Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

2015թ. Թիրախը Հայոց ցեղասպանության հատուցումն է

 
 
  Հայացք Հայկական Սփյուռքից

2015թ. Թիրախը Հայոց ցեղասպանության հատուցումն է

Րաֆֆի Քալֆայան

 

 
Րաֆֆի Քալֆայան

Իրավաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար

 2015-ը Հայ դատի համար հնարավորությունների տարի է, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար բազում վտանգներով լի տարի: Հստակ է, որ Հայ Դատի ճակատում իրականացվող նախաձեռնությունները պահանջում են հայկական անդրազգային կոնսենսուս։ Առայժմ, Սփյուռքի չափից դուրս մեծ ակնկալիքները չեն արդարացել ինչպես Հայաստան պետության, այնպես էլ Սփյուռքի գլխավոր քաղաքական կառույցների ու 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախաձեռնած միջոցառումների առումով՝ դրանց կանխատեսելիության ու տեսանելիության բացակայության պատճառով։ Սա բնավ անսպասելի չէ ավելի քան երկու տարի է Սփյուռքում բարձրաձայնում են  լիդերշիփի բացակայության, պասիվության ու բարի կամքի չեզոքացման մասին։

Վակուում չհանդուրժող ակտիվիստները, բարի մտադրությամբ բազմազան նախաձեռնությունները սնկի պես աճում են ոչ պատահական դրամաշնորհների միջոցով, որոնց ետեւում կանգնած կազմակերպությունները զուրկ չեն քաղաքական նպատակներից։ Այդ միջոցառումների առանցքում են այսպես կոչված թուրք եւ հայ քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունն ու հաշտեցումը. կարծես երկխոսելու համար անպայման նման ծրագրերի անհրաժեշտություն լիներ։ Կան ավելի համարձակ, բայց նաեւ մանիպուլացիաների թիրախ հանդիսացող նախաձեռնություններ, ինչպիսիք են իբր Արեւմտյան Հայաստանը ներկայացնող խմբերը, որոնք փորձում են ուղղակի բանակցությունների մեջ մտնել թուրքական իշխանությունների հետ: Եւ վերջապես, Սփյուռքում ու Հայաստանում գնալով բազմանում են կազմակերպությունների և անհատների հայտարարությունները։ Դրանց մեծ մասը, սակայն, քաղաքականապես անիրատեսական և իրավական առումով հիմնազուրկ են թվում։

Առանց մանրամասների մեջ մտնելու, ցանկանում եմ մատնանշել մի քանի իրավական փաստեր։ Հայ ազգաբնակչության դեմ իրագործված ոճիրներն այլեւս չեն կարող քրեական հայց հարուցելու առարկա դառնալ։ Ջարդերի բոլոր կազմակերպիչները, հեղինակները կամ մեղսակիցները մահացած են, տուժողները և վկաները նույնպես։ Բացի այդ, 1919թ. օսմանյան դատավարությունը  («իթթիհադականների դատավարությունը») արդեն դատել ու դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ զանգվածային հանցագործությունների գլխավոր պատասխանատուներին։ Երկրորդ՝ Արդարադատության միջազգային դատարանը  միջպետական դատարան է, որին հայց կարող են ներկայացնել միայն կողմ հանդիսացող պետությունները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը։ Այստեղ կրկնակի հարց է ծագում: Արդյո՞ք 1915-1916թթ Հայոց ցեղասպանությունը թուրքական պետության եւ հայկական պետության միջեւ առկա մի վեճ է։ Հիշեցնենք, որ վերջինս գոյություն չուներ այն ժամանակ։ Ենթադրենք, որ նա [Հայաստանը] ճանաչվում է որպես իրավունքի սուբյեկտ, ստանում է իրավական գործողություններ ձեռնարկելու իրավունք, սակայն այդ դեպքում նա իրավական ի՞նչ միջոցներ է առաջ քաշելու։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ընթացակարգ պահանջում է, որ հակառակորդ պետությունն ընդունի դատական հայցի սկզբունքն ու պայմանները, բացառությամբ այն պարագաների, երբ այն պարտադրվում է Միավորված ազգերի կազմակերպության կամ Անվտանգության խորհրդի կողմից: Համենայնդեպս, այս գործընթացը ենթադրում է, որ 1915-1916թթ կատարված ջարդերի եւ տեղահանությունների մեջ օսմանա-թուրքական պետության միջազգային պատասխանատվությունը ճանաչվի։ Դա  կվիճարկվի Թուրքիայի կողմից, բայց դրա համար գոյություն ունեն բավարար ապացույցներ։

Դրան զուգահեռ, փաստ է, որ օտարերկրյա կառավարությունների եւ խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին տասը տարիներին տեղում դոփում են։ Դրանում քիչ դեր չեն խաղում Թուրքիայի ավելի մեղմ հռետորաբանությունն ու 2009թ. հոկտեմբերի հայ-թուրքական արձանագրությունները։ 2015-ի նախօրեին նախաձեռնությունների զգալի աճ է նկատվում, որոնք, սակայն, ոչ մեծ ռազմավարական նշանակության հարթակներում են իրականացվում, իսկ այդ երեւույթը խոստանում է լինել անցողիկ ու խաբուսիկ երկու հիմնական պատճառներով։

Առաջինն այն է, որ Թուրքիան չի ցանկանում ընդունել եւ ֆինանսական ու դիվանագիտական բոլոր միջոցներով պայքարում է ընդդեմ հանցագործությունների ցանկացած իրավական ճանաչման, որը կպարունակի ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություն որակումը։ Նա նախընտրում է վկայակոչել Առաջին համաշխարհային պատերազմի ծանր տարիներին հայ ժողովրդի կրած տառապանքները ու բնակչության տեղահանումների անմարդկային բնույթը: Դե ֆակտո ընդունելով «պատերազմական հանցագործություններ» որակումը և մեղավորությունը (հանցագործություններ, որոնք 1915-ին արդեն իրավական իրականություն էին, նույնիսկ եթե որպես այդպիսին չէին ձեւակերպված), նա հնարավորություն կստանա հակընդդեմ հայց ներկայացնել արեւելյան Անատոլիայում մահմեդական թուրք բնակչության կրած վնասների հատուցման համար․ վնասներ, որոնք առաջացել են հայկական զինված խմբերի կամ ռուսական բանակի հայկական գնդերի գործողություններից։ Սրանք փաստացի իրադարձություններ են, որոնք ակնհայտորեն չեն վերաբերում 1915-1916 ժամանակահատվածին, բայց եթե դիտարկենք 1914-1918թ.-ի պատերազմի ավելի լայն շրջանակում, ապա դրանք բավարար հիմքեր են տալիս հայցի ընդունման համար։

Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան՝ ավելի քան երբեւէ, շարունակում է մնալ միջազգային դիվանագիտության առանցքային հենարանը, մասնավորապես Մերձավոր եւ Միջին Արեւելքում։ Որպես այդպիսին, մի կողմից Միացյալ Նահանգները, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան (տե՛ս Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարության 2014թ դեկտեմբերի 9-ին տարածած նոտան), իսկ մյուս կողմից Ռուսաստանը, միմյանց հետ մրցակցելով՝ տարածաշրջանում իրենց դիվանագիտական ներկայությունը հաստատելու նպատակով, կամա թե ակամա Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ են պահպանում։ Քիչ հույսեր կան, որ  այդ երկրները փոխեն իրենց վարքագիծը և ինքնուրույն գործողություններ կատարեն կամ աջակցեն Հայաստանի գործողություններին՝ ի նպաստ ցեղասպանության  քաղաքական ճանաչման:

Փաստացի այս անպատժելիությունը Թուրքիային հնարավորություն է տալիս ամրապնդելու Ցեղասպանությունը ժխտելու և պատմությունը կեղծելու քաղաքականությունը։ Այդ գործունեության մեջ Ադրբեջանի ներգրավումով է՛լ ավելի հզորացան Թուրքիայի վնասարար կարողությունները, չնայած որ հայերի նկատմամբ ադրբեջանական քաղաքականության ատելի, ռասիստական և ծայրահեղական բնույթը Թուրքիայի համար ավելի շուտ խանգարիչ հանագամանք է դառնում։

Սփյուռքի քաղաքական ուժերը քիչ թե շատ ընդունում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դանդաղել է։ Պետական ռեսուրսների և ֆինանսական միջոցների անհավասարությունը ցայտուն է։ Այդ ճանաչումը, այնուամենայնիվ, միջազգային հասարակական կարծիքի և գիտական շրջանակների մոտ արդեն ձեռք բերված էր, և 2015-ը  կլինի դրա կիզակետը։ Խնդիրն արդեն առկա է 2015-ին հաջորդող ժամանակաշրջանի համար։ Որոշ առումով 2015 թվականը եւս բավականին խնդրահարույց է լինելու, քանի որ Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է հակազդելու համար 1915-1916թթ. ջարդերի ու տեղահանումների ոգեկոչման լրատվական եւ քաղաքական արձագանքին։ Նա արդեն տեւական ժամանակ է՝ սկսել է նախաձեռնություններով հանդես գալ։

Երկխոսություն և հաշտեցում Թուրքիայի հաղթական մարտավարությունը

Այս ռազմավարությունը մեկնարկեց 2004թ, երբ Թուրքիան  ձեռնարկեց Եւրոպական Միությունը հրապուրելու գործունեությունը: Նա լավ հասկացավ դրա ռազմավարական օգուտը, իսկ Միացյալ Նահանգներն ու Եւրոպական հանձնաժողովը, որոնք ուղղակիորեն շահագրգռված են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ քաղաքացիական հասարակությունների մերձեցման մեջ, սկսեցին ֆինանսավորել։ Արեւմուտքի այս ռազմավարությունը նպատակ ունի լուսանցքից դուրս թողնել Սփյուռքի ենթադրյալ ծայրահեղականներին, նախապատվությունը տալով ուղիղ երկխոսությանը թուլացած Հայաստանին: Ֆինանսական աջակցության կարիք ունեցող «հասարակական կազմակերպությունների  ինդուստրիայի» համար սա ուղղակի երկնքից իջած մանանա է (միայն 2015թ մոտ 2 միլիոն եւրո է հատկացվել հայկական և թուրքական ՀԿ-ներին): Դրա քաղաքական դիվիդենդները Թուրքիան է քաղում :

Այս գործընթացն իրականում հայկական կողմին շեղում է քաղաքական խնդիրներից, որոնք կազմում են վեճի բուն առարկան: Բացի այդ, այս նախաձեռնությունները ներգործում են Թուրքիայի բնակչության մի չնչին հատվածի վրա, ինչը երկարաժամկետ առումով՝ հաշվի առնելով  թուրք բնակչության ժողովրդագրական եւ տնտեսական կենսունակությունը, որն ավելի շատ դեպի  ապագա է շրջված, քան դեպի անցյալը, թուլացնում է մի շարք հայերի կատարած խաղադրույքի ենթադրական հետեւանքները։

Երկխոսության և միջմշակութային ու միջհամայնքային փոխանակման ծրագրերը ֆինանսավորվում են Եւրոպական միության ու ԱՄՆ պետական կամ մասնավոր աջակցությամբ, ինչպես նաեւ, հատկապես վերջերս, հայկական և թուրքական մասնավոր հիմնադրամների կողմից։ Այս ծրագրերը չէին լինի առանց այդ օգնության։ Վերջերս ոմանք, նույնիսկ Հայ դատի անկեղծ նվիրյալներ, գոհունակություն են հայտնում այս ամենի կապակցությամբ, առանց  այդ նախաձեռնությունների ազդեցության որեւէ լուրջ ապացույցի (outreach)։ Այս առումով հարկավոր է աչքաթող չանել թուրքական մերձպետական տարրերի ժխտողական քարոզչության նոր բռունկումն ու իրավաքաղաքական ակտիվիզմը։ Հիշեցնենք, որ այդ իրավաքաղաքական ակտիվիզմը Ֆրանսիայում դրսեւորվեց Հայ դատի նվիրյալների կամ Հայ դատին աջակցող պատգամավորների դեմ հարուցված դատական հայցերով։ Միացյալ Նահանգներում, որտեղ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզի պաշտպանները («watchdogs») ինստիտուցիոնալ կերպով կազմակերպված են, այդ ակտիվիզմը սիստեմատիկորեն՝ քաղաքական և իրավական առումով  իր տեղն է գտնում ամերիկյան հանրային կյանքում, եւ պարադոքսալ կերպով պարալիզում, կաթվածահար է անում համալսարանները։ Գրոհը ցեղասպանության շուրջ բանավեճի սահմաններից դուրս է գալիս. թուրքական պետության կողմից վարձատրված գրչակները հայերի հակասեմիտ լինելու մասին լուրեր են տարածում ամերիկյան և իսրայելական մամուլում։

Ծրագրային այս պլատֆորմների մեկ այլ անուղղակի հետեւանքն այն է, որ դրանց շնորհիվ Թուրքիան՝ մի կողմից հնարավորություն ստացավ հավաքել օգտակար տեղեկություններ եւ գաղափարներ իր ռազմավարական վերլուծությունները խորացնելու համար, մյուս կողմից՝ կարողացավ բացահայտել որոշ սփյուռքահայերի, որոնց հետ անմիջական կապի մեջ մտավ, այս անգամ ավելի պաշտոնական բնույթ տալով համագործակցությանը (տե՛ս Հարութ Սասունյանի խմբագրականը, 2012թ ապրիլի 10): Միացյալ Նահանգներում ծայր առած այս երեւույթն ավելի ուշ տեղափոխվեց Եվրոպա՝ ավելի մեծ թափով։

Ի վերջո, Թուրքական դիվանագիտությունը հանդես է գալիս մեղմ հռետորաբանությամբ և նախաձեռնություններով․ Օսմանյան կայսրությունում միասին ապրած «երանելի» տարիների հիշողության հիշատակումը, «ընդհանուր ցավ» արտահայտությունը, ընդհուպ մինչեւ հայ բնակչության տեղահանումների անմարդկային բնույթի ճանաչումը: Այս սցենարը նոր չէ (այն արդեն ութ տարի է գոյություն ունի), սակայն նրա աստիճանական բեմադրությունը քողարկված, իրական սպառնալիք է՝ հրապարակային եւ պաշտոնական ճանաչման մեղմ տարբերակը, ինչպես արդեն տեւական ժամանակ մեր աչքի առաջ տեղի է ունենում հետեւյալ կերպ․ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած տառապանքների համար ներողության խնդրանքով, ինչպես նաեւ հայկական կրոնական կառույցներին պատկանող գույքի ու կալվածների վերադարձով։ 2011թ. կառավարության հրամանագրով արդեն իսկ լուծված է հայկական համայնքի կրոնական և մշակութային հիմնադրամների հարցը (վաքըֆներ՝ կայսերական հրովարտակով ստեղծված հիմնարկներ), որով նախատեսվում է վերադարձնել  1974 թվականից հետո առգրավված գույքերը, որոնք նրանց սեփականությանն էին անցել 1936- 2007թթ։

Թուրքիան կարող է հեշտությամբ համոզել օտարերկրյա կառավարություններին, որ ներողությունը եւ գույքերի վերադարձը պատվաբեր փոխզիջում է և բավարար է արդարություն հաստատելու համար, ինչը շատ ծանր վիճակում հայտնված հայությանը կմղի ամեն կերպ ավելին ձեռք բերելու։ Նման ելքից խուսափելու և ապագան կանխորոշելու հարցում Թուրքիային մենակ չթողնելու համար հայությունը պետք է նախաձեռնի հարձակողական ռազմավարություն, որը պիտի կարողանա կանխատեսել և մոբիլիզացնել, ինչպես նաեւ ստեզծել համահայկական կոնսենսուս։ 2015-ը քաղաքական հնարավորությունների հիանալի պատուհան է հենց այս ուղղությունը բռնելու և հրաժարվելու ռեակտիվ ու պաշտպանական քաղաքականությունից: Բայց պատուհանը նեղ է և այն պետք չէ ձեռքից բաց թողնել։ Քաղաքական և դիվանագիտական պայքարը նոր հարթակ տեղափոխելու լավ առիթ է դա։ Լավ հնարավորություն է հիշեցնելու գերտերություններին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ռուսաստանին, բայց առաջին հերթին Գերմանիային, իսկ Սփյուռքը կդառնա այդ նոր քաղաքականության գլխավոր դերակատարը։ Հայաստան պետությունը դիվանագիտական առումով կաշկանդված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության (Թուրքիան պայմանավորում է Հայաստանի հետ իր սահմանի բացումը կամ արձանագրությունների վավերացումը որոշ տարածքներից դուրս գալով) և Ռուսաստանից իր լիակատար կախվածության պատճառով։ Հայաստանի գերիշխող գործընկերը վերջերս Թուրքիայի հետ ստորագրեց տարածաշրջանի մակարդակով քաղաքական ու տնտեսական ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

Սփյուռքը, որը կամ քնած է, կամ հոգնած՝ փակուղում հայտնված Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունից, արդարության իր շարունակական որոնումներում սպասելով մի մեծ իրադարձության, որը կարող է բացել քաղաքական ակտիվիզմի նոր հեռանկարներ։ Դա լավ առիթ կլինի նաեւ մոբիլիզացնել յուրաքանչյուր ընտանիքին, համախմբել Հայաստանի և Սփյուռքի քաղաքական եւ դիվանագիտական ուժերը՝ սերտ համագործակցությամբ խելացի աշխատանք տանելու նպատակով:

Այս ակնկալիքներին ու չափանիշներին համապատասխանող քաղաքական և իրավական ճիշտ տարբերակը փոխհատուցման պահանջի գործընթաց նախաձեռնելն է։ Այն մեզ թույլ կտա դուրս գալ ներկայիս կրկնակի փակուղուց, որն է Թուրքիայի կողմից ցեղասպանության պաշտոնական քաղաքական ճանաչման խաբուսիկ բնույթը՝ մի կողմից, եւ զուտ իրավական առումով 1915 թվականի ջարդերն ու վայրագությունները ցեղասպանություն որակելու դժվարությունը՝ մյուս կողմից։

Փոխհատուցումը Հայ դատի «նոր սահմանն» է 1

Ռազմավարությունը պետք է կայանա մի քանի ճակատներում իրավաքաղաքական պահանջագրեր ներկայացնելու միջոցով, որոնք միտված կլինեն փոխհատուցում ստանալուն։  Խելամիտ չի լինի հրապարակավ քննարկել և հակառակորդի աչքի առաջ դնել դրանց հիմքում ընկած նպատակները, միջոցներն ու իրավական փաստարկները։ Արժե, սակայն, այստեղ անդրադառնալ այս հարցին վերաբերող մի քանի սխալ պատկերացումների։

Առաջինն այն կարծիքն է, որ ֆինանսական եւ բարոյական փոխհատուցման պահանջներ ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է Թուրքիայի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչումը՝ որպես այդպիսին որակված հանցագործություն։ 1915-1916թթ. օսմանյան Թուրքիայի կողմից գործված հանցագործությունների և թալանի, բնաջնջման ու բռնագրավումների միջոցով հայ ժողովրդի գույքին ու հարստությանը հասցված վնասի հատուցման համար ամենեւին պարտադիր չէ ցեղասպանություն որակումը։ Այդպիսի բան չկա միջազգային հանրային իրավունքում։ Պետական հանցագործությունը տեղի է ունեցել և կարող է ապացուցվել, իսկ ինչ որակում էլ նրան տրվի, դա հատուցման իրավունք է տալիս իր զոհերին, կամ ավելի ճիշտ,  հարյուր տարի անց, նրանց իրավահաջորդներին։ Երկրորդ թյուր կարծիքն այն է, որ Թուրքիան ավելի շատ է վախենում հայերի տարածքային պահանջներից, քան փոխհատուցման պահանջներից։ Հայերը պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվեն։ Հայաստանը շատ փոքր պետություն է և արդեն խրված է ռազմական հակամարտության մեջ Ադրբեջանի հետ, իսկ ներսում բախվում է ժողովրդի մեջ աճող դժգոհությանը։ Ունի՞ նա արդյոք այսօր այն քաղաքական եւ ռազմական հզորությունը, որով կկարողանա նման պահանջներ ներկայացնել։ Այս հարցում Հայաստանը չի էլ կարող գտնել դաշնակիցներ։

Լուծումներ կան, և նույնիսկ իրավաքաղաքական գործողությունների մի ծրագիր է պատրաստ, իր բոլոր մանրամասներով: Թեմայի շուրջ ուսումնասիրություն են կատարել աշխատանքային խմբեր, որոնք միմյանց լրացնում են (Սփյուռքում՝ Armenian Genocide Reparations Study Group AGRSG և Armenian Genocide International Reparation AGIR, եւ Հայաստանում` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած հայ իրավաբանների խորհրդաժողովի ձեւավորած հանձնախումբ)։ Իր հերթին, Արամ Ա կաթողիկոսը 2012 թ. Բեյրութում այս նյութին նվիրված կարեւոր մի համաժողով էր կազմակերպել։

Ռազմավարությունը պետք է ամուր և հստակ իրավական հիմքերի վրա կառուցվի և չպետք է ապավինի երրորդ երկրների աջակցությանը։ Այն պետք է մշակվի այնպես, որ վտանգի չենթարկվեն ո՛չ Հայաստանի տարածքային պահանջատիրությունը (Պետությունը միջազգային իրավունքի միակ սուբյեկտն է, որ կարող է հանդես գալ այս հարցում), ո՛չ Թուրքիայի կամ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման շարունակական աշխատանքները։ Այդ որակումը, ինչպես նշեցինք վերեւում, հատուցում պահանջելու անհրաժեշտ պայման չէ։ Ավելին, փոխհատուցում հասկացությունը շատ ընդարձակ է և պարունակում է նյութական ու բարոյական ասպեկտներ: Բարոյական ասպեկտները ներառում են, ի թիվս այլոց, մեղավորության ընդունում, ներողության խնդրանք, փաստերի ժխտման կասեցում, պատշաճ կրթական քաղաքականություն։

Որպեսզի հասկանանք, թե հարցի ֆինանսական նշանակությունն ինչքան պարտավորեցնող է ու մտահոգիչ թուրքական պետության համար, բավարար է աչքի անցկանայել Հոլոքոստը վերապրած հրեաների կողմից ստեղծված կառույցի  (Claims Conference) Գերմանիայից ստացած փոխհատուցման գումարները, այն է՝ 60 մլրդ դոլար, ինչպես նաեւ Իսրայել պետության ու Գերմանիայի միջեւ ուղղակի եւ զուգահեռ բանակցությունների արդյունքում ձեռք բերված 3 մլրդ դոյչմարկը՝ 1952թ, ժառանգներ չունեցող զոհերի հաշվին։ Դրամական փոխհատուցման պահանջները շարունակում են առ այսօր (տե՛ս համաձայնագիր SNCF/Միացյալ Նահանգների կառավարություն)։ Գործընթացի մեկնարկից հետո, հնարավոր պահանջների դաշտը դուրս է երեւակայության սահմաններից։

Armenian Genocide Reparations Study Group AGRSG-ի կողմից հրապարակված ուսումնասիրությունը, որը նպատակ է հետապնդում սահմանել եւ չափել Հայոց ցեղասպանության փոխհատուցումն իր բոլոր հարթություններում, պատճառված վնասի նախնական գնահատում կատարեց, թարմացնելով Սեւրի պայմանագրի (1920 թ.) նախապատրաստական կոնֆերանսներում նշված գումարները։ Այն առաջ է քաշում 100 միլիարդ դոլարի մոտ փոխհատուցման մի գումար։ Հաշվարկման ավելի ժամանակակից մեթոդներով հնարավոր կլինի կատարելագործել այդ թվերը: Դրանք մշտապես ներկա են թուրք ղեկավարների մտքում, բայց նաեւ հայերին մոտ կանգնած թուրք «մտավորականների» մտքում, որոնք շատ արագ խույս են տալիս այդ հարցից, երբ այն ուղղվում է իրենց։ Ռազմավարությունը պետք է մատը դնի այնտեղ, որտեղ ցավում է։ Սա պահանջում է առաջ շարժվել մտածված և համակարգված քայլերով։ Իրավագիտության մեջ ոչինչ այնքան պարզ չէ, ո՛չ բառերի իմաստը, ո՛չ սկզբունքների միջեւ փոխազդեցությունը, հատկապես, երբ կողք կողքի են գալիս, այս դեպքում, տեղական իրավունքը, տարածաշրջանային իրավունքը և միջազգային իրավունքը։ Ընդ որում, գրավոր օրենքը ենթակա է արդարադատություն հաստատող մարդկանց մեկնաբանության՝ վճռի կայացման մեջ բոլոր անորոշություններով ու սխալներով։ Միջազգային արդարադատությունն առանձնապես կապված է միջազգային հարաբերությունների հետ: Միացյալ Նահանգներում Մովսիսյանի դատավարության հետ կապված բողոքարկումները ցույց տվեցին դաշնային արդարադատության սահմանները, երբ գործին դիվանագիտությունը խառնվեց։

Այդ դեպքում, հարց է առաջանում․ եթե ամեն ինչ պատրաստ է, ուրեմն ինչո՞ւ մինչեւ հիմա այդ մասին որեւէ քաղաքական գործողության կամ որոշման մասին չի հայտարարվել:

Երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անմխիթար վիճակն աննախադեպ է: Սահմանային գծի վրա հարեւան Ադրբեջանի հետ պատերազմը վերսկսվել է, իսկ Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի և Թուրքիայի հետ մտահոգվելու առիթ է տալիս։ Նվաստացուցիչ պայմաններում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Ռուսաստանի ճնշման ներքո, զուգակցվեց բլոկների միջեւ դիվանագիտական հավասարակշռության խախտումով, ինչն արդեն իսկ հանգեցրել է տնտեսական և ֆինանսական քաոսային իրավիճակի։ Արդյունքում, Ռուսաստանը Հայաստանին իր հետ դժոխք է տանում։  Տնտեսական ու սոցիալական դժգոհությունը ներսում մեծանում է՝ պայմանավորված գների աճով, իսկ արտագաղթի թեկնածուների թիվը շարունակում է աճել։ Այս ամենին գումարած, նկատվում է քաղաքական իրավունքների եւ ազատությունների սահմանափակում։ Ռուսաստանյան մոդելի նմանությամբ, վերսկսվել են ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հարձակումներն ու ցուցարարների ձերբակալությունները, Հայաստանը ազատությունները սահմանափակող օրենքներ է մշակում, որոնք միտված են վերահսկել ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները և լրագրողների տեղեկատվության աղբյուրները:

Հենց այս համատեքստում է, որ իրավաքաղաքական գործողությունների դաշտում պետք է հասնենք համազգային համաձայնության։ Հաջորդ առիթը լինելու է 2015-ի հունվարի 29-ին՝ հարյուրամյակի համակարգող հանձնաժողովի լիագումար նիստին։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի Երեւանում ապրիլ 24-յան ոգեկոչումներին մասնակցության մասին խոսակցություններն է՛լ ավելի են ամրապնդում փոխհատուցման պահանջների արշավ ձեռնարկելու մասին պաշտոնական հայտարարության արդիականությունն ու հրատապությունը։

Այս հոդվածը լույս է տեսել Նուվել դը Արմենի (Nouvelles d'Arménie) ամսագրում 2014թ. դեկտեմբերի 19-ին :

 

Հայոց Ցեղասպանություն, Ճանաչում և Փոխհատուցում

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook