որ այդ կազմակերպությունների անդամների ընդհանուր թիվը չի գերազանցում ողջ սփյուռքահայության 5 տոկոսը:  Հեղինակն ընդգծում է նաեւ, որ «միլլեթների» համակարգը (Օսմանյան կայսրության հայ հպատակների կրոնական կազմակերպություն) դեռ գոյատեւում է Սփյուռքի հայկական կազմակերպություններում: Աբո Չափարյանն արձանագրում է սփյուռքյան կազմակերպությունների շարքերի նոսրացումն ու ծերացումը եւ նկատում, որ այն չի կարողանում վերականգնվել ու նորանալ:  Նա Սփյուռքին վերաստեղծվելու կոչ է անում, որը  կարելի է իրականացնել համասփյուռքյան մակարդակով ժողովրդավարական մի կառույցի կազմավորման միջոցով:

 

Եթե Ձեզ հետաքրքրում է՝ արդյոք Հայաստան և Արցախ երկվորյակ հանրապետությունները ավելի ժողովրդավարակա՞ն են քան սփյուռքը, ապա կարճ և բարձրաձայն կպատասխանեմ «այո՛»:

Ինչպես ճակատագրի հեգնանքով արևմտյան ժողովրդավարական պետություններում ապրող մեզանից շատերը գիտեն` սփյուռքում ժողովրդավարություն գոյություն չունի:

Չնայած նրան, որ ժողովրդավարությունը Հայաստանում լիարժեք չի գործում և ինչ - որ չափով կոռումպացված է, ժողովրդավարությունը սփյուռքում փաստորեն բացակայում է: Քանդված ժողովրդավարական համակարգը, ինչպես Հայաստանի դեպքում, կարելի է ֆիքսել, մինչդեռ սփյուռքում ժողովրդավարական համակարգ ընդհանրապես գոյություն չունի:

Սփյուռքահայերի միայն 5 տոկոսն է, որ անդամակցում է կրոնական, քաղաքացիական և քաղաքական կազմակերպությունների, մինչդեռ մի ամբողջ 95%-ը ոչ մի կազմակերպության անդամ չի հանդիսանում:

Հիմնական խնդիրը. չնայած այն փաստի, որ ներկայացուցչության համար բացակայում է հանրային մանդատը, շատ կազմակերպությունների առաջնորդներ սխալմամբ ներկայանում են որպես «համայնքի ղեկավարներ»: Անհիշելի ժամանակներից ի վեր չի եղել և ներկայումս չկա որևէ ընտրական համակարգ, որի միջոցով քվեարկում են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց օգտին, ինչպես «մեկ անձ, մեկ ձայն» սկզբունքի հիման վրա համընդհանուր ընտրական իրավունքով ընտրված ներկայացուցիչները:

Ինչպե՞ս կարող էր պատահել, որ հայկական քաղաքացիական հասարակությունում, որը սոցիալապես և տնտեսապես զարգացած է, բացակայում են սփյուռքի համայնքների քաղաքացիական կյանքը համակարգող հիմնարար ժողովրդավարական գործընթացները: 

Պատասխանը պարզ է նրանց համար, ովքեր քաջատեղյակ են կրոնական և համայնքային բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներքին խոհանոցին. սփյուռքի հասարակական, մշակութային, քաղաքական ինչպես նաև կրոնական  կազմակերպությունները առանձին-առանձին  ունեն հիմնականում անգործունակ համակարգեր, որոնք արտաքուստ կարծես ժողովրդավարական լինեն, սակայն իրականում նրանցից շատերը չեն խթանում  ժողովրդավարական գործընթացները իրենց շարքերում:

Նույնիսկ եթե առկա սփյուռքային կազմակերպությունները պահպանեին գործող ժողովրդավարությունը, նրանց կոլեկտիվ անդամակցությունը (5%) ավելի մեծ թվով սփյուռքահայ բնակչության (95%) հետ համեմատ այնքան աննշան է, որ նրանք, այնուամենայնիվ,  ի զորու չէին լինի իրավացիորեն հայտարարել, որ հանդիսանում են սփյուռքի լիազորված ներկայացուցիչ(ներ):  

Թույլ տվեք հստակեցնել. ամբողջ սփյուռքի քաղաքացիական և կրոնական կազմակերպությունների բոլոր անդամների ընդհանուր քանակը հազիվ կազմում է սփյուռքի ամբողջ բնակչության 5% -ը:

Քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների անդամների զգալի հատվածը պնդում է, որ հանդիսանում է ողջ սփյուռքի անունից «միակ» որոշում կայացնողը: Նրանք իրենք իրենց սովորաբար դասակարգում են որպես «տանու մարդ», իսկ անդամակցություն չունեցողներին համարում են «կողմնակի անձ»: Անդամակցություն չունեցող ֆանատներին և հետևորդներին նրանք գաղտնի դասակարգում են որպես «երկրորդ կարգի քաղաքացիներ»: Շատ դեպքերում գոռոզաբար նրանք նույնիսկ պիտակավորում են անդամակցություն չունեցող որոշակի դոնորների որպես «գառնուկներ»: Նրանց կոռումպացված առաջնորդները քարոզում են՝ «Տվեք, բայց մի միջամտեք մեր ներքին գործերին», որը իրականում նշանակում է՝ «Չհամարձակվեք քննադատել մեր (կոռումպացված) գործելաոճը»:

Ճիշտ այնպես, ինչպես ես ընդգծել էի նախորդ հոդվածներում, սփյուռքը դեռ պահպանում է ներքին ինքնավարության հնացած եւ անարդյունավետ թուրք-օսմանյան պարտադրված «միլլեթների» համակարգը:

Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ, այսպես կոչված «միլլեթների» համակարգի ներքո,  հաջողության հասած բռնապետական սուլթանները պաշտոնապես «ճանաչեցին» հայերին որպես oսմաններին ենթակա կրոնական համայնք: Սուլթանները և նրանց վեզիրները գաղտնի և շատ հաճախ բացահայտ նշանակում էին իրենց «սիրած» կրոնական անհատին օսմանահայկական «միլլեթի» «առաջնորդ»: Սուլթանի չինովնիկները հաշվենկատորեն ընտրված կրոնական առաջնորդին «խորհուրդ տվեցին» կոոպտացված  «աղաներին» նշանակել որպես հայկական «Ազգային իշխանության» անդամներ՝ իրենցով անելով «Ազգային իշխանության» սուրբ անունը:  

Մինչ օրս «Ազգային իշխանություն» անունը անարդարացիորեն շարունակվում է շահարկվել: Բայց դա ապակողմնորոշում է: Անցյալում և ներկայում «Ազգային իշխանությունների» անդամները երբեք համընդհանուր ընտրական իրավունքով «Ազգային» կոչումը արդարացնող քվերակությանը չեն մասնակցել:

19-րդ դարում, այն ժամանակ, երբ եվրոպական ազգերի մեծ մասը Միացյալ Նահանգների հետ միասին համընդհանուր ընտրական իրավունքով կազմեցին իրենց ազգային ժողովները, ինչպիսիք են՝ խորհրդարանը, Լորդերի պալատը, ԱՄՆ Կոնգրեսը, Օսմանյան հայերին ստիպեցին ընդունել իրենց ներքին «Ազգային ժողովը», որը հաշվենկատորեն ընտրվում էր հայերի կրոնական առաջնորդի կողմից, ով շատ հաճախ հանդես էր գալիս որպես սուլթանի վստահված անձ:

Մնում է միայն հուսալ, որ թուրք-օսմանյան լծից ազատվելուց հետո ցաքուցրիվ եղած հայերը նաև կազատվեն բռնապետական թուրքական իշխանավորների կողմից իրենց վրա պարտադրված օսմանյան վատ սովորություններից՝ մասնավորապես օսմանների կողմից պարտադրված «միլլեթների» համակարգից: 

Ցավոք պետք է արձանագրեմ, որ մինչ օրս օսմանների կողմից պարտադրված «միլլեթների» անգործունակ համակարգը դեռևս շարունակում է գոյատևել ամբողջ սփյուռքում: Պարզապես տերերն են փոխվել և այն վերածվել է այսօրվա մի շարք խոշոր կրոնական եւ քաղաքական անգործունակ կազմակերպությունների: Ժողովրդավարական ընտրական գործընթացի բացակայության արդյունքում խոշոր կրոնական եւ քաղաքական անգործունակ կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարող համագործակցել, քանի որ նրանք մրցակցության մեջ են գտնվում:

Չկա նման շրջանակ: Չկա որևէ սփյուռքային համակարգ, որը կարող է պահպանել և՛ համագործակցությունը, և՛ մրցակցությունը: Հօգուտ իրենց պետությունների, Հայաստանը և Արցախը պահպանում են ժողովրդավարական համակարգը (խորհրդարանը), որը ծառայում է որպես համագործակցության և մրցակցության կառույց:

Չնայած այն փաստին, որ սփյուռքի այս անգործունակ կազմակերպությունները պնդում են, որ ուժեղ են, նրանք ոչ ավելի են, քան թղթե վագրեր: Ինչու՞: Որովհետև այս կազմակերպությունների կոռումպացված և կոոպտացված առաջնորդները զտման միջոցով առավելապես քայքայում են առողջ, անկախ և անկողմնակալ մտածողություն ունեցող անդամներին:  

Այսպես, եկեք վերդառնանք և համեմատական տանենք Հայաստան և Արցախ երկվորյակ հանրապետությունների ժողովրդավարության և սփյուռքի ժողովրդավարության միջև: Կարելի է վստահաբար ասել, որ սփյուռքը բավականին հետ է մնում Հայաստանից և Արցախից իր գոյություն չունեցող ժողովրդավարության պատճառով:

Ներկայիս անգործունակ իրավիճակը արդեն հանգեցրել է համատարած արտագաղթի մի քանի կազմակերպություններից: Այս կազմակերպություններից շատերը, որոնք ժամանակին  կենսունակ էին, շատ արագ ծերանում են: Այս կազմակերպությունները պետք է կրկին կենսունակ դառնան և երիտասարդները պետք է դրանց մասը կազմեն: Այս կազմակերպություններից շատերը պետք է իրենք իրենցից փրկվեն:

Ի՞նչ լուծում տալ այս ծանր իրավիճակին, որը հանդես է գալիս որպես սփյուռքի համայնքների գոյատևման սպառնալիք:

Հիմնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված, կայուն հանրային մանդատ ունեցող տարածաշրջանային ու համասփյուռքային ներկայացուցչություն և լիազորել մեր ընտրված ներկայացուցիչներին ուղղորդել մեր ազգին և ազգային խնդիրը դեպի խոստումնալից հորիզոններ: Լինելով հազարամյա ժողովուրդ՝ մենք պետք է վերաստեղծվենք որպես վերածննդի ազգ: