Հայոց ցեղասպանության հատուցումներ, երազանքի և իրականության արանքում

Ստեղծված Երկուշաբթի, Սեպտեմբերի 07, 2015, ժ. 02:55-ին
 
 
  Հայացք Հայկական Սփյուռքից

Հայոց ցեղասպանության հատուցումներ, երազանքի և իրականության արանքում 

Րաֆֆի Քալֆայան

 

 
Րաֆֆի Քալֆայան

Իրավաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար

Սույն հոդվածը քննարկում է շրջանառության մեջ եղած հանրային թեզերը և Ափյուռքի կառույցների կամ անհատների կողմից ներկայացված անհատական ու հավաքական հատուցումների պահանջով իրավական հայցերը: Հոդվածը գրվել է ֆրանսահայկական Երկիր- Եվրոպա ՀԿ-ի և թուրքական Անադոլու Քյուլթուր հիմնադրամի REPAIR նախագծի շրջանակում 2015թ հունիսի 27-ին Ստամբուլում կազմակերպված կլոր սեղանի շուրջ ծավալված քննարկումների արդյունքում: Կլոր սեղանին աջակցել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը:

Քննարկվող թեզերը կամ հայտարարությունները բազմաթիվ հարցեր են արծարծում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական: Հոդվածագիրը վերլուծում է տարբեր մարդկանց մոտեցումներն ու պնդումները: Կլոր սեղանի և հոդվածի նպատակը նույնն է՝  բարձրաձայնել սփյուռքյան կազմակերպությունների կողմից լռության մատնված որոշ ճշմարտություններ, սթափ նայել իրականությանը՝ ավելի արդյունավետ գործելու համար, վերջապես՝ սկսել համահայկական քննարկում, որը մինչ օրս փակ շրջանակներից դուրս չի գալիս:


Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցում ունեցած մոտեցումներով՝ հայկական կազմակերպություններն ու Հայաստանի հանրապետությունը արկածախնդրություն են դրսեւորում, այնինչ նրանք իրազեկված են քաղաքական և իրավական ռիսկեր պարունակող վտանգների մասին, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ:

Դա ակնհայտ դարձավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիա» գործում: Արդարադատությունը կարող է հանգեցնել տհաճ որոշումների՝ շվեյցարական դատարանների կողմից Փերինչեքի դատապարտումը հանգեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլորովին անսպասելի եզրակացության, որը հարցականի տակ դրեց այն միտքը, որ Հայոց ցեղասպանության իրականության շուրջ կա ձեւավորված միջազգային կոնսենսուս: Անշուշտ, այդ եզրակացությունը հարաբերական է, քանի որ արդարատադության իրականացումը ճշգրիտ գիտություն չէ և նրա կայացրած որոշումը անփոփոխ չէ: Այն կարող է վիճարկվել, ինչը տվյալ պարագայում արվում է: Նախադեպային իրավունքը զարգանում է պատմության իրադարձություններին զուգահեռ՝ դաշինքների տապալմամբ և հասարակական կարգի նոր պահանջներով, թե՛ ազգային և թե՛ միջազգային: Այնպես որ իրավունքի աղբյուրները փոփոխվում են պետությունների և դատարանների պրակտիկայի հայեցողությամբ: Ուստի արդարադատությունը լի է անորոշություններով և ոչ թե որոշակիություններով: Սա հատկապես ճիշտ է միջազգային հարաբերություններում, որտեղ պետական շահերը վեր են մարդկային բարոյականությունից ու արժանապատվությունից:

Քաղաքական դաշտում եւս նմանատիպ ծուղակ կարող է առաջանալ: Բելգիայի խորհրդարանի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւում տեղ գտած ձեւակերպման մեջ առկա է մի կետ, որն ըստ էության ներկայիս թուրքական պետությանն ազատում է ամեն տեսակի պատասխանատվությունից: Այս առիթով նորից ենք հայտնաբերում, որ Եւրոխորհրդարանի 1987թ հունիսի 18-ին ընդունած բանաձեւը եւս նույնպիսի կետ էր պարունակում: Պաշտոնական Երեւանի հայտնած գոհունակութունը դժվար թե կարողանա քողարկել Սփյուռքի համայնքներում նկատված ձախողման զգացումը:

I - Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. միջակ արդյունքներ և քաղաքական փակուղի:

2015-ը շրջադարձային տարի է Հայ դատի ձեւակերպման գործում: Անցած տասներկու ամիսների բոլոր քաղաքական հաղորդագրություններում մատնանշվում է այլեւս Ցեղասպանության ճանաչման պահանջով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, դրան ավելացնելով գործված ոճիրների և հայ ժողովրդին պատճառված նյութական վնասների ու կորուստների համար հատուցում ստանալու պահանջը: Այնուամենայնիվ, այդ պահանջների քաղաքական նպատակը և իրավական հիմքերը միմյանցից էապես տարբերվում են՝ ըստ դերակատարների: Դրա պատճառը անկասկած հայ ակտիվիստների բառապաշարում նոր հայտնված այս բառի բովանդակության անհետեւողական ըմբռնումն է: Թեկուզեւ Հայաստանում ու Սփյուռքում արդեն մի քանի տարի է ստեղծվել են ցեղասպանության հատուցումների և տարածքների վերադարձի թեման ուսումնասիրող խմբեր, առ այսօր միայն մեկն է հրապարակել իր աշխատանքները՝ Հայոց Ցեղասպանութեան հատուցումների ուսումնասիրման խումբը (ՀՑՀՈՒԽ/AGRSG):

2015 միջազգային մամուլի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը կարեւոր միավորներ բերեց հանրային կարծիքի ձեւավորման գործընթացին: Քաղաքական առումով՝ մի քանի պետության ղեկավարների քաղաքական հայտարարությունները, այդ թվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաեւ որոշ երկրների խորհրդարանների ընդունած բանաձեւերը եկան  համալրելու ձեռքբերվածը, որը սակայն մասամբ ստվերվեց: Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանները հրաժարվեցին օգտագործել ցեղասպանություն բառը, նույն կերպ վարվեց Միացյալ Նահանգների նախագահը: Իսրայելի խորհրդարանը դեռեւս որեւէ բանաձեւ քվեարկության չդրեց: Բունդեսթագը դեռ պետք է այն քննարկման դնի: Բելգիան, ինչպես վերեւում նշեցի, վերջերս ընդունեց ցեղասպանությունը ճանաչող մի բանաձեւ, իր հնարավոր հետեւանքներով: Եւ վերջապես, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ ապահովել միայն չորս պետությունների ղեկավարների (Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, Կիպրոս) ներկայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը:

Թուրքիան փորձեց մի կերպ խուսափել ցունամիից՝ վերստին ցավակցելով ու կիսելով համընդհանուր ցավերը, շարունակելով սակայն եռանդուն կերպով ժխտել ցեղասպանության իրողությունը: Քաղաքական և դիվանագիտական դաշտում այժմ արդեն նկատելի է, որ Թուրքիան հակագրոհի է պատրաստվում, ինչը ավելի ակներեւ կդառնա հաջորդ տարի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը նույնպես Փերինչեքի գործի վերաբերյալ իր վերջնական որոշումը կկայացնի եկող տարվա սկզբին: Ճիշտ է, մի կողմից Թուրքիան ամոթալի մի դիվերսիա փորձեց իրականացնել՝ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24 տեղափոխելով, սակայն ընդհանուր առմամբ նա իր պայքարը տեղափոխեց  քաղաքական-ռազմավարական դաշտ՝ մասնավորապես փոխհատուցումների ոլորտ: Կասկած չկա, որ Բելգիայի խորհրդարանի այդ բանաձեւը, որը ճանաչում է ցեղասպանությունը, սակայն բացառում է թուրքական պետության որեւէ պատասխանատվություն, Թուրքիայի դիվանագիտության կողմից բանակցությունների միջոցով ձեռք բերված փոխզիջման արդյունք է (Մի՞թե այդ հանգամանքով պայմանավորված չէ Բելգիայի խորհրդարանի՝ ծագումով թուրք պատգամավոր Էմիր Քիրի մտափոխությունը): Թուրքիան փոխհատուցումների դեմն առնող ռազմավարական քայլեր է ձեռնարկում և արդեն կանխատեսում է իրեն հասցվելիք հարվածները:  Հայկական կողմը (Պետություն + Սփյուռք) ներքաշվում է վտանգավոր մի գործընթացի մեջ, որը բացառապես հետապնդում է Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը:

Այս գործընթացը ծուղակ է, քանի որ միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման դեպքում է, որ Թուրքիան փախուստի տեղ չի ունենա այս հանցագործությունը որպես այդպիսին ճանաչելու: Բայց, ինչպես արդեն նշվեց, մենք շատ հեռու ենք այդպիսի կոնսենսուսից: Ավելին, անհնար է դրան հասնել, եթե հաշվի առնենք Իսլամական կոնֆերանսի երկրներում Թուրքիայի ունեցած քաշը: Եւ վերջապես, եթե նույնիսկ նման բան տեղի ունենա, ապա դա շատ ուշ կլինի որեւէ դատարան հատուցման պահանջներ ներկայացնելու համար:

Այստեղ հարկավոր է ընդգծել այն հանգամանքը, որ ժամանակի գործոնն ամբողջովին անտեսվում է բոլոր հայ դերակատարների կողմից, որոնք համոզված են մնում, որ մարդկության դեմ հանցանքների անժամանցելիության սկզբունքը տարածվում է նաեւ հատուցման իրավունքի վրա: Սա վիճելի համոզմունք է, բայց բուն նյութից չշեղվելու համար չեմ ուզում տեխնիկական բնույթ կրող քննարկումների մեջ մտնել: Ցեղասպանությունից հետո անցած 100 տարիները մեզ երկու բան են հուշում. անժամանցելիությունը վերաբերում է հանցագործության հեղինակներին կամ նրանց նկատմամբ նշանակված պատիժներին: Մեր պարագայում, քրեական հետապնդումն այլեւս հնարավոր չէ: Բացի այդ, հատուցման իրավունքը անմիջականորեն կապված չէ այդ սկզբունքի հետ: Այս իրավունքը բախվում է նաեւ վաղեմության հետ կապված իրավական այլ խոչընդոտների՝ պայմանավորված դրա իրականացման համար նախատեսված չափանիշներով: Քաղաքացիական իրավունքի նորմերով՝ հասցված վնասի հատուցումը պետք է լինի համարժեք, արդյունավետ և արագ: Դեպքերից 100 տարի անց, դատարանները կարող են հայցը վարույթ չընդունել՝ իրենք իրենց համարելով ոչ իրավասու

Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Հայ դատը քաղաքական փակուղու մեջ է, քանի դեռ շարունակում է մնալ իր ներկայիս դիրքերում: Մի կողմից մենք ունենք մարդիկ, ովքեր դատարանի կամ բանակցությունների միջոցով հատուցման պահանջներ ներկայացնելուց արաջ Ցեղասպանության միջազգային ճանաչում են պահանջում, իսկ մյուս կողմից՝  պաշտոնական Թուրքիան, որը ոչ մի դեպքում չի ընդունում այդ բառի օգտագործումը եւ չի ճանաչում օսմանյան հայերի նպատակային բնաջնջումն ու ամբողջական վերացումը։ Պարադոքսալ է, որ այս փակուղու պատճառը հենց ցեղասպանություն բառն է ու դրա օգտագործումը՝ թե՛ հայերի և թե՛ թուրքերի կողմից, և սա նոր չէ։ Ճանաչման պայքարի մեջ ներգրավված հայերը դա դարձրել են դոգմա, անկախ այդ դիրքորոշումն արդարացնելու բոլոր լավ ու վատ պատճառաբանություններից։ Այսպիսով,  ցեղասպանություն բառը երկու ընդդիմադիր կողմերի համար էլ դոգմա է դարձել։

II - Հայկական կազմակերպություններ՝ միտումներ ու կողմնորոշումներ

Որո՞նք են փակուղուց դուրս գալու ներկա միտումները.․

Ոմանք կողմնակից են ավելի ուժեղացնել ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը․ դա մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) և Հայաստանի հանրապետության քաղաքականությունն է։

Այս վերջինը պրեստիժային մի դիվանագիտություն է վարում, որի նպատակները սակայն ռազմավարական տեսակետից այնքան էլ համոզիչ չեն, երբ փորձում է Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի կանխսարգելիչ գործառույթն ավելի ուժեղացնել:

Մյուսներն առաջարկում են իրենց ջանքերը կենտրոնացնել թուրքական քաղաքացիական հասարակության հետ երկխոսության և փոխադարձ շփումների վրա՝ առավել ակտիվություն ցուցաբերելով Թուրքիայում։ Նման մարդկանց թիվը արագորեն աճում է Ֆրանսիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Սակայն, նրանք որեւէ քաղաքական լծակ, իրավական միջոց կամ որեւիցե ժամկետ չեն նշում։ Քաղաքացիական հասարակությունների հաշտեցման և իրազեկման միջոցով նրանք հույս ունեն հասնել “անխուսասփելի” ճանաչման, և հետեւաբար փոխհատուցումների։ Դրանցից ոմանք խելամիտ են, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչը կարող է մղել Թուրքիային ընդունել այդ ամենը։ Բացի այդ, նրանք շատ կարեւոր մի բան են մոռանում․ այսքան դաժան հանցագործությունից հետո տեղի ունենալիք հաշտեցումը, ինչպես նաեւ հատուցման իրավունքը չեն կարող արդյունավետ լինել, առանց որ ճշմարտությունը ասվի և նրա անունը տրվի։

Ոմանք հորդորում են հատուցման պահանջների վրա հիմնված նոր ռազմավարություն՝ մի քանի տարբերակներով: Մի մասը պահանջում է ազգային կալվածքների վերադարձը և նրանց հանձնումը Պոլսո (Ստամբուլի) պատրիարքարանին։ Մյուսները անցումային արդարություն են հանձնարարում՝ ստեղծելով ճշմարտության ու հատուցման մի հանձնաժողով, որտեղ նկատի առնված կլինեն բոլոր տեսակի հատուցումները, այդ թվում տարածքների վերադարձման պահանջները։

Հայաստանի պահվածքը շփոթմունք է առաջացնում: Այսպես կոչված «համահայկական» հռչակագիրը հակասության մեջ է մտնում Հայաստանի նախագահի հանրային ելույթների հետ։ Ապրիլի 25-ին, Հյուրիյեթ թերթին տված հարցազրույցում նա նշում էր, որ «Հայաստանն իր անկախացումից ի վեր երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում և հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները։»

ՄԱԿ-ի պատասխանատու անդամի և միջազգային իրավունքը հարգողի կարգավիճակի ու տարածքային պահանջատիրության միջեւ հակադրությունը աբսուրդ է: Ավելին, Հայաստանի հանրապետությունը, հակառակ իր պնդումներին, ինքնագլուխ գործողություններ է կատարում և օգտագործում է ՀՅԴ-ն՝ ցույց տալու համար, որ հատուցումների հարցում Սփյուռքին ընդառաջում է: Օգտագործելով բլեֆի տեխնիկան, նա ժամանակ առ ժամանակ ուժ է ցուցադրում, պահպանելով սակայն Թուրքիայի հետ ուղղակի բանակցությունների երազանքը՝ ի հարկե, իր ռազմավարական և ազդեցիկ դաշնակցի՝ Ռուսաստանի հովանու ներքո:  

Ճիշտ է, կարելի է առարկել, որ այս կողմնորոշումներն իրար չեն բացառում, և նույնիսկ փոխլրացնող են: Բայց նախեւառաջ հարկավոր է, որ այդ նախաձեռնությունների հետեւում կանգնած անհատերը կամ կազմակերպությունները գիտակցեն այդ մասին և դադարեն մտածել, որ լուծման բանալին հենց իրենց ձեռքում է և կամ իրենք միայնակ կարող են հաջողության հասնել: Բացի այդ, սա ավելի ակնառու է դարձնում Հայաստանի ու Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդդունված միասնական ռազմավարության բացակայությունը: Անհրաժեշտ է, որ Երեւանում անցկացվի համահայկական արտակարգ քննարկում և որ բազմադիսցիպլինար փորձագետների մի խումբ պատրաստի այդ քննարկման բոլոր տարրերը, որպեսզի նրանք քննարկման դրվեն լիագումար նիստում՝ փակ ձևաչափով:

III - Տարաբնույթ ռազմավարություններ, վիճահարույց իրավական հիմնավորումներ, քաղաքական երազանքներ

Նպատակահարմար դաշինք ՀՅԴ-ի և Հայաստանի կառավարության միջեւ. Պահանջատիրության  մրցավազք

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը շատ ակտիվ կերպով աջակցել է հատուցումների հարցի հետ կապված ուսումնասիրությունների և իրավական կարծիքների ֆինանսավորմանը, ինչը խոսում է նրա քայլերի լրջության մասին: Մենք կարող ենք մեջբերել Հայոց Ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (ՀՑՀՈՒԽ/AGRSG) զեկույցը, որի վերջնական տարբերակը հրապարակվեց 2015թ մարտին, ինչպես նաեւ AGIR (Armenian Genocide International Reparation) խմբի իրավական փորձագետների զեկույցը, որի բովանդակությունը գաղտնի է մնում, եւ որ ՀՅԴ-ն այն չի տարածել իր իսկ մասնաճյուղերին կամ Հայ դատի հանձնախմբին (Armenian National Committee, ANC): Այն ստացել են միայն Հայաստանի կառավարությունը և Սահմանադրական դատարանը: Բայց քանի որ ՀՅԴ-ն իսկ հաստատորեն այդ մասին նշում է՝ այդ աշխատանքները պարզ խորհրդակցություններ են և անպայման չէ, որ արտահայտում են իր տեսակետները:

ՀՅԴ-ն միաժամանակ 2015թ հունվարի 29-ի Հարյուրերորդ տարելիցի հռչակագրիկազմման գործում Հայաստանի պետության գլխավոր գործընկերն է։ ՀՅԴ-ն մինչեւ այդ՝ հունվարի 26-ի ընդհանուր ժողովի ավարտին հաղորդագրություն էր տարածել: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում փոխհատուցումներին վերաբերող երկու պարբերություն կա: Առաջինը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան երկու ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար: Երկրորդն արժեվորում է 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում: Հռչակագրի 6-րդ պարբերությունն ամփոփում է ռազմավարությունը՝ Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

ՀՅԴ-ի հայտարարությունը էականորեն տարբերվում է: Շարունակելով հանդերձ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցումների պահանջի համակարգված համահայկական ծրագրին, նա, այնուամենայնիվ, իր առջեւ ուղղակիորեն ռազմավարական նպատակ է դնում՝ այն է  տարածքային պահանջներ: Այս պահանջատիրությունը նոր չէ, բայց դրանից առաջնային նպատակ սարքելն է՛լ ավելի է դժվարացնում գործողությունների համահայկական միասնական հարթակի ձեւավորումը: Իսկ ՀՅԴ-ն Սփյուռքում հայ դատի անշրջանցելի դերակատար է: Սփյուռքի մյուս խոշոր կազմակերպությունները լեգալիստ են՝ այսինքն նրանք հեշտությամբ կընդունեն Հայաստանի պետության որոշումները կամ պասիվ կեցվածքը:

Անցումային արդարադատության պայմանական առաջարկ

Հայոց Ցեղասպանութեան հատուցումների ուսումնասիրման խումբն (ՀՑՀՈՒԽ/AGRSG) առաջ է քաշում անցումային արդարության ուղին, բայց չեզոքացնող մեկնարկային նախադրյալով: Հենրի Թերիոյի (քաղաքական և սոցիալական փիլիսոփայություն) ղեկավարությամբ Միացյալ Նահանգներում ստեղծված խմբի մյուս անդամներն են՝ Արա Պապյանը (ՀՀ նախկին դիվանագետ և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վավերականության ջերմ պաշտպան),  Ջերմեյն Օ. Մաքքալփինը (քաղաքական փիլիսոփայություն, անցումային արդարություն, հարավ-աֆրիկյան փորձառություն, ստրկության դեմ բարոյական հատուցումներ) և Ալֆրեդ դե Զայասը (միակ իրավագետը): 2010 թվականի վերջին եռամսյակում նրանք նախնական մի զեկույց տարածեցին՝ հետագային այն լրամշակելու կամ հարստացնելու մտադրությամբ: 2015թ եզրափակիչ զեկույցում, որն զգալիորեն ավելի հավասարակշռված է, քան նախնական զեկույցը, խումբն ընդունում է, որ ցեղասպանության հատուցումների համընդհանուր գործընթացը, հատկապես հողերի վերադարձի պահանջը, դժվար թե մոտ ապագայում իրականություն դառնա և հետևաբար այդ պայքարն անիրատեսական է  ներկայիս հանգամանքներում: Սակայն նա այն միտքն է արտահայտում, որ պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ արմատական հասարակական ու քաղաքական փոփոխությունների համար պայքարող բազմաթիվ մարդիկ համարվում էին անիրատես և անհաջողության դատապարտված: Այնուամենայնիվ ժամանակը ցույց տվեց, որ այդ վերլուծությունը սխալ էր. խորը փոփոխությունները կայացան: ՀՑՀՈԻԽ-ը գործում է այն համոզմամբ, որ ինչքան էլ մեծ լինի փոփոխությունը, այն հնարավոր է, եթե օրենքի և բարոյականության տեսանկյունից հիմնավորված է: Այս միտքը մշտապես եղել է ՀՅԴ-ի դիսկուրսը: Տարածաշրջանի քաղաքական և ռազմական իրադարձությունները ցույց են տալիս, որ նրանք առժամապես իրավացի են:

Իրավական առումով, ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող այս խումբը հայտարարում է շատ ավելի կասկածելի և վիճահարույց բաներ: Նա պնդում է, որ Ցեղասպանության կոնվենցիան (1948թ) կարող է կիրառվել հայկական դեպքի համար: Հիշեցման կարգով նշենք, որ վերջերս Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) որոշիչ մի դատավճիռ կայացրեց, որը հակասում է այդ գաղափարին (Ցեղասպանության կանխման և պատժման կոնվենցիայի կիրառում (Խորվաթիան ընդդեմ Սերբիայի) - 2015թ փետրվարի 3-ի դատավճիռ): Արդեն իսկ 2007 թվականին, Բոսնիա և Հերցոգովինան ընդդեմ Սերբիայի և Մոնթենեգրոյի դատավճռի առիթով՝ Դատարանը շատ խիստ կանոններ էր հայտարարել այն փաստերի վերաբերյալ, որոնք կարող են որակվել որպես ցեղասպանություն: Դատավճռի 95-րդ պարբերությունը շատ հստակ է Կոնվենցիայի ոչ հետադարձ կիրառելիության առումով, մասնավորապես ցեղասպանության հանցագործությունը կանխելու առնչությամբ, ներառյալ այն պարտավորությունները, որոնք կարող էին գոյություն ունենալ սովորութային միջազգային իրավունքի համաձայն․ «Միջազգային Արդարադատության Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի պետության վրա դրած ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը տրամաբանորեն չի կարող կիրառվել այդ պարտավորության ուժի մեջ մտնելու թվականին նախորդող իրադարձությունների դեպքում. հնարավոր չէ կանխել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել: Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 28-րդ հոդվածի տրամաբանությունը, որն արգելում է պայմանագրերի հետադարձ կիրառումը, հստակորեն նշում է, որ ցեղասպանությունը կանխելու պարտավորությունը վերաբերում է միայն այն արարքներին, որոնք կարող են գործված լինել Ցեղասպանության կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տվյալ պետության համար: Ցեղասպանության ակտի պահին դեռեւս Կոնվենցիայի անդամ չհանդիսացող պետությունը կարող էր նաեւ խախտած լինել սովորութային միջազգային իրավունքի՝ նման ակտերի իրագործումը կանխելու պարտավորությունը, իսկ հետագային Կոնվենցիայի անդամ դառնալու փաստը չի կարող նրա վրա ապոստերիորի տարածել նման ակտերի իրագործումը կանխելու Կոնվենցիայի լրացուցիչ պարտավորությունը:»

Խումբը պնդում է նաեւ, որ անկախ Սեւրի պայմանագրի չվավերացված լինելու հանգամանքից (իր նախնական զեկույցում խումբը պնդում էր, որ այն պարտադիր ուժ ունի), Վիլսոնի Իրավարար Վճիռը կարող է վավերական համարվել: Նա հետեւյալ փաստարկն է բերում. թեպետ պայմանագիրն ինքն իսկ պահանջում էր, որ ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացվեր  ստորագրող երկրների կողմից (ինչը տեղի չի ունեցել), այնուամենայնիվ միջազգային իրաvարարության կանոնները այլ բան են ասում: Նա պնդում է, որ իրավարար վճռի կայացումից և կողմերի համաձայնությունից հետո որոշումը դառնում է պարտադիր բոլոր հայցվորների համար: Այս փաստարկով Խումբը եզրակացնում է, որ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի հանրապետությանը (1918-1920) հողերի հատկացման որոշումը պարտադրող է, անկախ այն բանից, որ Սեւրի պայմանագիրը վավերացված չէ: Սա բավական թույլ տեսակետ է, քանի որ դրան կարելի է հակադրել միջազգային արբիտրաժային իրավունքի հիմնարար մի կանոն, ըստ որի հայցադիմումի բացակայության դեպքում ոչ մի իրավարար վճիռ հնարավոր չէ: Իսկ խնդրո առարկա հայցադիմումը հենց Սեւրի պայմանագիրն է, որը Խմբի կողմից անվավեր է ճանաչվում:

ՀՑՀՈՒԽ-ի առաջ քաշած բազմաթիվ այլ հարց ու պատասխաններից բացի, նրանց ռազմավարության գլխավոր կետը անցումային արդարադատության հատուկ մեխանիզմի ստեղծումն է, որը նրանք կոչում են AGTRC (Armenian Genocide Truth and Rectification Commission/Հայոց ցեղասպանության ճշմարտության և ուղղման հանձնաժողով): ՀՑՃՈՒՀ-ի ստեղծման մեկնարկային նախադրյալը Հայոց ցեղասպանության փաստի Թուրքիայի կողմից ճանաչումն է: Ինչը, այլ կերպ ասած, մեզ տանում է սկզբում նշված քաղաքական փակուղի:

Կոլեկտիվ 2015 (Le Collectif 2015). Ինքնատիպ մոտեցում, հիմնականում քաղաքական, բայց նաեւ վտանգավոր կերպով հրապուրիչ Թուրքիայի համար

Երկիր և Մշակույթ կազմակերպությունների միջազգային միության կից Ֆրանիայում ստեղծված  այս կազմակերպությունը 2015թ ապրիլի 13-ին հրապարակել է 2015 Հատուցման Պահանջ և Ազգապատկան Գույքերի ու Հայկական Այլ Հուշակոթողների պահանջը, որով կոչ է անում Թուրքիայի հանրապետությանը վերադարձնել հայերից բռնագրավված բոլոր ազգապատկան գույքերը: Այդ գույքերը բաղկացած են վանքերից, եկեղեցիներից, մատուռներից, գերեզմանատներից, հիվանդանոցներից, դպրոցներից և համայնքային այլ շինություններից, ինչպես նաեւ դրանց կից կառույցներից՝ հողամասերից, անտառներից և այլ ունեցվածքներից: «Վերադարձվող գույքերը պետք է գրանցվեն կամ Կոնստանդնուպոլսի/Ստամբուլի հայոց պատրիարքարանի վրա, որի լիազորությունները և [իրավական] կարգավիճակը պետք է ընդլայնվեն ու ամրացվեն, կամ էլ իր հովանու ներքո ստեղծվելիք ժամանակավոր հիմնադրամների վրա»:

Քաղաքական նպատակ հետապնդող այս հայտարարությունը երկու մեկնաբանությունների առիթ է տալիս: Նախ, Անատոլիայի բազմաթիվ համայնքային եւ կրոնական հաստատություններ կախված էին Երուսաղեմից և նրա սեփականությունն էին հանդիսանում: Ասենք նաեւ, որ վերջինս մինչ օրս պահպանել է այդ կալվածքների սեփականության վկայականները: Կարսում և Արդահանում գտնվող այլ կալվածքներ, ավելի փոքր թվով, պատկանել են Էջմիածնին՝ այս վերջինը նույնպես պահպանել է սեփականության վկայականները: Ի վերջո, Կիլիկիայում գոյություն ունի Սիսի (ներկայումս  Քոզան) կաթողիկոսարանը, որի վերադարձման պահանջ է ներկայացրել Անթիլիասը: Օգտակար կլիներ նաեւ հասկանալ, թե ինչպես է հնարավոր այս առաջարկն իրականացնել ի հեճուկս դրանց իսկական տերերի իրավունքների կամ առանց նախնական խորհրդակցության բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երկրորդ՝ մոտ անցյալն իսկ այդ մասին է վկայում, որ Պոլսո Հայ Առաքելական պատրիարքարանը միշտ էլ եղել է հայ համայնքի շահերի պաշտպանության թույլ օղակը. հատկապես այստեղ է, որ ամենաուժեղ կերպով է դրսեւորվում թուրքական կառավարության միջամտությունն ու վերահսկողությունը հայ համայնքի վրա, թեեւ Հրանտ Դինքին հաջորդող նոր սերունդը այդ սխեմայից մի փոքր դուրս է եկել: Հիշեցնենք նաեւ, որ Հայ առաքելական պատրիարքարանը մինչ օրս չունի իրավաբանական անձի կարգավիճակ, իսկ մինչեւ լիազորությունների ընդլայնման մասին խոսելը, հարկավոր է ձեռք բերել այդ կարգավիճակը:

Սա յուրօրինակ առաջարկ է, որոշ առումներով նույնիսկ պրագմատիկ, բայց այլ առումներով՝ բավականին վտանգավոր: Թուրքական կառավարությունը կարող է ողջունել հայկական ազգային կալվածքների վերադարձը կրոնական (պատրիարքարան) կամ համայնքային (կրոնական հիմնադրամներ) հաստատություններին, որի շնորհիվ այդ ամենը կանցնի իր անմիջական հսկողության տակ (Կրոնական գործերի վարչության՝ որը հայտնի է Դիյանեթ անվամբ):

Այնուհետեւ Կոլեկտիվը ներկայացնում է վերադարձման և հատուցման իր հայտարարած մեխանիզմի մանրամասները: Հարկ է նշել, որ Կոլեկտիվը տարածքային ոչ մի պահանջ չի ներկայացնում, սակայն պահանջում է հայ համայնքի քաղաքական իրավունքների, ինչպես նաեւ նրա պատմական ու նյութական ժառանգության վերականգնումը: Նրանք արձանագրում են նաեւ, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ բնաջնջվել է իր հայրենի հողում՝ ոտնահարվել և մերժվել են հատկապես 1863թ Սահմանադրությունից բխող նրա իրավունքները:  Բռնազավթելով այս ազգի հայրենիքը, Օսմանյան կայսրությունը քաղաքական հանցագործություն է կատարել:

Այս վերջին պնդումը եւս երկու մեկնաբանությունների առիթ է տալիս. նախ Կոլեկտիվն առանձնանում է մյուս կազմակերպություններից և Հայաստան պետությունից, որոնց համար  ցեղասպանության ճանաչումը նախապայման է մնում: Կոլեկտիվի Հայտարարությունում նման նախապայման չկա: Երկրորդ՝ թեեւ ինքնատիպ է և իրավական դաշտում հետագա ուսումնասիրության կարիք ունի, հատկապես 1863թ  Սահմանադրության հետ կապված հայ ազգի  իրավունքների հարցում, քաղաքական հանցագործություն հասկացությունը ինքնին մտահոգության տեղիք է տալիս, քանի նման բան  գրանցված չէ ոչ մի միջազգային իրավական գործիքակազմում:

Արամ Ա կաթողիկոսի քաղաքական գրոհը. Օրինակելի նախաձեռնություն, բայց  անհասկանալի ընթացակարգ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շատ ակտիվ գործունեություն է ծավալում հայկական եկեղեցական ժառանգությունը վերադարձնելու հարցում, լինի դա քաղաքական դաշտում, թե գործնական: Արամ Ա վեհափառ հայրապետը 2012թ Լիբանանում տարբեր մասնագիտություններով փորձագետների մի գիտաժողով հրավիրեց, հիմնականում պատմաբաններից ու իրավաբաններից բաղկացած, քննարկելու եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու պահանջի բազմազան տարբերակները, առանց անտեսելու ցեղասպանության հատուցումներին առնչվող բոլոր տեսակի իրավական հարցերը:

Առանց սպասելու Հայաստանի իշխանությունների նախաձեռնությանը, Արամ Ա կաթողիկոսը լրատվամիջոցների բուռն արձագանքմամբ զուգորդված իրավական եւ քաղաքական մի գործընթաց նախաձեռնեց՝ Սիսի կաթողիկոսական նստավայրն ու կալվածքը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Ադանայի Քոզան գավառում:

Շրջապատված պատմաբանների և իրավաբանների հանձնախմբով՝ նա որոշեց դատական հայց ներկայացնել ուղղակի Թուրքիայի Սահմանադրական դատարան: Նա այս քայլը 2012-ին Անթիլիասի մայրավանքում գումարված միջազգային գիտաժողովի շարունակությունն է համարում և հավաստում, որ փորձագետների հատուկ հանձնախումբը նկատի է առել այն բոլոր խոչընդոտները, որոնց կարող է բախվել դատական հայցը ընթացակարգի ընթացքում: Նա հայտնում է նաեւ, որ իր նպատակն է ամենաարագ կերպով հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը իրավական նախադեպ կդառնա մյուս եկեղեցիների և վանքերի սեփականության իրաւունքի վերադարձի համար:

Եկեղեցին ու վանքը վերադարձնելու պահանջով ներկայացված հայտը երկու իրավական հիմքերի վրա է հենված: Առաջինը հիմնված է «լքյալ գույքի» մասին օսմանյան օրենքի և այն հավաստիացման վրա, որ հայերի ունեցվածքը պահպանվելու է պետության կողմից և պատերազմի ավարտից հետո վերադարձվելու է իրական տերերին։Բերված երկրորդ հիմքն այն փաստարկն է, որ  Լոզանի պայմանագրի պաշտամունքի իրավունքին առնչվող որոշ դրույթներ, հատկապես 38-րդ հոդվածի, որոնք կարելի է այդ ունեցվածքի հետ կապել:

Համահայկական քաղաքականության տեսակետից թեեւ ողջունելի այս նախաձեռնությունը (քանի որ այն դինամիկա է հաղորդում և օրինակ է ծառայում), ընթացակարգային առումով կասկածի տեղիք է տալիս, քանի որ ընտրված ընթացակարգը հակասում է բուն նպատակին, այն է՝ հասնել  Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե քաղաքական հրաշք տեղի չունենա, Թուրքիայի Սահմանադրական դատարանը ոչ մի պատճառ չունի ընդունելու այդ հայցը, մինչեւ, որ նման հայտեր չներկայացվեն թուրքական ստորին ատյաններին: Մերժման դեպքում հայցվորն ստիպված կլինի գործընթացն սկսել զրոյից՝ առաջին ատյանի դատարանից: Եթե հայցվորը մտադիր է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ապա այդ դեպքում եւս կմերժվի նույն պատճառաբանությամբ. միայն Թորքիայի բոլոր ներքին դատական ատյանների սպառումով հնարավոր է մտնել Ստրազբուրգի դատարան: Միայն ծայրահեղ պարագաներում այդ կանոնը կարող է չկիրառվել: Այս բացառիկ ընթացակարգը արդարացնելու համար Կաթողիկոսության առաջ քաշած պատճառները բավականին փխրուն են թվում, քանի որ թուրքական դատարանները հենց այս անհատական հատուցումների շրջանակում ճեղք բացեցին Թուրքիայի պետական կադաստրի տեսչության շուրջ ստեղծված պատնեշում՝ թուլացնելով արխիվային տվյալների տրամադրման արգելքը:

Իրավական եւ քաղաքական ռազմավարության առումով հատկանշական է, որ այստեղ եւս ոչ մի  հղում չի արվում ցեղասպանության՝ արդարացնելու համար եկեղեցապատկան գույքի վերադարձը: Պահանջը քաղաքականացված չէ: Նույն ուղին են ընտրել նաեւ թուրքական դատարաններին հայց ներկայացրած անձանց փաստաբանները:

Անհատական հատուցման պահանջներ.  ԱՄՆ-ում՝ փակվող դռներ, իսկ Թուրքիայում՝ բացվող ճեղքեր

Անհատական կամ համատեղ հատուցումների պահանջով առաջին իրավական հայցերը ԱՄՆ-ի դատարաններին են ներկայացվել: Բոլորը կհիշեն «Նյու Յորք Լայֆ Ինշուրանս» և «Աքսա Ինշուրանս» ընկերությունների դեմ հարուցված գործերը, որոնց արդյունքում հայցվորների և ապահովագրական ընկերությունների միջեւ փոխհատուցումների շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Այս գործերը ուղղակիորեն Թուրքիայի պատասխանատվության հարց չէին բարձրացնում:

Այլ դատավարություններում, հատկապես Հարի Արզումանյանն ընդդեմ Münchener Ruckversicherungs AG գերմանական ապահովագրական ընկերության, որը վիճարկում էր Կալիֆորնիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչումը, ամերիկյան դաշնային արդարդատության կողմից գործի քննության ընթացակարգը խափանվեց: Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որը հաստատվեց ԱՄՆ Գերագույն դատարանի 2013թ մայիսի կայացրած վճռով, պնդում էր, որ Կալիֆորնիայի դատարանների հօգուտ հայցվորների կայացրած վճռում Հայոց ցեղասպանության վկայակոչումը ոտնձգություն է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ և կարող է վնասել Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի հետ ունեցած դիվանագիտական հարաբերություններին: Հետեւաբար դաշնային կառավարությունը գիտակցված որոշում է կայացրել չօգտագործել «ցեղասպանություն» տերմինը:

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը նույնիսկ կարճ մի եզրակացություն հրապարակեց առանձին նահանգների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքների և բանաձեւերի մասին: Ըստ այդմ, այդ տեքստերը պարզապես դեկլարատիվ կամ հիշատակային բնույթ են կրում և որ Կալիֆորնիայի դատարանները գերազանցել են իրենց լիազորությունները:

Գերագույն դատարանի այս եզրակացության լույսի ներքո ավելի լավ ենք հասկանում, որ հիմնական խնդիրը ցեղասպանություն բառի օգտագործումն է և նրա պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Միացյալ Նահանգների կառավարության դոկտրինայի կամ բառապաշարի փոփոխությունը կարող է ուրեմն ուղի բացել համատեղ նախաձեռնությունների և հատուցման լուրջ պահանջների համար:

Ամենավերջին անհատական նախաձեռնություններն արվել են Թուրքիայում: Շատ հետաքրքիր գործեր են քննարկվում ներքին դատարաններում: Դրանք գույքի օտարման կամ բռնագրավման հետ կապված գործեր են: Հայցվորները սեփականության վկայականներ ունեն (ինչը առկա չէ Հայոց ցեղասպանության զոհերի կամ վերապրածների ժառանգների ճնշող մեծամասնության մոտ): Զվարթ Սուջյանին (ով ԱՄՆ-ի քաղաքացի է և Դիարբեքիրի շրջանում հողատարածքի սեփականության վկայականներ ունի) ներկայացնում ու պաշտպանում են ստամբուլցի փաստաբաններ: Ներկայացված հայցերը հիմնականում վերաբերում են բռնագրավված գույքերի վերադարձին կամ փոխհատուցմանը: Ներկայացված իրավական փաստարկներն են՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը, կադաստրային արխիվների մատչելիության իրավունքի հարգումը, և  [թուրքական] պետության պարտավորությունը՝ վերահսկելու օտարման ենթակա այն կալվածքների ու գույքերի իսկական սեփականատերերի ինքնությունը, որոնք այդ պահի դրությամբ պետական սեփականություն են հանդիսանում:

1967թ Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո: Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբանը  հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ պետությունը [կադաստրային վարչությունը] հարկ եղած քայլերը չէր ձեռնարկել հողատարածքի իսկական տերերին հայտնաբերելու առումով: Ընթացակարգային խոչընդոտի վերացմամբ գործն ուղարկվեց առաջին ատյանի դատարան՝ ավելի խորը ուսումնասիրության:

Այս դեպքում եւս փաստաբաններն ընդգծում են, որ գործում քաղաքականացում չկա: Այստեղ չկա որեւէ փաստարկ, որն անմիջականորեն առնչվի ցեղասպանության իրողության և թուրքական պետության պատասխանատվության հետ: Ինչպես Սիսի կաթողիկոսարանի գործում, եթե թուրքական դատարանները չբավարարեն հայցը, նրանք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տարբերությունն այն է, որ գործի դրվող ընթացակարգը համապատասխանում է ներքին դատական ատյանների սպառումը պահանջող ընթացակարգին:

Եզրակացություններ

Տարբեր փաստարկներից բաղկացած այս ակնարկը հավանաբար սպառիչ չէ, քանի որ դեռեւս բազմաթիվ հայտնի կամ անհայտ անհատական և հավաքական նախաձեռնություններ են պատրաստվում: Բայց այս մի քանի օրինակներով կարելի է արդեն հասկանալ, թե ինչքան է դժվար լինելու միասնական համահայկական ռազմավարության մշակումը:

Մենք կարող ենք միայն խրախուսել անհատական, հավաքական կամ ինստիտուցիոնալ նախաձեռնությունները, որոնք  թուրքական դատարաններում կպահանջեն մասնավոր գույքերի ու կալվածքների վերադարձը կամ փոխհատուցումը: Մենք նույնիսկ շահագրգռված ենք այդ դատարանները «խեղդել» նման հայտերով: Իսկ ազգապատկան գույքի վերադարձը բոլորովին այլ բան է և չի կարող միայն մեկ կազմակերպության խնդիրը լինել:.

Ամեն դեպքում պետք է լավ հաշվարկել իրավական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ օսմանյան հայերի դեմ կատարված զանգվածային հանցագործության բարոյական եւ ֆինանսական փոխհատուցման պահանջների ներկայացման գործում: Դիտարկված տարաբնույթ ռազմավարությունները, որտեղ անհատական շահի եւ հավաքական շահի միջեւ սահմանը դժվար է որոշել, առավելագույն զգոնություն են հորդորում: Այդ նպատակով խիստ անհրաժեշտ է ստեղծել փորձագետների մասնագիտացված մի կենտրոն, որը կարող է խորհուրդ տալ բոլոր պոտենցիալ հայտատուներին իրավական սխալներ չգործել՝ առաջ քաշելով Հայոց ցեղասպանությունը և թուրքական պետության պատասխանատվությունը:

Այս համատեքստում Հայաստանի հանրապետության դիրքորոշումը էական նշանակություն ունի.  եթե նա չի ցանկանում ուղղակիորեն ներքաշվել այս պայքարի մեջ, պետք է այնուամենայնիվ սկզբունքորեն աջակցի դրան: Առայժմ, կանգնած լինելով քաղաքական, տնտեսական և սոցիալական ներքին խնդիրների առջեւ, հայկական պետությունը մտադրված չէ ներգրավվել այս գործընթացի մեջ և չի համագործակցում Սփյուռքի հետ: Նրա միակ խոսակիցը ՀՅԴ-ն է, մինչդեռ երկրի բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնկցեն այս քննարմանը, որը շատ ավելի  համազգային է, քան համահայկական: Փոխհատուցումները շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ երկրի ապագայի վրա՝ տնտեսական եւ քաղաքական կենսունակության առումով:

Ինչ վերաբերում է Սփյուռքի կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր համայնքների թագադրված կամ կոոպտացված ներկայացուցիչներն ու առաջնորդներն են (թեեւ սփյուռքահայերի մեծամասնությունը նրանց մերժում է կամ լռում է), ապա նրանք պետք է սկսեն կրկնակի  հեղափոխություն. մի կողմից՝ ժողովրդավարացնել ներկայացուցչական կառույցները և դադարեցնել ստելը, մյուս կողմից՝ մտածել պահանջատիրության դոգմատիկ կողմերի մասին: Անհատական հատուցման պահանջները շարունակվելու են, և դա լավ բան է, եթե չմոռանանք վերոհիշյալ զգուշացումը: Բայց հավաքականորեն ո՞րն է Սփյուռքի նպատակը. շարունակե՞լ ցեղասպանություն բառի և նրան բնորոշ սիմվոլիկայի շուրջ խրամատային այս կռիվը, թե՞ ստանալ արդարություն և փոխհատուցում գործված ոճիրների համար, դրանում ներգրավելով Հայաստանի Հանրապետությունը, և վերջապես շրջել պատմության այս մութ էջը: Բոլորի կողմից անտեսված ժամանակի պարամետրը լրջորեն վտանգի է ենթարկում հատուցումների հարցը, և եթե դա հաշվի չառնվի մեր ռազմավարության մեջ, ապա այն կհայտնվի դատավարությունների ընթացքում: